ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փոքրիկ մարդու էժան վրեժը Արցախի շրջանները հստակ ժամանակացույցով հանձնվում են թուրքին: Վաղվա գրաֆիկի մեջ Քարվաճառն է: Այսօր ապամոնտաժվեց Քարվաճառի մուտքի՝ «Բարի գալուստ Արցախ» ցուցանակը: Վաղը Քարվաճառից Ադրբեջանը կողջունի Հայաստանի իշխանությանը։ Ռազմագերիների ծնողները խելագարվում են՝ ազերի տականքի տարածած տեսանյութերում տեսնելով իրենց զինվորին: Ռազմագերիների ծնողները ծեծում են բոլոր հնարավոր դռները՝ իրենց որդիներին վերադարձնելու համար: Ռազմագերիների ու անհայտ կորածների ծնողները այսօր դիմել են Ռուսաստանի նախագահին՝ Հայաստանի և Արցախի իշխանություններից այլևս չունենալով որևէ ակնկալիք: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 մլն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ Լեռնային Ղարաբաղում գերիների փոխանակման և անհայտ կործաներին փնտրման աշխատանքների կազմակերպման համար: Թուրքին հանձնված Արցախի բնակավայրերի բնակիչները չեն հասցնում «տեղավորվել» Նիկոլի ու Ալիևի սահմանած ժամանակացույցի մեջ, ու թուրքի վաստակների ստորացնող խրախճանքի տակ բեռնատարի վրա երեխայի սայլակն են բարձում: Իրենց որդիներին փնտրող բազմաթիվ ծնողներ այս օրերին մնում են Ստեփանակերտի հյուրանոցներում՝ մեկ օրվա համար վճարելով հսկայական գումարներ, իսկ Արցախի ժեկի պետ նախագահը դիմացի մայթ տասնյակ թիկնապահով է անցնում: Պաշտպանության նախարարության դիմաց ամեն օր արցունք ու սուգ է՝ անհայտ կորածների և ռազմագերիների մայրերի սուգը: Եվ ահա, այս ողբերգությունը լուծելու փոխարեն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է հագուրդ տալ իր պստլիկ բարդույթներին: 30 տարվա անկախ պետականության մեր կոնցեպտը 44 օրում փլուզած մարդը շարունակում է առաջնորդվել ոչ թե պետության ու քաղաքացու շահով, այլ սեփական մանր գավառական քինախնդրությամբ: Եվ այսօր, այդ փոքրիկ մարդու հերթական գավառական ակտը տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստում, երբ նրա կամակատար քայլականները մեկ կամիկաձեի պես կողմ քվեարկեցին Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու անգրագետ նախաձեռնությանը: Պատմական ողբերգություն է, երբ երկիրը ղեկավարում է փոքրիկ մարդը, իր փոքրիկ, նեղ անձնական կրքերով, ֆոբիաներով ու քինախնդրությամբ: Նման ղեկավարման արդյունքը լինում է արհավիրք, նման ղեկավարման արդյունքը եղավ թուրքի առաջ ծնկի բերված Արցախ, նման ղեկավարման արդյունքը եղավ ատելությամբ բաժան-բաժան եղած ու բզկտված հասարակություն, նման ղեկավարման արդյունքը եղավ օխլոսի նվաստ բնազդների խրախճանք, նման ղեկավարման արդյունքը եղավ արժանապատվությունը կքած ազգ: Վաղը, որը շատ մոտ է, պատասխան են տալու բոլորը. ոչ միայն փոքրիկ գավառական քինախնդիրը, այլ նաև նրա անադեկվատ հանձնարարականները կատարող բոլոր գործիքները»։