«Ճանաչում. ինչո՞ւ հիմա. ի՞նչ դա կտա. ի՞նչ ռիսկեր կան». միջազգայնագետ
227
Կիրակի, 25 ապրիլի, 2021 թ., 12:56
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ճանաչու՞մ: Ինչո՞ւ հիմա: Ի՞նչ դա կտա: Ի՞նչ ռիսկեր: Իրավական vs քաղաքական ճանաչում: Փորձել եմ պատասխաններ գտնել Ճանաչում: Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը քաղաքական հստակ գնահատական է, որն այսօրվանից համարվում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Սա ճանաչում է և վերջ: Սա նաև հիմք է իրավական գործընթաց սկսելու համար, ասենք օրենքի ուժով մերժումնն արգելելու կամ ասենք ապահովագրական ընկերություններից կամ ամերիկյան բանկերում սառեցված միջոցներից փոխհատուցում ստանալու համար: Սա չի հանգեցնելու որևէ փոխհատուցման, քանի որ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը (տես Գերմանիայի և Հոլոքոսթի օրինակը): Ռեյգանը չէր ճանաչե՞լ: Ոչ, չէր ճանաչել: Խոսելով Հոլոքոստի մասին՝ նա հղում էր տվել Ցեղասպանության վրա: Բայց 1982թ. ի վեր դա չդարձավ ԱՄՆ կառավարության դիրքորոշում: Ժամանակներն էին տարբեր, ԽՍՀՄ-ը կար, պահանջատիրությունն այդքան ազդեցիկ չէր, իսկ Քեն Խաչիկյանի կողմից գրված Ռեյգանի տեքստի պատմությունն այլ թեմա է: Կարո՞ղ է վաղը այլ նախագահ հետ կանգնի ճանաչման փաստից: Տեսականորեն այո, բայց դա շատ քիչ հավանական է ու չափազանց բարդ: Ինչու՞ հիմա: Շատերը փորձում են սա կապել Սյունիքի հետ, սակայն ես այլ դիտակետ էլ ունեմ: Սա ոչ թե արվել է որ մի բան տանեն, այլ արվել է քանի որ մի բան արդեն իսկ մեզնից տարել են: 1. 30 տարի ԱՄՆ-ն պնդել է, որ ԼՂ հարցում ռազմական լուծում չկա: Թուրքիայի միջամտությամբ Ադրբեջանը գնացել է ռազմական լուծման: 2. Թուրք-ամերիկյան հարաբերությունները պատմական մինիմումի վրա են: 3. Պատժում են Էրդողանին (պատկերացրեք սա ինչ նվեր է թուրքական ընդդիմության համար՝ 100 տարի կանխեցինք ճանաչումը, քո պատճառով ճանաչվեց): 4. Էրդողանին պատժում են Սիրիայի, Լիբիայի, Միջերկրական ծովի, քրդերի, Կիպրոսի, Հունաստանի և այլ բաների համար (հիշում եք չէ՞ պապական «այս հարցը մեծերի ձեռքում մանրադրամ է» խոսքը): 5. Իրավիճակի դասավորվածությունը շատ կարևոր է: ԱՄՆ-ի շահը, բնականաբար, առաջնային է: Թուրքիային ճնշել պետք է: ԱՄՆ-ն ակտիվանում է արտաքին քաղաքական դաշտում: Ներքաղաքական դիսկուրսում Թուրքիան ծայրաստիճան բացասաբար է ընդունվում: Այս ամենը պարարտ հող են ձևավորում համայնքի ճիշտ աշխատանքի համար և համայնքն անցնում է գրոհի: Իսկ ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրը բարենպաստ է: Ռիսկեր Կարող է՞ արդյոք Թուրքիան գազազել և ագրեսիվ բաներ անել: Միշտ էլ կարող է: Բայց այստեղ հետևյալ պատասխանը կա: Սա ԱՄՆ նախագահի խոստումն է իր քաղաքացիներին՝ ամերիկահայերին: Հայաստանն այստեղ կապ չունի: Մարդն իր ընտրողին բան է խոստացել ու արել է: Ամերիկացիներն ամեն ինչ արեցին, որ որոշումը շոկային չլինի: Տասնյակ զլմ-ներով «սլիվեր» կազմակերպեցին շաբաթներ շարունակ, Բայդենն էլ տեղեկացրեց իր մտադրության մասին Էրդողանին: Շոկային իրավիճակներում գործողություններն անկառավարելի են: Ի՞նչ դա մեզ կտա Սրա կապիտալիզացիան անծայրածիր է: Թուրքիայի նկատմամբ ճնշումներից, մինչև նախադեպ՝ այլ պետությունների հետ աշխատելու համար: Այսինքն, թուրքերը թիվ մեկ գերտերության կողմից որակվել են ցեղասպան ժողովուրդ: Մնացածը կախված է մեր ունակություններից ու դիվանագիտությունից: Փորձեցի հնարավորինս կարճ ու ամբողջական ներկայացնել իրավիճակը»: