«Եթե այսքանը չեն հասկացել և հասկանում ԻՔ-ականները, ապա նրանց տեղը պատմության աղբանոցն է»․ Կ․ Հարությունյան
227
Ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ., 21:04
Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ ԻՔ-ական Լենա Նազարյանի՝ «Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»: Իսկ գուցե երկուսուկես տարի դեպի այդ շանսը գնացիք՝ արհեստականորեն իրավիճակը լարելով և պատերազմի հանգեցնելո՞վ, որովհետև չէիք կարող, ուղղա՛կի ի վիճակի չէիք խաղաղ պայմաններում նման շանս ստեղծել: Այդքան կարողություն չունեի՛ք և ձեզ պետք էր հազարավոր կյանքերի կորուստը: Սա ինձ հիշեցնում է մարդու մի տեսակը, որը հարաբերություններ կարգավորելու համար նախ՝ հրահրում է, սադրում, ի վերջո՝ կռիվ ստեղծում՝ միայն թե ինչ-որ ձևով հարաբերության դաշտ ստեղծվի: Մարդու այս տեսակը ի զորու չէ հանգիստ պայմաններում հարաբերություններ կարգավորել: Մարդու այդ տեսակը արկածախնդիր է՝ իր ողջ էությամբ. նա պետք է ամեն բան խառնի, հետո խաղաքարտերը դասավորի՝ ըստ հնարավորինի, այդ խառնակչության արդյունքում ստացված իրավիճակի. բայց գոնե մի արդյունք կլինի: Այլ ձեևով մարդու այդ տեսակը արդյունք չի կարող ստեղծել: Մարդու այս տեսակի մասին հոգեբանները շա՛տ բան կարող են ասել: Լենա Նազարյանը՝ ևս, փաստում է, որ մենք գործ ունենք մի խումբ արկածախնդիրների հետ, որոնք խաղաղությունը ստորադասեցին պատերազմին, որոնց համար խաղաղությունը արժեք չէր, և քանի որ պատերազմն էր նախընտրելի ճանապարհը, նրանք երկուսուկես տարի թշնամուն տարան հայհոյանքների, վիրավորանքների, հոխորտանքների դաշտ, իրավիճակը սրեցին այնպես, ինչպես չէր եղել նախորդ 23 տարիների ընթացքում՝ որևէ օր, պատերազմը որևէ ձևով չփորձեցին կանխել առաջին օրերին, տասներորդ օրը, քսաներորդ օրը և միայն, երբ արդեն ջլատված էինք ու տապալված, թշնամուն տվեցին ոչ միայն այն, ինչ պետք էր տալ ի սկզբանե՝ խաղաղ պայմաններում, այլև նվիրեցին Ղարաբաղի մի մասը, որպեսզի հետո կարողանան խոսել հաշտությունից: Եվ հիմա, երբ մենք ահռելի կորուստներ ունենք, երբ մեր տղաների մի մասը դեռ գերեզման չունի, երբ հազարավոր տղաներ հիվանդանոցներում կյանքի ու մահվան հետ կռիվ են տալիս, երբ տասնյակ հազարավոր մարդիկ անտուն են, ոմն Լենա Նազարյան, համարձակվում է ասել, որ գուցե պատերազմը շանս էր հարաբերություններ կարգավորելու համար: Եվ այս խելագարությունը հավանողնե՞ր ունի: Վա՛յ մեզ: Պատերազմ չպե՛տք է լիներ: Պատերազմը անթույլատրելի էր նույնիսկ եթե ավելի ուժեղ լինեինք, քան թշնամին: Եթե այսքանը չեն հասկացել և հասկանում ԻՔ-ականները, չեն խոստովանում իրենց մեծագույն մեղքը այս ժողովրդի առաջ. պատերազմի՛ մեղքը, ապա նրանց տեղը պատմության աղբանոցն է: Թեև նրանք արդե՛ն աղբանոցում են, բայց դա գիտակցելու համար սթափ դատողություն է հարկավոր, որից իրենք զուրկ են»: