«Նիկոլ Փաշինյանը մեր պետության իմունիտետը զրոյացրել է». Տիգրան Պասկևիչյան
262
Շաբաթ, 29 մայիսի, 2021 թ., 13:40
Գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ՊԱՀԸ Նիկոլ Փաշինյանը մեր պետության իմունիտետը զրոյացրել է։ Երկրի ինքնիշխան տարածքում հակառակորդի զինուժի ներկայությունը հանդուրժելը, հայրենի հողում սեփական զինվորներ գերի հանձնելը, ռազմագերիներին ու պատանդներին տուն չդարձնելը, օտարներից դիտորդություն ու ռազմական օգնություն աղերսելն այլևս դարձել են պետական քաղաքականություն։ Պարտությունն ընդամենը իրերի դրության արձանագրում է, բայց երբ վերաճում է գոյավիճակի, պարտվողը դանդաղ ու հետևողականորեն վերանում է։ Սա հասկացողը կհասկանա, որ Նիկոլի և նրա թիմի հետ գնալու ճանապարհ չկա։ Ի՞նչ անել։ Գուցե նայել շուրջը և տեսնել ուրիշնե՞րն ինչպես են լուծել պարտությունը գոյավիճակ չդարձնելու խնդիրը։ Հարևան Վրաստանում, երբ քաղաքացիական պատերազմ բռնկվեց և ընդամենը ամիսներ առաջ ձայների ահռելի քանակով ընտրված նախագահ Զվիադ Գամսախուրդիան լքեց երկիրը, վրացիները գնացին առաջին հերթին հրդեհը մարելու բնական ճանապարհով ու Մոսկվայից հրավիրեցին ղեկավարման (թեև սովետական, նոմենկլատուրային) մեծ փորձ ունեցող Էդուարդ Շևարդնաձեին։ Շևարդնաձեն վրաց պետության իմունիտետն էր։ Նա ինչ-ինչ հարցեր լուծեց, շատ հարցեր չկարողացավ կամ չցանկացավ լուծել, բայց Վրաստանը մնաց, չվերացավ։ Վրացի արձակագիր Լաշա Բուգաձեն անցած տարի ինձ տված հարցազրույցում ասում էր. «Դա այն Շևարդնաձեն էր, որի հեռանալուց հետո [1985] Վրաստանը թեթևացած շունչ էր քաշել»։ Այդ պահին նրանից բացի չկար մեկը, որը կհավաքեր ու կսոսնձեր պետականության փշուրները։ Վրաստանը մնաց ու սպասեց երիտասարդ բարեփոխիչների նոր սերնդին։ Հարևան Ադրբեջանը ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչ Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության շրջանում ոչ միայն Լեռնային Ղարաբաղը չկարողացավ հետ ստանալ, այլև կորցրեց սեփական տարածքներ։ Ադրբեջանցիները գնացին առաջին հերթին հրդեհը մարելու բնական ճանապարհով ու Նախիջևանից հրավիրեցին ղեկավարման (թեև սովետական, նոմենկլատուրային) մեծ փորձ ունեցող Հեյդար Ալիևին։ Ալիևը ադրբեջանական պետության իմունիտետն էր և թույլ չտվեց, որ պարտությունը վերածվի գոյավիճակի։ Հիմա մենք ունենք ղեկավարման մեծ փորձ, ճգնաժամային կառավարման ակնհայտ հմտություններ ունեցող, բանակցելու գործում վարժ Լևոն Տեր-Պետրոսյան, և փոխարենը նրան հանձնելու, այո՛, հանձնելու (արտահեերթ ընտրություններն իրականում ձևական միջոցառում պիտի լինեին) երկրի կառավարումը, քննարկում ու քննարկում ենք՝ այս բանն ինչո՞ւ ասաց, այն բանն ինչի՞ այսպես ձևակերպեց ու նման մանրուքներ։ Ուրեմն՝ հիմա ոչ թե սոսկ լրջանալու, այլ սեփական իմունիտետը գտնելու պահն է։ Նիկոլ Փաշինյանին տրվելիք յուրաքանչյուր քվե պարտությունն իբրև գոյավիճակ ընդունելու պատրաստակամության հայտ է»։