«Հողը պահելու համար պետք է գիտակցել նրա արժեքը, իմանալ պատմությունը»․ Ն․ Հոխիկյան
332
Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 03:10
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հողը սիրելու և պահելու արժեքային համակարգը․ 2016-ին առաջին անգամ եղա Արցախի Ջրականում (Ջաբրայիլ)։ Ապրեցի նույն ցավը, ինչ 2007-ին ապրել էի Ակնան (Աղդամ), Քարվաճառը տեսնելիս։ Երբեմնի ծաղկուն քաղաքները վերածվել էին ուրվականի՝ ավերակ ու թալանված տներով։ Եթե նկատել եք, 1994-ից հետո պետական ու հանրային մակարդակով հոգածության տակ են եղել Արցախի լոկ այն բնակավայրերը, որոնք մտել են երբեմնի ԼՂԻՄ-ի տարածքում։ Այսինքն հայ պաշտոնյաները բոլոր ժամանակներում համոզված են եղել, թե պետք է տանք Արցախի ազատագրված 7 շրջանները, հետևաբար դրանք զարգացնելու կարիք չկա։ 1994-ից հետո, երբ հայրենասեր հայ մարդիկ Արցախից հաղթանակով իրենց տներ վերադարձան, գործի անցան թալանչիները՝ բեռնատարներով բառացիորեն ջարդի ենթարկելով Ակնայի, Ջրականի, Կովսականի, Քարվաճառի և մյուս սահմանային շրջանները։ Հայրենիքի նկատմամբ սերը մոտ 3 տասնամյակ վերածվել էր թալանելու մոլուցքի, կարծես Արցախը մեր թշնամին էր, և որքան շատ դատարկեինք Արցախը, այնքան լավ։ Մենք դպրոցներից սկսած երեխաներին չսովորեցրինք, որ Քարվաճառն, օրինակ, 1930-ականներին է արհեստական կերպով անջատվել Արցախից ու բնակեցվել քրդերով՝ հետագայում յուրացնելու մտայնությամբ։ Մենք չպատմեցինք, որ Կովսականը (Զանգելան) և Սանասարը (Կուբաթլու) Սյունիքի անբաժան մաս են եղել։ Ոչինչ չպատմեցինք մեր սերունդներին հայրենիքի սահմանների ու արժեքի մասին, որպեսզի թշնամուն տեսնելիս ոչ թե շատերը նահանջեին՝ հոգու խորքում Ջրականը համարելով օտարի հող, այլ կանգնեին ու ատամներով պահեին։ Հողը պահելու համար պետք է գիտակցել նրա արժեքը, իմանալ պատմությունը։ Միայն այդ դեպքում դու գիտակցաբար կպատրաստվես կենաց-մահու պատերազմի, պատրաստ կլինես դիմակայել թշնամու աթս-ին, գնել քո՛ աթս-ն կամ դրան դիմադրող զենքը։ 23 տարի հայ պաշտոնյաները հայրենասիրության կենացներով հարստանում էին ու փող ծախսում միայն Արցախի ծվատված ԼՂԻՄ հատվածի վրա։ 23 տարի հայ պաշտոնյաները պատրաստվում էին հանձնել Արցախի մեծ մասը՝ պատրաստելով նաև հայ ժողովրդին։ Հետո եկան գլոբալ արժեքներով ապրողները, որոնք չէին հարստանում, բայց նրանց համար հայրենասիրությունն այլ ընկալում ուներ։ Հայրենասիրությունը նրանց համար նյութն էր, լավ ապրելը, կուշտ լինելը, ժպտալը, հարթ ասֆալտը, մարդու անհասկանալի ձևակերպումներով իրավունքները և կոռուպցիայի բացակայությունը, իսկ ազգային արժեքները, հայրենիքի գիտակցումը, պատմությունը, հողի արժեքն ու ազգային անվտանգությունը կրկին մղվեցին երկրորդ պլան՝ նախկինում հայրենասիրության կեղծ կենացների, ներկայում՝ մարդու իրավունքների նույնքան կեղծ գոռգոռոցների տակ։ Քանի դեռ մենք չենք գիտակցել ազգային պետության ու հողի, հայրենիքի արժեքը, շարունակելու ենք կորցնել։ Կորցնել բարոյապես, ֆիզիկապես ու նյութապես»։