«Վտանգված է մեր ազգային գենոֆոնդը». Վահագն Վարագյան
264
Հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ., 00:03
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՇՊատերազմին մասնակից բոլոր զինվորները և սպայակազմը պետք է անցնեն պարտադիր բուժզննում, և պետությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը: Վերջին պատերազմի հիմնական բեռը իր ուսերին կրել են 2000-2002 թվականներին ծնված մեր հայրենակիցները և 90-ականների սերունդը: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2000-2002 թվականներին ծնվել է 53.232 տղա երեխա, եթե այս տղաներից 40.000 մասնակցել է պատերազմին, 10.000-ը վիրավորվել և 5000-ը՝ զոհվել, պետությունը պարտավոր է հոգ տանել մյուս 25.000 երիտասարդի առողջության մասին և ամեն ինչ անել, որ նրանք վերադառնան իրենց լիարժեք կյանքին: Ես ականատեսն եմ, թե այս դաժան պատերազմում ինչպիսի պայմաններում է կռիվ տվել մեր զորքը՝ շաբաթներ շարունակ մնացել խոնավ անտառներում և ցեխոտ խրամատներում, և այս ամենը չի կարող անհետևանք մնալ մարդու առողջության համար: Պատերազմը ավարտվել է միայն զոհվածների համար: Հավերժ փառք հայրենիքի համար նահատակվածներին: Այն շարունակվում է բոլորիս մեջ թե ֆիզիոլոգիական, և թե հոգեբանական առումներով: Երկարատև և խորը սթրեսները կործանարար են յուրաքանչյուր մարդու առողջության համար և կարող են բազմաթիվ մահաբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Ամենախոցելի խմբի մեջ են պատերազմի մասնակից զինվորները և նրանց ընտանիքները: Դավադիր պատերազմից առավել մեծ արհավիրք կարող է դառնալ հետպատերազմական ժամանակաշրջանում այս տղաներին ոչ ճիշտ ու ժամանակին հետազոտելն ու անհրաժեշության դեպքում՝ բուժելը: Հոգեբանական խնդիրներից՝ մինչև երիկամային խնդիրներ: Իրականում վտանգված է մեր ազգային գենոֆոնդը. չէ՞ որ այս տղաներն են մեր ապագան ու սերունդների շարունակողը: Եթե մենք նորմալ պետություն ունենայինք, այս խնդիրներով արդեն պետք է զբաղվեին պատկան մարմինները, սակայն քանի որ ունեք այն, ինչ ունենք՝ ուրեմն պետք է ստիպենք, որ այս պահից սկսած զբաղվեն նրանց խնդիրներով, իսկ վիրավորները մեզանից յուրաքանչյուրի ամենօրյա հոգածության և ուշադրության կենտրոնում պետք է լինեն: Չլուծելով այս առաջնային կարևորության հարցը՝ վստահ կարող ենք ասել, որ դավաճան վիժվածքները շարունակում են պաշտոնավարել մեր բնակչության թիվը կրճատելու համար»: