Երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
|
Ստեփանակերտում`   -2 °C

Արցախում նոր շենքեր են կառուցվում

Արցախում նոր շենքեր են կառուցվում
277
Շաբաթ, 09 հունվարի, 2021 թ., 17:35

Պատերազմի գործողություններից հետո Արցախի ողջ տարածքում շարունակվում են վերանորոգման, վերակառուցման վթարավերականգնման, ապամոնտաժման աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:

Արցախում սկսվել է պատերազմի հետևանքով վնասված ընդհանուր առմամբ մոտ 453 բնակելի օբյեկտների վերականգնման շինարարական աշխատանքը, որից ավելի քան 250-ն ավարտված է:

Վերականգնման շինաշխատանքներն ընթանում են երկու փուլով: Առաջին փուլում վերանորոգվել են բնակելի տների տանիքները, տեղադրվել՝ դռներ ու պատուհաններ, ստեղծվել են ջեռուցման պայմաններ: Հունվարից կատարվելու են ներքին հարդարման աշխատանքներ՝ վերջնական ավարտելով այդ բնակարանների վերականգնումը:

Պատերազմի հետևանքով վնասված տների վերականգնումը շարունակվում է ըստ հերթացուցակների՝ առաջնահերթությունը տրվում է զոհվածների ու անհայտ կորածների ընտանիքներին։

Ստեփանակերտում պատերազմի հետևանքով վնասված տների վերաբերյալ ԱՀ քաղաքաշինության նախարարությունը ստացել է ավելի քան 3680 դիմում, որից ուսումնասիրված է մոտ 1500-ը: Վերականգնման աշխատանքներ են սկսվել 329 օբյեկտում, որից շինաշխատանքներն առաջին փուլով ավարտված են 211-ում, իսկ 118-ում՝ ընթացքում են:

Մարտակերտի շրջանում ընդհանուր առմամբ վնասվել է 370 օբյեկտ, որից 320-ը Մարտակերտում, մյուսները գյուղական բնակավայրերում: Առանձնապես տուժել են Աղաբեկալինջ, Մաղավուզ, Հոռաթաղ, Մեծ շեն գյուղերը: Մարտակերտի շրջանում արդեն ուսումնասիրվել է պատերազմի հետևանքով վնասված 62 օբյեկտ: Այնուհետև սկսվել է 32-ի վերականգնումը, 14-ն ավարտված է:

Շուրջ 1300 տուն է վնասվել Մարտունու շրջանում: Մասնավորապես շրջկենտրոն Մարտունիում պատերազմի հետևանքով վնասված 850 տնից, ուսումնասիրվել և գրանցվել է վերականգնման ենթակա մոտ 170 տուն: Վերականգնման աշխատանքները մեկնարկել են 64-ում, որից 12-ն ավարտվել է, իսկ 52-ն ընթացքում է:Մարտունու գյուղերից հիմնականում տուժել են Թաղավարդը, Կարմիր շուկան, Սոսը, Հերհերը և Բերդաշենը:

Ասկերանի շրջանում մեծամասամբ պատերազմի հետևանքով տուժել են Շոշ և Սզնեք համայնքները: Շրջանում գրանցվել է արձանագրվել է 170 դիմում, որից հետո 28 վնասված տան վերանորոգման աշխատանքները սկսվել են: Դրանցից 14-ում առաջին փուլով նախատեսված վերականգնումն ավարտված է։

Ստեփանակերտի կաթնամթերքի կոմբինատի հարևանությամբ շարունակվում է 90 բնակարան ունեցող շենքի շինարարությունը, «Արցախ» թաղամասում կառուցվում է 9 բնակարան, իսկ 6-րդ մանկապարտեզի վերափոխման արդյունքում՝ նախատեսվում է այս տարվա մայիսին շահագործման հանձնել 30 նոր բնակարան:

Մշակման փուլում են նաև բնակարանաշինական այլ ծրագրեր՝ Ստեփանակերտում և շրջաններում: Ֆինանսավորումն արդեն հաստատված է, որը կատարվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։