Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Չնայած բազմաթիվ փաստերին, Ադրբեջանը ցայսօր ցինիկաբար մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ». Արարատ Միրզոյանի ելույթը Եվրանեսթում

«Չնայած բազմաթիվ փաստերին, Ադրբեջանը ցայսօր ցինիկաբար մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ». Արարատ Միրզոյանի ելույթը Եվրանեսթում
351
Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 19:08

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռավար ելույթ է ունեցել Եվրանեսթ ԽՎ 9-րդ նստաշրջանում։

ԱԺ նախագահն իր խոսքում անդրադարձել է ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով արձանագրված Եվրամիության հանձնառություններին՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում առաջնորդվելու ուժի չկիրառման, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներով։

«Այնուամենայնիվ, հենց վեց ամիս առաջ մենք ականատես եղանք Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման սկզբունքի կոպտագույն խախտման. 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Արցախի դեմ: Չնայած բազմաթիվ փաստերին, որոնք ապացուցում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և վերջինիս հետ կապվող օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ, նախապես ծրագրավորված էր, Ադրբեջանը ցայսօր ցինիկաբար մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ: Պատերազմ, որի ընթացքում հենց ինքն իրականացրել է աննախադեպ ծավալների հասնող բռնություններ և զանգվածաբար իրագործել պատերազմական հանցագործություններ»,– ասել է Միրզոյանը։

Նա նաև շեշտել է, որ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևողական եւ միտումնավոր խախտումները լրջորեն խարխլում են հայտարարության լիարժեք իրականացումը ու տարածաշրջանում նոր մարտահրավերներ առաջ բերում։

Միրզոյանն անդրադարձել է նաև հայտարարությամբ նախատեսված ռազմագերիների վերադարձի պարտավորությանը, որն ադրբեջանական կողմը զանազան պատրվակներով շարունակում է անտեսել։

«Այդ մասին հայտարարում են նաև ԵԽ-ի հարգարժան անդամներ Մարինա Քալյուրանդը, Անդրեյ Կովաչևը և Ժելյանա Զովկոն՝ շեշտելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցը, համաձայն որի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել էր տեղեկություն տրամադրել կալանքի տակ գտնվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի և նրանց վերադարձնելու ուղղությամբ կատարված քայլերի վերաբերյալ: Ցանկանում եմ պարզաբանել մեր եվրոպացի գործընկերներին, որ Ադրբեջանի այսպիսի գործողությունները լուրջ ռիսկեր են ստեղծում Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և կայունության ստեղծման համար»,– ասել է Միրզոյանը:

Նա նաև շեշտել է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, որով այն սնել է իր քաղաքացիներին տասնամյակներ շարունակ:

ԱԺ նախագահը եվրոպացի գործընկերներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի անօրինական և պարսավելի գործողությունները, հնարավորինս շուտ իրականացնել ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը ՝ առանց նախապայմանների և արհեստականորեն ստեղծված խոչընդոտների:

Ամփոփելով Լեռնային Ղարաբաղի թեման՝ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ, քանի դեռ իրացված չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նա հայտնել է հայկական կողմի հաստատակամությունը՝ շարունակելու բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և կոչ է արել բոլոր միջազգային գործընկերներին աջակցել այդ ձեւաչափի աշխատանքներին:

Խոսելով Հայաստանի ներքին հարցերի մասին՝ Միրզոյանը հայտնել է, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և վստահեցրել է, որ Հայաստանում կա անհրաժեշտ քաղաքական կամք՝ կազմակերպելու ազատ և արդար ընտրություններ, ինչպես 2018 թվականին: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ԵԽ-ն այլ միջազգային գործընկերների հետ միասին կիրականացնի ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություններ:

Միրզոյանը վստահեցրել է, որ, չնայած COVID -19-ից առաջացած բոլոր դժվարություններին ու պատերազմին, Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններն անշրջելի են: