Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Արա Այվազյանը և Արայիկ Հարությունյանը քննարկել են նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարմանն առնչվող հարցեր

Արա Այվազյանը և Արայիկ Հարությունյանը քննարկել են նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարմանն առնչվող հարցեր
859
Երեքշաբթի, 05 հունվարի, 2021 թ., 20:55

Հունվարի 5-ին Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Այվազյանը կարևորեց Արցախի և Հայաստանի պատկան մարմինների միջև տարբեր մակարդակներով ինտենսիվ փոխշփումների և խորհրդակցությունների դերը՝ որպես արդյունավետ ձևաչափ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերը տեղում հասցեագրելու և ներկա պայմաններում հետագա համագործակցության շրջանակներն ուրվագծելու համար:

Նախագահ Հարությունյանը և նախարար Այվազյանը համապարփակ քննարկում ծավալեցին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում, գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ:

Հանդիպման օրակարգի առանցքային թեմաներից էին պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորման, այդ թվում, պատերազմի հետևանքով տեղահանված արցախահայության՝ իրենց բնակավայրերը վերադառնալու պայմանների ստեղծման, տուժած ենթակառուցվածքների վերականգնման, սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի հարցերը:

Երկուստեք շեշտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման առաջնահերթությունը, որի հիմքում ընկած պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը: