Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերի գծով տեղակալը Ռուսաստանի կատաղի հակառակորդներից է». Հայկ Մարտիրոսյան

«ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերի գծով տեղակալը Ռուսաստանի կատաղի հակառակորդներից է». Հայկ Մարտիրոսյան
327
Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 19:55

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ջո Բայդենն ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալի պաշտոնում առաջադրել է Վիկտորիա Նյուլանդի թեկնածությունը:
Նյուլանդին ամերիկյան ժողովուրդը չի ճանաչում: Փոխարենը շատ լավ ճանաչում են Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդները:
Դեմոկրատների հետ երբևէ աշխատած եզակի նեոկոնսերվատորներից Նյուլանդն ամենահայտնին է: Նա Ուկրաինայի վերջին հեղափոխության ամենաականավոր դեմքերից է: Հանդիսանում է Ռուսաստանի կատաղի հակառակորդներից: 2020թ. հուլիսին իր հրապարակած մի հոդվածում Նյուլանդը կարծիք էր հայտնել, որ ըստ իրեն՝ «Ռուսաստանն այսօր առավել վտանգավոր է, քան ԽՍՀՄ տարիներին»:
Նյուլանդի արտաքին քաղաքական մոտեցման առանցքը Ռուսաստանի դեմ պայքարն է: Ամենուր և հատկապես Ռուսաստանի ազդեցության գոտիներում:
Նյուլանդը նաև այն տեսության ջատագովն է, համաձայն որի, Ռուսաստանն անվերջ ծավալման ճանապարհ է բռնել և պետք է կասեցվի:
Եթե նախքան անցյալ տարեվերջ այդ թեզը խարսխվում էր միայն սիրիական և ուկրաինական օրինակների վրա, ապա Հայաստանի մասնակի կորուստն անշուշտ Նյուլանդին և նրա թիմին առավել մեծ վստահություն է ներշնչել այդ համոզմունքի ճշմարտացիության մեջ:
Պետքարտուղարության երրորդ դեմքը, եթե, իհարկե, Կոնգրեսը հաստատի նրան այդ պաշտոնում, անպայմանորեն լուրջ պայքար է սկսելու Ռուսաստանի դեմ և այդ ուղեծրից Արցախից մնացած հատվածն ու մնացյալ Հայաստանը զերծ չեն կարողանա մնալ:
Հայաստանը պետք է մեծ զգուշություն ցուցաբերի, որպեսզի չմնա իր մի մասը թշնամուն նվիրած դաշնակցի և այդ դաշնակցին պատժել ցանկացողի մենամարտի հարվածների էպիկենտրոնում:
Ակնհայտորեն Հայաստանի հանդեպ Վաշինգթոնում նոր քաղաքականություն է որդեգրվելու: Եվ եթե սովորականի պես Երևանում Վաշինգթոնին շնորհակալություն հայտնեն, բայց տանից դուրս հրավիրեն՝ ամենևին բացառված չէ, որ տան ներսը տաքացնելու և դրանով կենսապահովություն բերելու փոխարեն՝ այդ հերթական բայց արդեն ճակատագրական մերժմամբ՝ հայաստանանպաստ ցանկությունները Վաշինգթոնում վերափոխվեն այդ տունն այրելու՝ որպես հակառակորդ երկրի դժբախտ ու դժգույն ֆորպոստ, որ օգնության կարիք չունի և նախընտրում է որպես հեծելազորի ձիանոց ծառայել իր ավատատիրոջը, քան նոր բարեկամ գտնել և փորձել փրկվել վերահաս անխուսափելի կործանումից:
Նյուլանդի պես եվրասիական տարածաշրջանի մասնագետ «բազեի» առաջադրումը լուրջ քայլ է Բայդենի կողմից և դրա հնարավոր հետևանքներն անտեսել չի կարելի»: