Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել. «Քաղաքական-ժողովրդավարական հանգուցալուծումն այլընտրանք չունի Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին ու ներքին կործանարար քաղաքականության պատճառով գրեթե բոլոր, այդ թվում՝ տրամագծորեն հակառակ հայացքներ ունեցող, քաղաքական ուժերը և հանրային շրջանակները դեմ են նրա հետագա կառավարմանը։ Այսօր այդպիսի պահանջ ներկայացրեց նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը։ Նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը, հրաժարական ներկայացնելու և ժողովրդին նրա ճակատագիրը որոշելու անցնցում հնարավորություն ընձեռելու փոխարեն, իր կողմնակիցներին կոչ է անում գալ Հանրապետության Հրապարակ և սատարել իրեն։ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իրականության զգացումը և գիտակցաբար ստեղծում է քաղաքացիական բախումների տանող փակուղային իրավիճակ, որը, բացի իր ներազգային ծանր հետևանքներից, ճանապարհ է բացելու թշնամիների ուղիղ միջամտության համար, ինչն իր հերթին հայոց պետականությանը կանգնեցնելու է լինել-չլինելու խնդրականի առջև։ Ուստի ևս մեկ անգամ պահանջում ենք, որ Նիկոլ Փաշինյանը զերծ մնա բռնության միջոցով իր աթոռը պահելուց ու ներազգային բախումներ հրահրելուց և րոպե առաջ հեռանա։ Ստեղծված իրավիճակում բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում տուրք չտալ բռնության և հակաժողովրդավարական մեթոդներով իշխանության հասնելու հավանական գայթակղությանը, այլ խստորեն մնալ ժողովրդավարության ու ազգային համաձայնության շրջանակներում և քաղաքական կոնսուլտացիաների միջոցով ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը պետք է կատարի կենսականորեն անհրաժեշտ անցումային քայլեր ու դրանց հաշվառմամբ կազմակերպի արտահերթ ընտրություններ։ Մեր ժողովրդին կոչ ենք անում չգնալ Նիկոլ Փաշինյանի հետևից և տուրք չտալ ներազգային բախումների տանող որևէ գործողության։ Ազգային-ժողովրդավարական բևեռը պատրաստ է նպաստել և մասնակցել ստեղծված փակուղային վիճակից Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության շրջանակներում քաղաքական երկխոսության միջոցով դուրս բերելու գործընթացին»։