Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«30 տարվա ընթացքում Տեր-Պետրոսյանը 10 անգամ իր քաղաքական սկզբունքները փոխել է». Նարինե Մկրտչյան

«30 տարվա ընթացքում Տեր-Պետրոսյանը 10 անգամ իր քաղաքական սկզբունքները փոխել է». Նարինե Մկրտչյան
208
Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 23:40

Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՌԱՐԿԵԼՈՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր երկրորդ խիստ վիճահարույց հոդվածն է հրապարակել: Մի քանի նկատառում այդ առիթով:
Տեր-Պետրոսյանին իզուր է թվում, թե իրենից բացի Ղարաբաղյան Շարժումը, Հայաստանի անկախացման գործընթացը և Հայաստանի Հանրապետության քաղաքական ուղենշային փաստաթղթերը այլ հիշողներ չկան:
Մասնավորապես, Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածին ի պատասխան կուզենայի հիշեցնել, որ 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ Անկախության Հռչակագրի՝ Հայաստանի Հանրապետության ուղենշային փաստաթղթի 11-րդ կետն ընդգծում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Մինչդեռ այսօր նա հայտարարում է «1990-1998 թվականներին պահանջատիրությունը բացարձակապես տեղ չգտավ Հայաստանի իշխանությունների վարած պետական քաղաքականության մեջ: Ամեն ինչ փոխվեց 1998-ի հեղաշրջումից հետո, երբ այն դրվեց հաջորդ իշխանությունների որդեգրած քաղաքականության հիմքում, ինչի կործանարար հետևանքները ես փորձեցի վերհանել սույն հոդվածի հիմնական մասում»:
Երեսուն տարվա ընթացքում Տեր-Պետրոսյանը տասն անգամ իր քաղաքական սկզբունքները փոխել է, ի վերջո որդեգրելով քաղաքական մերժելի ուղեգիծ՝ պարտավողականություն՝ Ղարաբաղի հարցում, կնքելով հայ-ռուսական Մեծ պայմանագիրը և ՀՀ հարավային սահմանները 25 տարով հանձնելով ռուսական կողմին՝ դրանով իսկ Հայաստանում հաստատելով ռուսական գործոնը, Հայաստանը «ժողովրդավարության կղզյակ» հռչակելով՝ երկու անգամ կեղծել է ընտրությունները և Սահմանադրության հանրաքվեն:
Եվ այս ամենից հետո նա դատապարտում է ոչմիթիզհողականությունը, հայոց պահանջատիրությունը, իսկ սեփական քաղաքական վախկոտությունը փորձում է մատուցել որպես ողջախոհություն և իրատեսություն:
Տեր-Պետրոսյանի բախտը բերել է մի հարցում. իշխանության քաղաքական անխելքության և ընդդիմության քաղաքական անհուսության պայմաններում Տեր-Պետրոսյանի հոդվածներն ու ինքնահարցազրույցները քաղաքական բանավեճ չեն հարուցի և նրա համար ինքնամեծարման առիթ կարող են ծառայել:
Սակայն քանի դեռ ողջ ենք Ղարաբաղյան Շարժման մասնակիցներս, Հայաստանի անկախության գործընթացի ականատեսներս, Տեր-Պետրոսյանի քաղաքականության սխալները մատնանշողներս, Տեր-Պետրոսյանին չի հաջողվի պարտվողականությանը մատուցել որպես իրատեսություն:
Մի հարցում Տեր-Պետրոսյանն անմրցելի է. նա, ինչ կարող էր բերել Հայաստանի գլխին՝ բերեց. Սերժ Սարգսյանին դարձրեց անվտանգության ծառայության ղեկավար, Ռոբերտ Քոչարյանին վարչապետ, Նիկոլ Փաշինյանին՝ պատգամավոր ու վարչապետ: Այսօրվա ընտրական փաղանգը նրա քաղաքական ժառանգորդներն են ներկայացնում:
Եթե իրատեսության հաղթանակ ասելով նա այսևայլ հանգամանքները և ներկա արհավիրքը նկատի ունի, ապա նրա քաղաքականությունը, իրոք, հաղթել է, սակայն պարտվել է Հայաստանը»: