«Ինչո՞ւ և ինչպե՞ս դավադրաբար սպանվեց հայոց թագավոր Պապը». Խ. Սիրեկանյան
509
Երկուշաբթի, 15 մարտի, 2021 թ., 01:20
Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց պատմության ամենադաժան և ցավալի էջերից մեկը «Ինչո՞ւ և ինչպե՞ս դավադրաբար սպանվեց Հայոց Թագավոր Պապը
Պապը որդին էր Արշակ Բ-ի եւ Փառանձեմ թագուհու. վերջինս Սյունյաց Անդոկ իշխանի դուստրն էր եւ մեծապես ազդել է Պապի դաստիարակության վրա: Հայոց պետությանը հավատարիմ եւ զուտ հայկական արժեքներով ապրող այդ թագուհին որդուն դաստիարակել էր նախնյաց բարքերով ու հավատով: Հետագայում կղերական պատմիչ Փավստոս Բուզանդը, Պապի մասին գրելիս պատմում է, թե Փառանձեմը մանկուց որդուն նվիրեց դեւերին: Ավելորդ չէ ասել, որ եկեղեցին դեւեր էր անվանում Հայոց հին Աստվածներին: Դեռեւս Արշակ Բ-ի կենդանության ժամանակ Պապն ուղարկվում է Բյուզանդիա՝ կրթություն ստանալու: Սակայն, օտար միջավայրը չի ազդում ազգային արմատներից սնված պատանու վրա: Նրա հունական փայլուն կրթությունն ու գիտությունների իմացությունը երբեք չվերածվեցին հունասիրության: Ձիրավի ճակատամարտից հետո (371թ.) ամրապնդվելով գահին՝ Պապը եռանդուն միջոցներ ձեռնարկեց երկրի հզորությունը վերականգնելու ուղղությամբ: Ցուցաբերելով պետական ու ազգային գործչի փայլուն ունակություններ՝ կարճ ժամանակամիջոցում Պապը հայկական զորքերի թիվը հասցնում է շուրջ 90 հազարի: Դա հնարավորություն է ընձեռում վերականգնել երկրի բնական սահմանները: Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերը վերագրավում եւ Հայկական թագավորությանն են միացնում Արշակի օրոք Հայաստանից խլված տարածքները: Բյուզանդացիների օժանդակությամբ անցնելով իշխանության գլուխ՝ Պապը, սակայն, չդարձավ Բյուզանդիայի կամակատարը, որպիսին ձգտում էին նրան տեսնել եկեղեցին եւ հունասերների խմբավորումը: Հայրենապաշտ արքան, ի տարբերություն իր նախորդների, շատ լավ էր հասկանում, որ տարբերություն չկա պարսկական եւ բյուզանդական տիրապետությունների միջեւ, եւ վարում էր միանգամայն անկախ քաղաքականություն: Անհողդող կամք եւ սթափ դատողություն է ցուցաբերում Պապը հատկապես Պարսկաստանի հետ հարաբերություններում: Հայկական նվաճված հողերը վերանվաճելուց հետո, Պապը դրականորեն է արձագանքում Շապուհ 2-րդի բարեկամության առաջարկին: Այս քաղաքականության շնորհիվ Պապի իշխանությունը ճանաչվում է Շապուհի կողմից, եւ Հայաստանը զերծ է մնում Սասանյան հզոր տերության ասպատակություններից Հասկանալի է, որ խարխլելով եկեղեցու հզորությունը, Պապը չէր կարող գովերգվել կրոնականների ու նրանց պատմիչների կողմից: Դաշնակցելով Պապի անկախ քաղաքականությունից դժգոհ հունասեր խմբավորման հետ՝ եկեղեցին, սկսեց կատաղի, անհաշտ ու վարկաբեկիչ պայքար հայոց արքայի դեմ: Հետագայում՝ Փավստոս Բուզանդը Պապին մեղադրում էր համասեռամոլության, անպարկեշտության մեջ: Եվ միջոցների մեջ խտրություն չդնելով՝ հայ եկեղեցին սերունդների առջեւ Պապին «դարձրեց» անբարոյական, Նեռ ու մարդասպան հրեշ: Սակայն Պապի ժամանակակիցներից ոմանց (նաեւ Փավստոս Բուզանդի) տեղեկություններից էլ դժվար չէ կռահել բուն նպատակը… Պապի դեմ այս քարոզարշավն ավելի կատաղի բնույթ ստացավ Ներսես կաթողիկոսի մահից հետո (372թ.): Առիթը չկորցնելով՝ եկեղեցին Պապին մեղադրեց կաթողիկոսին թունավորելու մեջ: Մերժելով հունասերների առաջադրած թեկնածուին՝ Պապն անմիջապես կաթողիկոս նշանակեց Աղբիանոսի տոհմից Հուսիկին: Սա պատահական չէր: Բուն հայկական ծագում եւ քրմական անցյալ ունեցող այս տոհմը բոլոր ժամանակներում օժանդակել է հայկական պետականության հզորացմանը: Բացառություն չէր եւ Հուսիկը, ով նույնպես նվիրված էր Հայոց պետությանը, Պապին: Փոխանակ Հուսիկին ուղարկելու Կեսարիա, որտեղ միշտ ձեռնադրվել են հայ կաթողիկոսները, Պապը նրան ձեռնադրեց տեղում: Դրանով Պապը մի անգամ եւս ցույց տվեց անկախ պետություն ստեղծելու իր կամքը: Այս քայլով նա բացառեց հայ եկեղեցու կախումն Արեւմուտքից: Սակայն հայ եկեղեցին ազգայնացնելու Պապի ջանքերը ցավագին ընդունեցին հունասերներն ու հուդա-քրիստոնեական եկեղեցականների մեծ մասը: Քաղաքական մտածելակերպի բացակայությունը խանգարում էին նրանց հասկանալու պատանի արքային, եւ ծայր առավ մի դավադրություն, որի կազմակերպման գործում խառն էին թե՛ եկեղեցին, թե՛ մեծ թվով քրիստոնյա ազնվականներ: Այն ժամանակ, երբ Պապի դիվանագիտական համառ ջանքերի շնորհիվ Բյուզանդիան դուրս էր բերելու Հայաստանի արեւմտյան մասերից իր կայազորները, վերոհիշյալ ուժերի դրդմամբ, Հայաստանում բյուզանդական զորքերի հրամանատար Տերենտիոսն առաջարկեց կայսրին՝ պատժել Պապին: Պապը խաբեությшմբ հրավիրվեց Տարսոն, բայց արդեն այնտեղ, ճիշտ ժամանակին հասկանալով կայսեր նենգ մտադրությունը՝ ձերբակալել իրեն, փախուստի դիմեց եւ անվտանգ հասավ հայրենիք: Սակայն, նրա թշնամիները չէին դադարում գործել: Տերենտիոսին այստեղ փոխարինած Տրայանոսը, խաբեությամբ Պապին հրավիրելով խնջույքի, դավադրաբար սպանեց նրան: Այսպես ցավալիորեն ավարտվեց կարճ, բայց հայրենանվեր կյանքը պատանի արքայի, որ Հայաստանի քրիստոնեացումից հետո եղավ հայոց ամենասթափ ու անկախ պետական այրը, երբեք չընկավ տերեր փնտրող այս կամ այն հոսանքների ազդեցության տակ եւ, զսպելով բոլոր կենտրոնախույս ուժերին, կարճ ժամանակում Հայաստանը կրկին դարձրեց տարածաշրջանի ազդեցիկ երկրներից մեկը: Իրոք, Հայաստանը կարոտ էր Պապի կարգավորող ու վճռական ձեռքին եւ մեծապես տուժեց նրա սպանությունից հետո: Ազգային դաստիարակությունն էր, որ Պապի մեջ սերմանեց աննպաստ միջավայրի ու ճակատագրի դեմ կռվելու կամք եւ իր փառահեղ նախնիներին հավատարիմ մնալու շնորհ»: