Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Աճող աշխարհաքաղաքական բաժանումը Հարավային Կովկասում․ #CaucasusWatch

Աճող աշխարհաքաղաքական բաժանումը Հարավային Կովկասում․ #CaucasusWatch
321
Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 22:40

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերում կարևոր փոփոխություններ են տեղի ունենում: Արևմուտքի մեկուսացումը և Հայաստանի ժողովրդավարական զարգացման հեռանկարներին հարվածը Ղարաբաղյան 2-րդ պատերազմի հետևանքներից են, գրում է caucasuswatch-ը։
Հակամարտությունը տարածաշրջանը Ռուսաստանի և Թուրքիայի համար բարձրացրել է առաջնային խնդրի մակարդակի և կապել այն Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքականության հետ։
Հարավային Կովկասը տեկտոնական մակարդակի աշխարհաքաղաքական փոփոխություններ է կրում։ Իհարկե, այդ գործընթացը բավական վաղուց է սկսվել, հնարավոր է՝ 2000-ականների վերջից։ Պատերազմի արդյունքում հայկական ժողովրդավարությունը ևս մեկ հարված ստացավ։ Երկիրն այժմ, ինչպես երբեք, կախված կլինի ոչ ժողովրդավարական Ռուսաստանից։ Եթե նախկինում Ղարաբաղի հարցն այն տարածքներից մեկն էր, որտեղ Ռուսաստանն անմիջականորեն չէր մասնակցում, և տարածաշրջանի նկատմամբ քաղաքականության մեծ մասը կախված էր Երևանից և ընդհանրապես հայկական ներքին քաղաքականությունից, ապա այժմ, երբ ռուսական զորքերը տեղակայվում են հակամարտության տարածաշրջանում, Կրեմլի ազդեցությունը Երևանի վրա, ինչպես սպասվում է, ավելի մեծ կլինի:
Ռուսաստանից կախվածությունը մեծ զիջումների է բերում։ Հեռանկարում նոր տասնամյակը կլցվի բանակի, տնտեսության և բնակչության ընդհանուր բարոյական ոգու վերականգնմամբ՝ Հայաստանի ղեկավարության ջանքերով: Դա կպահանջի ռեսուրսներ՝ Ռուսաստանի կողմից ռազմական աջակցություն, ինչը, հնարավոր է, կառաջացնի ժողովրդավարական արժեքների հետընթաց, քանի որ Ռուսաստանը մեծ կասկածով է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեֆորմիստական շարժմանը։
Ավելի կոնկրետ, պատերազմը փաստացի վերջ է դնում Հայաստանի՝ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու փորձերին։ Այսուհետ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ավելի արտահայտված կլինի կարևոր աշխարհաքաղաքական այլընտրանքների բացակայության ժամանակ, ինչպիսիք են Իրանի, Իսրայելի և անգամ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի հույսերը։
Ենթադրվում էր, որ Չինաստանի վրա հենվելը կարող է օգնել Հայաստանին՝ պահել բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, սակայն առայժմ Պեկինը քիչ բան է տեսնում Երևանի հետ ավելի սերտ կապերի հաստատման մեջ, առավել ևս, որ այդ քայլերը կարող են բարդացնել ռուս-չինական հարաբերությունները:
Տարածաշրջանում վերջին զարգացումներն արտացոլում են նաև Արևմուտքի ներգրավվածության անկումը: Տարածաշրջանային խաղացողները՝ Ռուսաստանը և Թուրքիան, նախատեսում են (կրկին) բացել առևտրային ուղիները, որոնք կմեծացնեն կապվածությունը, ինչպես նաև կարող են ավելի շատ հետ մղել հավաքական Արևմուտքին:
Տարածաշրջանային աշխարհաքաղաքականության վերջին իրադարձությունները, և հատկապես 2-րդ ղարաբաղյան պատերազմը, հանգեցրին լուրջ տեկտոնական փոփոխությունների. Կասպից ծովի ավազանը և Հարավային Կովկասն անքակտելիորեն կապված են Մերձավոր Արևելքի հետ։ 2 խոշոր խաղացողներ՝ Ռուսաստանն ու Թուրքիան, Հարավային Կովկասը դիտարկում են որպես Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով աշխարհաքաղաքական մեծ խաղի մաս։ Անկարան և Մոսկվան այժմ իրենց ռազմավարական քայլերն են կատարում Հարավային Կովկասում՝ Մերձավոր Արևելքի իրադարձությունների զարգացման համատեքստում։ Սա նոր մարտահրավերներ է նախանշում Հարավային Կովկասի համար, քանի որ տարածաշրջանը կարող է ենթարկվել աշխարհաքաղաքական փոխզիջումների։ Բայց դա նշանակում է նաև, որ տարածքը բարձրացվել է կարգավիճակով. այժմ այն աշխարհաքաղաքական թատերաբեմ է Թուրքիայի, Ռուսաստանի և Արևմուտքի համար։