Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նախընտրում եմ այս ճշմարտությունն ասել ընտրություններից 27 օր առաջ, երբ դեռ կարելի է փրկել իրավիճակը»․ Նարեկ Սարգսյան

«Նախընտրում եմ այս ճշմարտությունն ասել ընտրություններից 27 օր առաջ, երբ դեռ կարելի է փրկել իրավիճակը»․ Նարեկ Սարգսյան
233
Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 17:05

ՀԱԿ անդամ, ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտրություններին մնացել է ընդամենը 27 օր, գրեթե բոլոր քաղաքական ուժերը վաղուց սկսել են իրենց քարոզարշավը, բացի Հայ ազգային կոնգրեսից: Քաղաքական ուժերի մեծ մասն ունի իշխանական լծակներ, փող, հեռուստաալիքներ, ֆեյքերի ու մանիպուլյատորների բանակ: Սրան ի հակադրություն՝ Հայ ազգային կոնգրեսն ունի ընդամենը մեկ, բայց շատ հզոր գործիք՝ ճշմարտությունը և պարզ մարդկային խոսքը:
Բայց ինչքան էլ ճշմարտությունը մեր կողմը լինի, պասիվությունը և լռությունը բերելու է այն բանին, որ սուտը և մանիպուլյացիան վերջնականան խլացնելու են ճշմարտության ձայնը: Ինչպես ասում էր Հելմութ Շմիդտը. «Wer nicht redet, wird nicht gehört», այսինքն՝ «Ով չի խոսում, նա չի լսվի»: Այս պասիվությունը կործանելու է մեզ, այս անգամ շատ ավելի դաժան կերպով, քան 2017-ին:
Ինձ կարող են հակաճառել և ասել. «Բայց չէ՞ որ Կոնգրեսը մի քանի օր առաջ համաժողով է արել, ելույթ է ունեցել Տեր-Պետրոսյանը: Իսկ այսօր առաջին նախագահը հրապարակել է ծավալուն հոդված, ինչպե՞ս կարող ես դու, Նարե՛կ, ասել, որ Կոնգրեսը պասիվ է»:
Ցավոք, այդպես խոսողները պատկերացում չունեն ժամանակակից թվային իրականության մասին: Եթե Տեր-Պետրոսյանն այսօրվանից ամեն օր մեկ հատ ծավալուն հոդված հարապարակի, իսկ Զուրաբյանն ու Մանուկյանն օրը մեջ հարցազրույց տան, նույնիսկ այդ դեպքում Կոնգրեսի վարքը կլինի «Պասիվություն և լռություն»:
Ժամանակակից կյանքը հաշվի առնելու դեպքում մենք պիտի դեռ հունվար-փետրվարից սկսեինք հարցազրույցներ տալ, բոլոր կոնգրեսականներիս ֆբ էջերը պիտի վերածված լինեին բանավեճերի և ֆեյսբուքյան տուրուդմփոցների հարթակների, մեր կուսակցության դեմքերը պիտի չիջնեին հեռուստաէկրաններից և ինտերնետային լրատվականներից: Ֆեյսբուքյան գովազդը պիտի գոնե ունենար գոնե մեկ միլիոն դիտում: Եվ այդ դեպքում միայն մենք կատարած կլինեիք ճշմարտությունը տարածելու մեր պարտքը:
Եթե այսօրվանից սկսած Տեր-Պետրոսյանն ամեն օր հարցազրույց տա, իսկ կոնգրեսի ակտիվը՝ օրը 24 ժամ օնլայն ու օֆլայն քարոզի՝ ապա 27 օր այդ ռեժիմով քարոզելու դեպքում դեռ մեծ հարց է, թե արդյո՞ք մեր խոսքը կհասնի բոլորին:
Իսկ եթե վարվենք այնպես, ինչպես վարվել ենք մինչև հիմա, մեզ սպասվում է անխուսափելի կործանում և խայտառակ պարտություն ընտրություններում: Կուսակցության պարտությունն ինձ ամենաքիչն է հուզում: Ողբերգությունն այն է, որ կոնգրեսի պարտություն նշանակում է Հայաստանի պարտություն: Կոնգրեսի ջախջախում նշանակում է Հայաստանի ջախջախում, իսկ կոնգրեսի հաղթանակ, նշանակում է Հայաստանի հաղթանակ՝ գոնե այս տարրական փաստը, հույս ունեմ, ոչ ոք կասկածի տակ չի դնում:
Մեզ հայհոյելու են նաև մեր ապագա սերունդները, որովհետև ետին թվով պարզ տեսնելու են, որ այն ջանասիրությունը, որով Փաշինյանի ու Քոչարյանի թիմերը տարածում են սուտ և մանիպուլյիացիա, եթե այդ ջանքի 50 տոկոսը մենք ներդրած լինեինք ճշմարտությունը տարածելու վրա, մենք ջախջախելու էինք բոլորին և հաղթելու էինք: Բայց մենք նույնիսկ այդ ջանքի 10 տոկոսը չենք ներդրել:
Այս պասիվությամբ մենք անդունդն ենք գլորում կոնգրեսն էլ, Հայաստանն էլ: Կրկնում եմ, այսպես մենք պարտվելու ենք: Պարտվելու ենք խայտառակ ձևով: Ու իշխանական դեմագոգները և ընդդիմադիր սրիկաները ծաղրելու են մեզ, հայհոյելու են: Ու ճիշտ են անելու: Արժանի ենք լինելու: Քանի որ պարտության միակ մեղավորն ենք լինելու:
Ես նախընտրում եմ այս ակնհայտ ճշմարտությունն ասել այսօր՝ ընտրություններից 27 օր առաջ, երբ դեռ կարելի է փրկել իրավիճակը, քան ընտրություններից հետո ասել, որ ես տենց էլ գիտեի»: