12 կուսակցությունների կարծիքները ռեյտինգայինի մասին՝ նախկինում և այժմ. ԻՔՄ
![]() 205 Շաբաթ, 27 մարտի, 2021 թ., 13:00 2020թ․ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ 2021թ․ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին: Այս ընթացքում քաղաքական դաշտում քննարկում էր, թե արդյո՞ք իշխանությունները գնում են արտահերթ ընտրությունների 2016թ. ընդունված Ընտրական օրենսգրքով, թե՞, այդուհանդերձ, վերջերս շրջանառության մեջ դրված նոր Ընտրական օրենսգրքով, որի հիմնական փոփոխությունն է վարկանիշային ցուցակներից հրաժարումը և անցումը սովորական համամասնական ընտրակարգին։ Չնայած Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների միջև այդպես էլ չձևավորվեց ընտրական օրենսդրության փոփոխությունների կոնսենսուս, այդուհանդերձ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխող ուժը որոշել է ընտրություններն անցկացնել փակ համամասնական կարգով։ Համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ ամիսներ առաջ պատվիրած սոցիալական հարցման՝ հայաստանցիները գերակշռապես նախընտրում են, որ պետությունը հրաժարվի ռեյտինգային ընտրակարգից: Նույնը, բազում հայտարարություններով, պահանջել է քաղաքացիական հասարակությունը՝ սկսած 2016 թվականի մարտ ամսից «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ուսումնասիրել է, թե ինչ տեսակետներ ունեին խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը «ռեյտինգային» ընտրակարգի վերացման մասին նախկինում և այժմ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հեղափոխական խոստումն էր դեռևս 2018-ին արտահերթ ընտրություններին գնալ նոր Ընտրական օրենսգրքով։ Իսկ արդեն որպես վարչապետ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրի երկրորդ կետը վերաբերում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որտեղ, մասնավորապես, գրված էր, որ փոփոխություններով անհրաժեշտ է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից և անցնել լիարժեք համամասնական ընտրակարգի։ Նախագիծը 2018-ի հոկտեմբերին երկու անգամ ներկայացվել էր խորհրդարան, սակայն տապալվել էր ԱԺ-ի կողմից (հոկտեմբերի 22-ին և 29-ին)։ 2020 թվականի նոյեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «ճանապարհային քարտեզ», որի կետերից մեկը Ընտրական օրենսգրքի փոփոխությունն էր: Նախագիծը շրջանառության մեջ դրվեց փետրվարին, և դրանով, ի թիվս այլի, նախատեսվում էր անցնել պարզ համամասնական ընտրակարգի։ 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Հաշվի առնելով նախկինում իր ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացվել, որ մենք պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների, և ընտրությունները իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն առանց վարկանիշային ընտրացուցակի»։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ԲՀԿ-ն դեռևս 2018 թվականի փետրվարին հանդես էր եկել համապետական ընտրությունների ռեյտինգային համակարգը վերացնելու նախաձեռնությամբ: Այդ ընտրակարգի դեմ կուսակցությունը կոշտ էր արտահայտվում նաև 2018 թվականի արտահերթ ընտրություններից առաջ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ: Նախագծով ևս նախատեսվում էր ընտրակարգի այդ փոփոխությունը, որին ԲՀԿ-ն կողմ քվեարկեց ամբողջ կազմով (այդ թվում՝ նիստերից հաճախ բացակայող Գագիկ Ծառուկյանը): Ինչ վերաբերում է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ընտրություններից առաջ քննարկվող Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ապա այս դեպքում ԲՀԿ-ն հստակ դիրքորոշում չի հայտնել: «Մեզ համար կարևոր է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ և արդար, և իշխանությունը վարչական ռեսուրս չկիրառի: Որ ընտրակարգով, որ խորհրդարանական մեծամասնությունը կքվեարկի և կընդունի, մենք այդ ընտրակարգով ընտրություններին կմասնակցենք»,- մարտի 26-ին խորհրդարանում հայտարարել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցություն 2016 թվականի մարտին «Լուսավոր Հայաստանը» միացել էր քաղաքացիական հասարակության միավորված պահանջներին՝ կապված Ընտրական օրենսգրքի նախագծի հետ՝ պահանջելով դրանից հանել ռեյտինգային ընտրակարգը և սահմանել սովորական համամասնական ընտրակարգ: 2018 թվականի մայիսի 25-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների իրենց «թիվ 1» պահանջը ռեյտինգային համակարգի վերացումն է: 2018թ-ի հոկտեմբերի 22-ին ԱԺ արտահերթի նիստին Մարուքյանը ևս հայտարարել էր, որ ռեյտինգային համակարգը կոնկրետ իր և իր կուսակցության կողմից «թիրախավորվել է» դեռևս տարիներ առաջ։ «Հիմա ունենք այդ ռեյտինգային համակարգի վերացման շանս»,- նշել էր նա։ Այդ ժամանակ խորհրդարանում ներկայացված ԼՀԿ-ի բոլոր պատգամավորները կողմ էին քվեարկել փոփոխությանը: Այսօր արդեն ԸՕ-ի փոփոխության քննարկումների ֆոնին ԼՀԿ-ն կրկին թիրախավորել է ռեյտինգային համակարգը, բայց արդեն՝ դեմ լինելով դրա վերացմանը։ «Ժողովուրդը գնալու է ընտրի կուսակցություն լիդերի համար, սակայն ընտրվելու են պատգամավորներ, որոնք ժողովուրդը չի ընտրում»,- ռեյտինգայինի մասով իր թիմի՝ տարիներ շարունակ ունեցած տեսակետի փոփոխությունն էր ներկայացրել Մարուքյանը։ Հայաստանի հանրապետական կուսակցություն 2018-ի արտահերթ ընտրություններից առաջ, երբ Ազգային ժողովում քննարկվում էին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ՀՀԿ-ն դեմ էր փոփոխություններին, այդ թվում՝ ռեյտինգային ընտրակարգի վերացմանը: Հենց ՀՀԿ-ի դեմ լինելը խոչընդոտեց ռեյտինգային ընտրակարգի վերացմանը 2018-ի հոկտեմբերին: 2021-ին Հանրապետականն իր դիրքորոշումը կուսակցական մակարդակով չի հայտնել: Սակայն այդ կուսակցության նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ընտրություններից առաջ նոր Ընտրական օրենսգիրք ընդունելուն և ռեյտինգային համակարգը վերացնելու դեմ է արտահայտվել: Հայ Յեղափոխական դաշնակցություն Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգին Դաշնակցությունը դեմ է եղել մշտապես, նույնիսկ ռեյտինգային ընտրակարգին կողմ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն դաշինք կազմելիս։ 2018-ի հոկտեմբերի 22-ին, երբ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ԸՕ փոփոխությունների նախագիծը, ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ն միշտ է կողմ եղել տարածքային ռեյտինգային ընտրական համակարգի վերացմանը, բայց կողմ է նաև «100 տոկոսանոց բաց համամասնական ընտրակարգին անցնելուն»: 2018-ին ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ ռեյտինգային համակարգը ժողովրդավարական չէ։ Օրենսգրքի քվեարկության ժամանակ նիստին ներկա բոլոր դաշնակցականները կողմ էին քվեարկել ռեյտինգայինը վերացնելուն և սովորական համամասնական ընտրակարգի անցնելուն: 2021-ի հունիսի 20-ին կայանալիք ընտրություններից առաջ քննարկվող Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ կոնկրետ տեսակետ ՀՅԴ-ն չի արտահայտել, թեև մամուլը գրել էր, որ ընդդիմադիր ուժերից միայն ՀՅԴ-ն է համամասնականին կողմ։ Հայ ազգային կոնգրես Դեռևս 2016 թվականից ՀԱԿ-ը ամենաակտիվն էր պայքարում ռեյտինգային ընտրակարգի ներդրման դեմ: Հենց ՀԱԿ-ն այն ժամանակ նախաձեռնեց «4+4+4» ֆորմատով բանակցությունները, որոնց ժամանակ ընդդիմության ու քաղհասարակության 5 պահանջներից առաջինը հենց ռեյտինգային ընտրակարգի վերացումն էր: 2018 թվականին թեև ՀԱԿ-ը հրաժարվեց մասնակցել ընտրություններին, սակայն իր մտահոգությունը հայտնեց ռեյտինգային ընտրակարգի պահպանման վերաբերյալ: 2021 թվականի մարտի 18-ին ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ քաղաքական ճգնաժամի առաջարկվող լուծումն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության հրահրելու է նոր քաղաքական ճգնաժամեր: Կուսակցությունն առաջին հերթին դեմ է արտահայտվում ռեյտինգային համակարգին: «Ժառանգություն» կուսակցություն Արտախորհրդարանական ուժերից «Ժառանգություն» կուսակցությունը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն մշտապես է կողմ արտահայտվել։ Հեռավոր 2012-ին «Ժառանգություն» կուսակցությունը ՀՅԴ-ի հետ առաջարկում էր հարցը դնել հանրաքվեի՝ համոզված լինելով, որ ընտրություններին հիմնական կեղծիքներն արվում են մեծամասնական համակարգի միջոցով: 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին «Ժառանգությունն» այսօր էլ է կողմ։ Ըստ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի՝ միանշանակ է, որ Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխվի։ «Մենք կարծում ենք, որ առավել գաղափարական ընտրություններ անցկացնելու համար փակ համամասնական ընտրացուցակը արդյունավետ է»,- նշել է նա։ «Քաղաքացու որոշում» կուսակցություն ՔՈ-ն սկզբունքորեն դեմ էր արտահայտվում ռեյտինգային համակարգին 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ: ՔՈ-ն 2021 թվականի մարտի 22-ին հայտարարություն տարածեց՝ հայտարարելով, որ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը կարող է լինել նվազագույնը՝ համեմատաբար արդար և բնույթով քաղաքական ընտրություններ ունենալու համար։ Կուսակցության ԳՄ քարտուղար Գոռ Հակոբյանը նաև հայտարարել է, որ ընտրություններին պետք է գնալ համամասնական կարգով: Ազգային-ժողովրդավարական բևեռ/«Սասնա ծռեր» «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության՝ 2018 թվականի արտահերթ ընտրությունների ընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը դեմ էր արտահայտվել ռեյտինգային ընտրակարգին: 2021 թվականի մարտի 20-ին «Արտահերթ ընտրություններ. Ընտրական օրենսգրքի փոփոխության հրամայականը» հանրային քննարկման ժամանակ Ազգային-ժողովրդավարական բևեռի անունից հայտարարվեց, որ ռեյտինգային ընտրակարգը պետք է վաղուց հանված լիներ, քանի որ «ապականում է ընտրական գործընթացը»: «Հանուն հանրապետության» կուսակցություն ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ղեկավարած կուսակցությունը ողջունել է մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Սակայն կուսակցությունը նաև պնդել է, որ ՀՀ քաղաքացու իրական կամարտահայտման կարևորագույն նախադրյալը բարեփոխված ընտրական համակարգով ընտրությունների կայացումն է։ 2021 թվականի մարտի 20-ին «Արտահերթ ընտրություններ. Ընտրական օրենսգրքի փոփոխության հրամայականը» հանրային քննարկման ժամանակ «Հանուն հանրապետության» կուսակցության ներկայացուցիչը պնդեց, որ «ռեյտինգային համակարգը պետք է վերացվի», քանի որ այն «քաղաքական կոռուպցիայի սողանքներ է պարունակում իր մեջ»: «Արդար Հայաստան» կուսակցություն «Արդար Հայաստանը» նույնպես նոր Ընտրական օրենսգիրք ընդունելու օգտին է հանդես գալիս: Ըստ կուսակցության հայտարարության՝ գործող ««Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի առանցքը կազմում է քողարկված մեծամասնական համակարգը, որը յուրովի պատուհան է կասկածելի հեղինակություն, քրեածին հակումներ, ֆինանսական ահռելի ռեսուրսներ տիրապետող շրջանակների համար, որոնց գործադրման միջոցով հնարավոր է փորձ արվի ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա»: «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցություն 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը նույնպես դեմ է արտահայտվում ռեյտինգային ընտրակարգին: Կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը հայտարարել է, որ ռեյտինգայինը վերածնում է նախկին քրեաօլիգարխիկ համակարգը․ «Մենք պետք է անցյալի պորտալարը կտրենք, գողապետության շրջանի բարքերից ազատվենք: Հեղափոխությունը պետք է շարունակվի և խորացվի»:
Լուսինե Ոսկանյան և Նելլի Լազարյան «Իրազեկ քաղաքացիների միավորում» |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
29400:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
418Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
964Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
453Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1219Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1140Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
979Երեկ, 14:24
