Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«ԱՄՆ-ը կաշխատեն ԼՂ հարցում երկարատև քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ». դեսպան

«ԱՄՆ-ը կաշխատեն ԼՂ հարցում երկարատև քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ». դեսպան
301
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 23:40

Հայաստանի Հանրապետության ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հունվարի 20-ին հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին նաև դեսպանության ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը և քաղաքատնտեսական հարցերով պատասխանատու Քիմ Զափֆելը:

Անդրադառնալով պատերազմի հետևանքով առկա առաջնային խնդիրներին՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ներդնել հնարավոր բոլոր ջանքեը գերիների փոխանակումն իրականացնելու համար: «Ռազմագերիների հարցը կարևոր հումանիտար խնդիր է, որն օր առաջ պետք է լուծվի հնարավոր բոլոր խողովակների կիրառմամբ»,- շեշտել է նա:

Զրուցակիցները խոսել են նաև պատերազմում Ադրբեջանի կողմից Մերձավոր Արևելքից ահաբեկիչների և վարձկանների ներգրավման մասին: «Սիրիայից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից վարձկանների մասնակցությունը պատերազմին անհերքելի է, և այդ փաստը հաստատվել է աշխարհի առաջատար երկրների՝ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների կողմից: Փաստորեն այս պատերազմում Պաշտպանության բանակը կռվել է Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների և իսրայելական նորագույն սպառազինության դեմ»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները կաշխատեն ԼՂ հարցում երկարատև քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ: Այս ճանապարհին պետք է փորձել տարբեր մակարդակներում երկխոսության հասնել»,- նշել է Լին Թրեյսին:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ տարածաշրջանում անվտանգության ապահովման երաշխիքը կարող է լինել ԼՂ կարգավիճակի հստակեցումը, և այս պահին այդ ուղղությամբ արդեն պետք է տարվեն աշխատանքներ:

Հանդիպման ավարտին քննարկվել են տնտեսական հարաբերությունների անվտանգության ապահովմանը, ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին միտված օրենսդրական նախաձեռնություններին, ինչպես նաև դեսպանության աջակցությամբ սերժանտական կազմի ինստիտուցիոնալ կրթական հնարավորություններին վերաբերող հարցեր: