Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ԼՀԿ ու ԲՀԿ ղեկավարների վերջին օրերի դիրքորոշումն անազնիվ է». Էդգար Ղազարյան

«ԼՀԿ ու ԲՀԿ ղեկավարների վերջին օրերի դիրքորոշումն անազնիվ է». Էդգար Ղազարյան
332
Շաբաթ, 20 մարտի, 2021 թ., 10:24

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը. «Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է։ Ազգային ժողովը մեկ գումարման ընթացքում կարող բազմաթիվ անգամ պաշտոնանկ անել վարչապետին (ընդունել նրա հրաժարականը) և ընտրել նոր վարչապետ։ Վարչապետի հրաժարականը Ազգային ժողովը ցրելու և արտահերթ ընտրություններ կազմակերպելու առիթ չի հանդիսանում։ Արհեստական քաղաքական ճգնաժամ ստեղծելու կարիք չկա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա իր գործած սխալների և մեղքերի համար, նա պետք է պատասխանատվության ենթարկվի ու պատժվի, իսկ Ազգային ժողովը՝ ընտրի նոր վարչապետ։ Ազգային ժողովն արձակվում է օրենքի ուժով, եթե երկու անգամ չի կարողանում ընտրել վարչապետ։ Այս պահին նախ անհրաժեշտ է 1․ անհապաղ չեղարկել ռազմական դրության իրավական ռեժիմը, 2․ վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, 3․ Ազգային ժողովը պետք է ընտրի նոր վարչապետ։
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների (որպես խորհրդարանական ընդդիմադիր կոչվող ուժերի) ղեկավարների վերջին օրերի դիրքորոշումն անազնիվ է, քանզի դա ենթադրում է գործող իշխանության հետ քաղաքական պայմանավորվածության հետևանքով այս տրամաբանական և սահմանադրական ընթացքից շեղում, ինչը ոչ թե նպաստելու է այս իշխանությունների հեռացմանը, այլ՝ ճիշտ հակառակը։ Նիկոլ Փաշինյանը չի նախաձեռնել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ իշխանությունից հեռանալու համար։ Նա այդ նախաձեռնությունը ցուցաբերել է իր հանցավոր իշխանությունն ապօրինի կերպով ամրապնդելու, իր անվտանգությունն ապահովվելու, պատասխանատվությունից խուսափելու և երկիրը վերջնականապես կործանելու համար։ Վարչապետի պաշտոնը թափուր լինելու դեպքում ԱԺ խմբակցությունները պարտավոր են առաջադրել և ընտրել նոր վարչապետ։ Դեռևս վարչապետի պաշտոնանկության և ռազմական դրությունը չեղարկելու մասին որոշումը չընդունած՝ հավանական այդ գործողությունների մասին հայտարարությունները երկրի սահմանադրական կարգի տապալման ու դրան օժանդակելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ են պարունակում։
Հարաբերությունների այս փուլում նրանք ակամա միանալու են ազգակործան դավաճանին և կործանելու են մեր երկիրը, հետո նաև իրենք իրենց։ Դավաճանի կողմից չգնահատվելու և պատժվելու փորձ իրենք գոնե ունեն․ մեկը Արայիկ Հարությունյանի մեջքին ստորագրված որոշումներով կոալիցիայից հեռացվելով ու հետագայում բանտում հայտնվելով, մյուսը՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ծեծվելով․․․ Կյանքն առջևում է՝ ողբերգություններն էլ հետը»: