«Այսօր, առավել քան երբևէ, ունենք ողջ միջազգային հանրության իրական հանձնառության և միասնության կարիքը». Արա Այվազյան
![]() 457 Հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ., 20:15 Հայաստանի ԱԳ նախարարը տեսաուղերձ է հղել «Զանգվածային լրատվամիջոցների դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում. թվային դարաշրջանի հեռանկարներն ու վտանգները» խորագրով հեռավար միջոցառման ժամանակ: Նախարարը մասնավորապես ասել է. «72 տարի առաջ այս օրն ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, որը միջազգային հանրությանը լիազորեց կանխել և պատժել այն, ինչ նախկինում եղել է «հանցագործություն առանց անվանման», և որը բնորոշվեց որպես գործողություններ՝ կատարված ազգային, էթնիկ, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ: Ցեղասպանության մասին կոնվենցիան, որն ընդունվել է մարդու իրավունքների պաշտպանության ուղենշային փաստաթուղթ հանդիսացող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից մեկ օր առաջ, այսպիսով, դառնում է մարդու իրավունքների առաջին միջազգային համաձայնագիրը։ 1998թ. ի վեր Հայաստանը Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում հանդես է գալիս որպես միջազգային ջանքերի առաջամարտիկ՝ ամրագրելու Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի նշանակությունը, ինչպես նաև ստեղծելու կանխարգելման համար ամուր հիմքեր: 2015թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց Հայաստանի նախաձեռնած բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Դեկտեմբերի 9-ի՝ միջազգային օրվա սահմանումն ու կանոնավոր հիշատակումը գալիս է համալրելու Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային հանրության միասնական գործողությունների խթանմանը։ Այսօր ես՝ որպես արտաքին գործերի նախարար, պատիվ ունեմ վերահաստատելու Հայաստանի հաստատակամ վճռականությունը՝ շարունակելու աջակցել ցեղասպանության կանխարգելման և մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության միմյանց փոխլրացնող օրակարգերը։ Որպես ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանը հայտարարել է իր հաստատակամ հանձնառությունը՝ կանխելու ինքնությամբ պայմանավորված և ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունները։ Մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ այդ ծանրագույն հանցագործությանը՝ ցեղասպանությանը, նախորդում են խտրականությունը, օտարումը, անհանդուրժողականությունը, մարդու իրավունքների և ազատությունների շարունակական խախտումը, էթնիկ և կրոնական հողի վրա ատելության հրահրումը։ Վաղ նախազգուշացման նշանների, ինչպիսիք են, օրինակ, ատելության խոսքի դրսևորումները և նման հռետորաբանության տարածումը զանգվածային լրատվամիջոցների կողմից, ժամանակին հայտնաբերման կարևորության բացակայությունը, ինչպես նաև հաճախ քաղաքական դրդապատճառներից ելնելով դրանք պատշաճ կերպով և ժամականին հասցեագրելու դժկամությունը սահմանափակել են կանխարգելիչ քայլ ձեռնարկելու և ատելություն ու անհանդուրժողականություն սերմանելուն համաչափ պատասխան տալու միասնական կարողությունը։ 2020թ. պատմության մեջ կմնա որպես լուրջ դժվարությունների և վայրիվերումների տարի։ Այն հատկապես մարտահրավերներով լի էր Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի համար։ Քանի դեռ աշխարհը կենտրոնացած էր Covid-19 համավարակի դեմ պայքարի վրա, Ադրբեջանը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու վարձկանների անմիջական մասնակցությամբ, լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ՝ ակնհայտ ցեղասպան նկրտումներով: Պետական այն քաղաքականությունը, որն ուղղված է անցյալի ոճրագործությունների զոհերի հիշատակը նվաստացնելուն և վիրավորելուն, հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումն արդարացնելու նպատակով խեղված պատմական փաստեր ստեղծելուն, հրահրում է ազգամիջյան լարվածություն և խարխլում հաշտեցման հեռանկարները: Այսօր, առավել քան երբևէ, մենք ունենք ողջ միջազգային հանրության իրական հանձնառության և միասնության կարիքը՝ զարգացնելու ռիսկերի գնահատման և վաղ նախազգուշացման մեխանիզմների հզոր և արդյունավետ համակարգ: Մենք պետք է խթանենք կրթությունը մարդու իրավունքների ոլորտում, հանդուրժողականությունը և խաղաղ գոյակցման մշակույթը: Այստեղ ես կցանկանայի ընդգծել զանգվածային լրատվության միջոցների և հաղորդակցության ոլորտի աշխատակիցների դերը. տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից աշխարհում նրանց ազդեցությունն ու պատասխանատվությունը ավելի մեծ կարևորություն են ձեռք բերում: Վերջիններս կանգնած են մարդկության դեմ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման վաղ նախազգուշացման մեխանիզմների հիմքում։ 2020թ․ հունիսին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի կողմից Ցեղասպանության կանխարգելման մասին ընդունված բանաձևում ընդգծված է, որ «... անկաշկանդ գործելու ունակ ազատ, բազմազան և անկախ լրատվամիջոցները նշանակալիորեն կնվազեցնեն ցեղասպանության վտանգը»։ Սա ճակատագրական պահ է բոլորիս համար, ժամանակն է լիարժեքորեն ստանձնել կանխարգելելու և պաշտպանելու պատասխանատվությունը, ժամանակն է գործել։ Այս տարին ցույց տվեց, թե որքան փխրուն և վտանգված է մարդկային կյանքը, մարդկային ինքնությունը, մարդկային ժառանգությունը։ Մենք երախտապարտ ենք ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կանխարգելման օրակարգը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և վաղ նախազգուշացման ու վաղ գործողությունների կարևորագույն գործառույթներին աջակցելու, այդ թվում՝ ազգային և գլոբալ մակարդակներում ատելության խոսքի դեմ պայքարի հանձնառության համար: Ես ցանկանում եմ ողջունել Տիկին Ալիս Վաիրիմու Նդերիտուին՝ Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի իր նոր պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան և նրան նախորդողին՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգն առաջ մղելու գործում ցուցաբերած հետևողականության համար: Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գլոբալ հաղորդակցության հարցերով Գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Մելիսա Ֆլեմինգին՝ ոճրագործությունների կանխարգելման և հիշատակման կարևորության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ջանքերին աջակցելու և դրանցում ունեցած անմիջական մասնակցության համար: Եվ վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նյու Յորքում մեր մշտական ներկայացուցչությանը հումանիստների բացառիկ հարթակ գումարելու համար, ինչը մաս է կազմում Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա ամենամյա ոգեկոչման»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
