«Տնտեսական Ձեր ձախողումների փրկությունը տեսնում եք Ամուլսարի ընդերքում». բնապահպան
218
Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 04:05
Բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախարար Պապիկյանի ֆեյսբուքյան ասուլիսին էի հետևում։ Ամուլսարի խնդրի շուրջ նրա պատասխանը ինձ համար զարմանալի չէր։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր նոր չէ, որ հասկացել են այս կառավարության քաղաքականապես բոբիկ լինելը։ Չգիտես ինչու ցույց են տալիս , որ Ամուլսարի խնդիրը միայն բնապահպանական է և այն էլ լուծելի։ Չեմ զլանա և ևս մեկ անգամ կանեմ շեշտադրումներ, որոնք խիստ կապակցված են Ամուլսարի խնդրի հետ և ապացուցում են այդ ծրագրի անհեռանկարային լինելը։ Այո՛, Ամուլսարի տարածքում մետաղական բաց հանք շահագործելը խիստ վտանգավոր է և պարունակում է բնապահպանական լուրջ խնդիրներ։ Բացի բոլոր հիմնավոր փաստերը, Ձեր կողմից ընտրված ԷԼԱՐԴ ընկերության եզրակացությունն էլ վկա։ Ամուլսարը գտնվում է կայուն զարգացող և իր տնտեսական ուղղվածությունն ունեցող հանքաջրաբուժական առողջարանային Ջերմուկ քաղաքի տարածքում և այդ տարածքում հանք շահագործելը լուրջ սպառնալիք է զբոսաշրջային քաղաքի հետագա գործունեության համար։ Ի դեպ Ջերմուկ քաղաքում գործող զբոսաշրջային և առողջարանային սպասարկման ոլորտը ապահովում է մի քանի անգամ ավել աշխատատեղեր, քան Ամուլսարի ծրագրում է նախատեսված։ Եվ ամենակարևորը այդ աշխատատեղերը ի տարբերություն Ամուլսարի ծրագրի, հարատև են եվ չեն պարունակում ռիսկեր։ Ամուլսարը և հարակից տարածքները գյուղատնտեսական կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Ջերմուկ համայնքի և հարակից Գորհայք, Սարավան գյուղերի համար, այլևս միակ տարածքն է, որտեղ անասնապահությամբ պիտի զբաղվեն Սյունիքի մարզի հազարավոր բնակիչներ, ովքեր այդ խնդիրը լուծում էին իրենց անասունները Արցախ տեղափոխելով։ Մի քանի տող էլ կխոսեմ իրավունքից։ Ժամանակին Ջերմուկի բնակչության իրավունքը հաշվի չի առնվել և առանց ջերմուկցիների համաձայնության ու առանց հանրային լսումների որոշում է կայացվել փոխել Ջերմուկի դերն ու նշանակությունը։ Այսօր չնայած ողջ երկրում տիրող սոցիալական խնդիրներին, ջերմուկցիների ճնշող մեծամասնությունը Ամուլսարի հարցում ունի հստակ դիրքորոշում և Ամուլսարը դիտարկում է ոչ թե եկամտի աղբյուր, այլ կենսատարածք։ Ժողովրդի կամքին հակառակ գնալը Ձեզ էլ ավելի է խճճելու այն խնդիրների մեջ, որը առաջացել է հենց Ձեր որդեգրած քաղաքականության հետևանքով։ Բավական է միտումնավոր կերպով Ամուլսարի հարցը ներկայացնել, որպես խնդիր բնապահպանների և կառավարության միջև։ Ամուլսարի շահագործմանը խիստ դեմ են Ջերմուկ համայնքի բնակչության ճնշող մեծամասնությունը և Հայաստանի բնակչության խնդրից տեղյակ հատվածը, որը, վստահ եմ, բացարձակ մեծամասնություն է կազմում։ Ցավալի է, որ տնտեսական Ձեր ձախողումների փրկությունը տեսնում եք Ամուլսարի ընդերքում։ Դա փաստում է, որ այս կառավարությունը երկիրը զարգացնելու հեռանկարներ չունի և փակուղում հայտնվելով սկսել է կյանքի կոչել հներից մնացած կասկածելի և վտանգավոր ծրագրերը։ Ողջախոհություն եմ մաղթում»: