Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Քոչարյանն ու պատերազմի պեգովյան քարոզչությունը». Ստյոպա Սաֆարյան

«Քոչարյանն ու պատերազմի պեգովյան քարոզչությունը». Ստյոպա Սաֆարյան
283
Երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ., 23:30

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայաստան» հիմնադրամի հաշվետվությունն այսօր «աուդիտի» ենթարկած (ախ, Փաշինյան, Փաշինյան) Ռոբերտ Քոչարյանը մի երկարաշունչ տեքստ է գրել, որում անզգուշություն է ունեցել շարադրել հետևյալ միտքը․ «Չեմ կարող հավատալ մի կառավարության հավաստիացումներին, որը պատերազմի ամբողջ ընթացքում ցինիկաբար խաբել է սեփական ժողովրդին՝ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը»։
Այս ամենը կշրջանցեինք, կանցնեինք, եթե պատերազմի 44 օրերին ու դրանից հետո քաջատեղյակներս տեղյակ չլինեինք, թե «ստի քարոզչության» մեջ, բացի կառավարության կողմից լավատեսական-վատատեսական նոտաների բալանսը ճիշտ չհաշվարկելն ուրիշ ում ականջներն էին երևում․․․
Սկսենք հայտնի Պեգովից, ով Տավուշյան էսկալացիայում բոլորիս համար անհասկանալիորեն Գրիշա Խաչատուրովի իրավասության ներքո գտնվող կորպուսի ու Գասպարյան Օնիկի թեթև ձեռքով հասավ մինչև«Բեսսմերտնի» նոր դիրքը, ուղիղ եթեր մտավ ռուսական հեռուստաընկերությունների թոքշոուներ, ու սեպտեմբերից սահուն տեղափոխվեց Արցախի առաջնագիծ՝ պատերազմի խոսնակ հարգարժան Արծրուն Հովհաննիսյանի ուղեկցությամբ, թե առանց հայտնվելով առաջնագծի ամենաթեժ կետերում՝ Հադրութից մինչև Շուշի։
Մինչ ողջ ազգը տարակուսանքի մեջ էր Հադրութի տարօրինակ անկման կապակցությամբ, այդ թվում՝ ինքս՝ Հադրութում ունենալով կամավորական ազատամարտիկ փեսա, տասն այլ ծանոթ կամավորականներ, ովքեր հենց այդ պահերին զայրույթից տեղները չէին գտնում Հադրութի գրեթե անկրակոց հանձնման, քաղաք ներխուժած 30-60 դիվերսանտի պատճառով մոբին, զորքին տրված «նահանջ» հրամանից, Հադրութ քաղաքում ու նրա գնդում քոչարյանամերձ գեներալներից մեկի անունից կոնկրետ խմբերի կողմից տարածվող «փախեք, պատերազմն ու հողերը Նիկոլը ծախել է» քարոզչությունից, ըստ որում՝ տեղում բռնելով այդպիսի երկուսի «վզից», ինչի մասին հետագայում նաև այլոք հրապարակավ պատմեցին, Սեմյոն Պեգովը մինչև վերջին օրը ստում էր, թե Հադրութում հայերն են ու քաղաքը չի հանձնվել։
Նույն պատմությունն էր Շուշիում։ Մինչ Արցախի իշխանություններն առավոտյան նկարած տեսանյութը երեկոյան տեղադրելով նոյեմբերի 6-ին «գուժում էին Շուշիի անկման վտանգի մասին, մինչ օր առ օր, ժամ առ ժամ Շուշիում, ըստ երևույթին, ուժերի հավասարակշռությունը փոխվում էր ադրբեջանա-թուրքական ուժերի օգտին, մինչ թուրքերը տարօրինակ ձևով ու երբեմն անխոչընդոտ, Հադրութի նման, առաջադիմելով ու բարձրանալով բերդաքաղաք ամարպնդվում էին այնտեղ, Սեմյոն Պեգովը հայ ազգին ավետում էր, թե Շուշին հայկական է․․․ Մենք սկսել էինք կասկածել, թե որքան հակադիր կարող են լինել ալիևյան ու պեգովյան քարոզչությունները․․․
Ի դժբախտություն Ռոբերտ Քոչարյանի, այսօր Ալիևը անդրադարձել է Հադրութի «օեպարացիային»՝ այն կարևորելով Շուշին ստանալու տեսանկյունից։ Այո, այն ճանապարհով, որը որպես միջանցք նախատեսված է եղել Հայաստանի պատմության մեջ միակ աննախադեպ ու բացառիկ փաստաթղթում՝ 2001թ․ Քի Վեսթի տարբերակում, որը բանակցել է Քոչարյանը, ու այդ շրջանում Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահ Տրուբնիկովի ու Ռ․ Քոչարյանի բանակցած փաստաթղթում՝ Հադրուդ-Շուշի միջանցքով ու ադրբեջանցի փախստականներով վերադարձած Շուշիով։
Քարոզչական դաշտում հայ ազգի համար այդ անպատկերացնելի տխուր լուրը թաքցնողների մեջ Wargonzo նախագիծն էր, մեզ այլևս հայտնի Քոչարյանի համակրելի ԳՇ տրամադրած տեղեկությունների վրա հանրությանը մատուցվող պաշտոնական քարոզչությունը․․․ Մենք, միամիտներս, որոշ բաների մասին տեղյակ լինելով, որոշների մասին՝ ոչ, մեզ կամք ու լավատեսություն էինք հաղորդում, թե հեսա, հեսա հայկական ուժերը, ինչպես 1992-ին, արդյունավետ կոնտրհարձակման միջոցով ետ կվերցնեն կորցվածը ու հանդուրժում էինք պեգովյան քարոզչությունը․․․
Ավելին է ասել, թե պատերազմի այդ բեկումնային ու դրամատիկ շրջանում ինչ էին գրում Քոչարյանի աջակիցները․ Անժելա Թովմասյանն ու աջակիցների բանակը «Շուշին վերանվաճած Վիտոյի ցավ էին տանում», այսօր իշխանությանը մեղադրող այլ փորձագետներ «լավ լուրերի» լայվեր էին անում ու այսպես շարունակ․․․ Մենք կրկին մտածում էինք, թե անկախ քաղաքական տարաձայնություններից, բոլորն են ուզում հաղթել․․․ Բայց արդյո՞ք բոլորն էին ուզում․․․ Արդեն կասկածում եմ․․․․
Իսկ հաշվարկը պարզ էր․ օգտվել իշխանության որդեգրած քարոզչության ապուշությունից, «Հաղթելու ենք»-ին նրբորեն գումարել «հաղթում ենք», միախառնել ամեն ինչ ու դոզան շատացնել, որպեսզի ժողովրդի հիասթափությունն ու ցասումն առավելագույնը լինեն ճշմարտությունն իմանալուց հետո․․․
Ասվածն ամենևին չի սրբագրում իշխանության պատասխանատվությունը՝ պատերազմի ողջ անիրական քարոզչությունը վերագրելով պեգովյան թևին․․․ Իշխանությունը եթե իր տեղում լիներ, գերլավատեսական ու բթացնող լավատեսության դոզան այդքան չէր խտացնի ողջ պատկերը՝ տեղեկատվական հոսքերում տեղ չթողնելով վատթարագույնի շուրջ ժողովրդի հետ երկխոսելու ու «վթարային ելքի» համար․․․
Իսկ ո՞վ է Պեգովի պրոյեկտի հեղինակը, ֆինանսավորողը․ դեհ, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձի համար արդեն ամիսներ շարունակ կենաց մահու կռիվ մղող, տեղեկատվական քաոս ու ինֆոտեռոր ստեղծելու անթաքույց հեղինակ Արամ Գաբրելյանովը․․․ Մեդիապորտային ու այլ ինֆոտեռորների մասին ավելորդ է հիշեցնելը․․․
Ու հիմա, պարզվում է, Ռոբերտ Քոչարյանի այս շրջապատը ոչինչ չի արել «ստի քարոզչության» գործում, բայց, այ, կառավարությունը 44 օր ստել է։ Ոչինչ, որ պաշտոնական՝ ԳՇ կամ Արցախի ՊԲ հայտնած տեղեկությունների վրա կառուցված անադեկվատ քարոզչության խողովակներն էլ կարծես թե այլ ազդեցությունների տակ էին, քան թե իշխանության․․․ Այսօրվա պատուհանից ամեն ինչ արդեն այլ կերպ է երևում, քան նախկինում․․․․ ԳՇ շտաբի բունտը, ռազմական հեղաշրջման փորձն ու այդ ամենին Քոչարյանի բաց ողջունելը արդեն ինքն իրեն խոսում է․․․․ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը քոչարյանական աջակիցների զանգվածային հայտնությունը կառավարության շտուրմում, կամ Վազգեն Մանուկյանով բանակն ու ուժային կառույցները «ջարդելու» ստրատեգիական առնչությունների մասին չասած․․․
Ինչպես որ բանակը Սահմանադրության դեմ հանելու փորձից հետո է մարդը սուսուփուս և «անմեղ» կանգնում կարմիր լույսի տակ ու սպասում կանաչին, ասես՝ ինքը ոչինչ չի արել, ու գնում է Հայաստան հիմնադրամը «աուդիտի» ենթարկելու, այդպես էլ քարոզչության դաշտում է փորձում կողք կանգնել՝ թե իրենք բան չեն արել․․․ Ի՞նչ են արել որ․․․
Ու կրկին, իշխանությունն է մեղավոր, որ քարոզչության, ՊՈԱԿ-ների, տեղեկատվական կենտրոնների հարցը վստահեց անփորձ մարդկանց, որոնց աչքի առաջ ու քթի տակ ինչ ասես չարեցին ու կողք քաշվեցին․․․ Ու այո, իշխանությունն իր խաչը պետք է տանի․․․ Նաև այդ պատասխանատվության խաչը․․․
Բայց մենք հո գիտենք, թե ո՞վ և ի՞նչ է արել․․․
Ու ազգն էլ պետք է իմանա․ միայն թե դրա համար պատերազմի հետաքննությունը պարտադիր է։ Եթե դա այս իշխանությունը չանի, կանի հաջորդը, ինչպես մնացած չարվածը․․․ Ու այդ իշխանությունը չեն կարող լինել ու չպետք է լինեն նրանք, ովքեր այսօր ժողովրդական խոսքով «դունչները սրբում ու կողք են կանգնում» մի բանից, որում արդեն վառվել են․․․
Վկաներն ու ապացույցները շատ են, պարոնայք․․․
Հ․Գ․ կարծում եմ՝ այլևս շատերի համար պարզ է, թե պատերազմի օրերին ու դրանից հետո որտեղից էին փչում «Հայաստան» հիմնադրամի փոխանցումների ու ծախսման կապակցությամբ անվստահություն սերմանող քամիները․․․ Մինչդեռ բոլորս գիտեինք, թե ինչի՞ համար ենք փոխանցում և դա ո՞ւր է գնալու»: