«Ամեն ինչ ընթանում է ճիշտ այն սցենարով, ինչպես 20 տարի առաջ». Դավիթ Գրիգորյան
272
Երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ., 03:10
Շրջակա միջավայրի նախարարության նախկին մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսե՛լ։ Տևական շրջան լռում էի, որովհետև բոլորը գոռում էին, իսկ երբ դու արտահայտվում ես շշկով, բայց շուրջդ անպիտան աղմուկ է, ապա լավ է լռել ու թեկուզ աղմուկի մեջ մտորել։ Լռության 2 ամիսների ընթացքում ժամանակ կար նայել էս քաոտիկ քաղաքական կտավին ամբողջությամբ։ Ի դեպ, հանուն արդարության ասեմ, որ էդ կտավը բացարձակ դատարկ ու անտաղանդ մի խզբզոց է, որովհետև հեղինակը մենք բոլորս ենք․ մեծամասամբ ինքնահավան, հաստակող ու այլակարծություն չհանդուրժող, դատարկախոս ու լի բազմապիսի կեղծ կատեգորիաներով։ Մենք ենք էս չստացված ու համաշխարհային կոլեկտիվի կողմից անընկալելի կտավի հեղինակներն էլ, մոգոնողներն էլ։ Սակայն կա էս հասարակության մեջ մի շատ գիտակից մաս, որը նույնպես լռում է։ Ենթադրում եմ՝ ինչու։ Խորը մտածող մարդիկ միշտ ավելի խորն էլ տանում են ցավը, դժվարությամբ են իրենք իրենց դուրս բերում հուսալքության շշից ու ուշքի գալով՝ գործում։ Հետևելով ամենժամյա հաճախականությամբ ձևավորվող գործընթացներին, դրանց գործող անձանց ու ի հայտ եկող նոր դեմքերին, ակամայից համոզվում ես, որ հասարակությանը տարբեր շրջաններում հիվանդացրած խմբակները, խմբերն ու ուժերը չեն փոփոխվում ու հիվանդացնելու գործից չեն հոգնում։ Ամեն ինչ ընթանում է ճիշտ այն սցենարով, ինչպես օրինակ՝ 20 տարի առաջ։ Կա (կամ համոզում են, որ էդքանն են) քաղաքական երկու բևեռ, որոնք մի վերմակը ուղիղ երկու կես են անում՝ ցուցադրելով, որ դրա տակ որևէ այլ մեկը տեղավորվել չի կարող։ Երկուսին էլ, ի դեպ դա շատ ձեռնտու է, հենց այս հարցում է, որ երկուսի շահերն էլ համըկնում են։ Նրանց անկողնում երրորդը պետք չի։ Իրենք իրենց ինտիմ հարցերը երկուսով էլ կլուծեն։ Բայց էդ վերմակի անունը Հայաստան է, ու երկու մարդուց (իրենց թիմերով) բացի էդ վերմակը հավասարաչափ պատկանում է նաև 2 միլիոն այլ մարդկանց։ Եթե էդ 2 միլիոնից հանենք էս երկուսի համախոհներին՝ մեծահոգաբար ամեն մեկին համար առանձնացնելով 500․000 մարդ, ապա տակը դեռ մոտ մի ամբողջ միլիոն մարդ մնում է։ Հանենք ևս կես միլիոն՝ բացարձակ անտարբերներին, որոնք ինչպես ապրել էին պատերազմից առաջ, այդպես էլ ապրում են՝ չխորանալով Հայրենիք գաղափարի վրա, դեռ մի կես միլիոն մարդ էլ մնում է։ Լավ, էդ կես միլիոնի մեջ չկա՞ արդյոք 500 հոգի մարդ, որոնք հոգնել են էս երկկողմանի քաղաքական փոխհրաձգություններից և պատրաստ են միավորվել ոչ թե մարդկանց, ոչ թե դրանց շահերի ու նպատակների, այլ ազգային գաղափարի ստեղծման ու առաջխաղացման, դրա իրագործման առաքելության շուրջ։ Չեմ ուզում հավատալ, որ Հայաստանի արգանդը չորացել է, որ բոլորս այնաստիճան հուսալքված ենք, որ քաղաքական Մահապարտների էդ գունդը չենք կարող ստեղծել ու անտեսելով ամեն անձնականը, ընդհուպ զոհաբերելով ամենաթակն ու սիրելին՝ սիրել Հայրենիքն առավել ու օգնել, որ այն ապրի։ Նույնիսկ ծանրագույն այս շրջանում պայծառ ուղեղները չեն մարել, պարզպես վերաիմաստավորման քուն են մտել։ Գիտակից ու մտածող, այլընտրանք փնտրող քաղաքացիները չգիտեն ու՞մ մոտ գնան, ո՞ր դուռը թակեն, որ ազնիվներին գտնեն, որ անկեղծներին հետևեն։ Էդ ազնիվներն ու անկեղծները չկան, որովհետև բանիմացները փնտրում են հենց իրենք իրենց։ Մի դուռ կա, որի հետևում դեռ ոչ ոք չկա։ Այդ դռան մոտ պիտի հավաքվեն նրանք, որոնք տանել չեն կարողանում ներկա-նախկին կեղծ օրակարգը, որոնք չեն դիրքավորվում որևէ ճամբարում, որովհետև չեն հավատում դրանցից որևէ մեկին։ Պիտի հավաքվեն, բացեն էդ դուռն ու իրենցով լցնեն դատարկ սենյակը, ծանոթանան ու քննարկեն, ակտիվ գործեն ու առաջ շարժվեն։ Վերմակը խլեն և՛ նիկոլի, և՛ հականիկոլականների վրայից, մի լավ թափ տան փոշուց, կեղտից ու փռեն բոլորի վրա, որ էս 2 միլիոնանոց երկրի ամեն քաղաքացի իրեն ծածկված ու ապահով զգա։ Ոչ նախկին և ոչ էլ ներկա։ Ապագայի ուժ է պետք․ պրագմատիկ, սառնասիրտ, մաշված կտավին կյանք տվող, վրձինը ձեռքում վստահ բռնող, երիտասարդ ու փորձառու և, ինչն ամենակարևորն է, Հայրենիքը չմասնատող, քառակուսի կիլոմետրերով չչափող, փողով չկշռող, այլ դրա խոր արժեքը գնահատող։ Ընկերներ, ինձ ֆեյսբուքյան ցանկում քչերն են անձամբ ճանաչում, բայց եթե ձեզ ծանոթ է զգացումը, երբ ատելով ատում ես քո հայրենիքը վերջին 30 տարիների ընթացքում ատած ու մինչև ոսկորները կրծած ու ծծած բոլոր տիպի քաղաքական ուժերին, գուցե ժամանա՞կն է հավաքվել դատարկ սենյակի դռան մոտ, ներս մտնել ու սկսել գործել։ Հ․Գ Կուզենայի, իհարկե լինել անհոգ քաղաքացի, ով հարկերը մուծում, օրենքը չի խախտում ու անհոգ ապրում է՝ անգամ վարչապետի անունը չիմանալով, բայց քաղաքացի լինելն է նույնիսկ մեր Հայրենիքում դարձել տանջանք։ Եկեք ծանոթանանք, քննարկենք ու հասկանանք, բոլորից զատ մե՛նք մեր տանը մեծ մաքրություն կկարողանա՞նք կազմակերել։ Վստահ եմ, որ ԱՅՈ՛»: