«Շատ հանգամանքներ կարող եմ բարձրաձայնել». Կենդանաբանական այգու նոր խոսնակը ևս հրաժարականի դիմում է ներկայացրել
327
Չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ., 22:25
Սմբատ Ղահրամանյանն, ով փետրվարի սկզբին նշանակվել էր Կենդանաբանական այգու խոսնակի պաշտոնում, տեղեկացնում է. «ԶԼՄ հարգելի գործընկերներ, ընկերներ Տեղեկացնում եմ, որ իմ դիմումի համաձայն ազատվել եմ Երևանի կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի աշխատանքից: Ինձ աշխատանքից ազատելու պատճառաբանությանը չեմ էլ անդրադառնում, որովհետև ի սկզբանե տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ ունեցել եմ բանավոր պայմանավորվածություն՝ աշխատանքը համատեղելու և իմ հաճախելիության վերաբերյալ: Այլևս ակնհայտ է, որ շատ ու շատ ոլորտներում, այդ թվում նաև կենդանաբանական այգում համակարգային փոփոխությունները և նոր իրողությունների տրամաբանության պայմաններում նախանշվող աշխատանքը հանդիպում են դիմադրության: Շատ հանգամանքներ կարող եմ բարձրաձայնել, բայց ասվածի վառ ապացույցը թերևս այն է, որ բավական է նշել այն, որ շատ կարճ ժամանակահատվածում կենդանաբանական այգում միանգամից մի քանի մամուլի քարտուղարներ փոխվեցին: Երևանի քաղաքային իշխանությանը խորհուրդ եմ տալիս հիմնովին փոխել այգու կառավարման փիլիսոփայությունը և ամենակարևորը՝ անձերի փոփոխությամբ չզբաղվել ու նախաձեռնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Ոլորտը վերջնականապես չապականելու և այն բարեփոխելու համար կենդանաբանական այգու զարգացման հստակ հայեցակարգ մշակել, ներգրավվել պրոֆեսիոնալների և միջազգային առաջավոր փորձի վրա հիմնված ոչ ստանդարտ մեթոդաբանությամբ կառուցել այգու կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ապագան: Կենդանաբանական այգու վարչական աշխատակազմում կան իրապես սրտացավ և պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց պետք է համախմբել ոչ թե անձի, այլ նպատակի շուրջ, ոչ թե խմբի, այլ երազանքի շուրջ: Ինչ վերաբերվում է կենդանիներ խնամողներին, ապա այդ մարդիկ բառիս ուղղակի իմաստով նվիրյալներ են և ես ուրախ եմ, որ առիթ ունեցա շփվել այդ բարի մարդկանց հետ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին, որոնց հետ շուրջ մեկ ամիս աշխատել ու համագործակցել եմ: Նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել վերջին մեկ ամսում այգում հանրային կապերի և մամուլի հետ աշխատանքի բարելավվումը, սոցիալական մեդիայում այգու ներկայացվածության ընդգծումը, գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունների և հեռանկարների ընդլայնումը և այլ ուղղությունների զարգացումը: Կարծում եմ գործընկերներս ևս կփաստեն իմ աշխատանքի դրական արդյունքները: Իմ կյանքի այս էջն այլևս փակված եմ համարում: Համոզված եմ, որ Հայաստանում՝ նաև իմ ջանքերի շնորհիվ վաղ, թե ուշ ստեղծվելու է այնպիսի միջավայր, որտեղ մարդու ՕԳԳ-ի գնահատականը տալու է միայն անհատական ջանքը, որակները և բացառապես աշխատանքը»: