Ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող գոյատևել. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Հադրութի շրջան և Շուշի քաղաք, որոնք ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել Ադրբեջանի՝ Թուրքիայի և վերջինիս հովանավորյալ զինված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ իրականացված ագրեսիայի արդյունքում: Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ:
Հադրութի շրջանում ադրբեջանական օկուպացիայի ընթացքում լիովին հայաթափվել են տասնյակ հազարավոր բնակչություն ունեցող երբեմնի ծաղկուն բնակավայրերը, սպանվել բազմաթիվ քաղաքացիական անձինք: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ մարդու իրավունքներով բարձր հանձնակատարը և Human Rights Watch կազմակերպությունը իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել Հադրութի շրջանում Ժնևի կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ դեպքերի առնչությամբ, երբ հաշվեհարդար է իրականացվել գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ։
Ադրբեջանի նախագահի կողմից Հադրութի շրջանում կատարված հայտարարությունները բացահայտում են հայկական բնակավայրերի ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրեր ստեղծելու մտադրությունը, ինչը խախտում է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթերը, որի համաձայն տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախներ։ Այն փաստում է նաև, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող գոյատևել։
Ավելին, իր էթնիկ զտման քաղաքականության շրջանակներում Ադրբեջանն իրականացնում է հետևողական քայլեր՝ ուղղված Արցախի հայկական մշակութային ժառանգության վերացմանն ու յուրացմանը: Ներկայումս իր վերահսկողության տակ գտնվող Արցախի մշակութային հուշարձանների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման և հայ ժողովուրդից կրոնական և մշակութային արժեքներն օտարելու դատապարտելի պրակտիկային: Այս նպատակին է ուղղված նաև Ադրբեջանի նախագահի կողմից արված հայտարարությունը Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 17-րդ դարի հայկական եկեղեցու՝ իբրև «աղվանական» լինելու և վերջինիս պատերին առկա հայատառ գրությունները «կեղծ» հռչակելու մասին՝ այսպիսով հող նախապատրաստելով հերթական վանդալիզմի իրականացման համար: Հատկանշական է, որ հրապարակված տեսանյութում վերոնշյալ եկեղեցին արդեն իսկ ենթարկված է վանդալիզմի, քանզի այնտեղից հեռացված են կրոնական խորհրդանիշները։
Այս լույսի ներքո հատկապես մտահոգիչ է Շուշի քաղաքի՝ «Կանաչ ժամ» ժողովրդական անվանմամբ հայտնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ավերման փաստերի առկայությունը։ Հատկանշական է, որ եկեղեցին ավերվել է ռազմական գործողություններից ամիսներ անց։ Այն մտահոգությունները, որոնք հայկական կողմը հայտնում էր հայկական պատմամշակութային հուշարձանների արդբեջանական կողմի վերահսկողության ներքո հայտնվելու առաջին իսկ օրերից, փաստացիորեն իրականություն են դառնում: Այս փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի այն հավաստիացումները, որ այդ երկիրը պահպանելու է քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը և պատրաստ է համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ամբողջովին կեղծ են։ Ստեղծված իրավիճակում հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով։
Արցախի խաղաղ բնակավայրերի, պատմամշակութային ժառանգության ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիմքով ձևավորվելիք «խաղաղությունը» չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ»։

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
36117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
36017.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
41816.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
41916.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
30516.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
29916.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
50014.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
50314.11.2026, 10:42