Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

147 ընտրողի 9 մլն դրամ ընտրակաշառք տալու փորձի համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի, ևս 8-ն ունի կասկածյալի կարգավիճակ

147 ընտրողի 9 մլն դրամ ընտրակաշառք տալու փորձի համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի, ևս 8-ն ունի կասկածյալի կարգավիճակ
198
Երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ., 10:30

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2021-ի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ-ն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փորձել են կաշառք տալ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների:

Այսպես, Ռ. Խ-ն նախնական համաձայնություն է ձեռք բերել Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ-ի հետ՝ կայանալիք արտահերթ ընտրություններին դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, իր ավտոմեքենայով գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող՝ Գ. Պ-ի բնակության վայր՝ ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու և Գ. Պ-ի կողմից այդ գումարը նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն Ռ. Խ-ն և Գ. Պ-ն իրենց հանցավոր արարքն ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով. վերջիններս գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ՝ Գ. Պ-ի տան բակից:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 12.06.2021թ-ին Ռ. Խ-ին և Գ. Պ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին 2-րդ կետերով: Նույն օրը քննիչի կողմից նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Այսպիսով, ընտրակաշառքի դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս 8 անձ ունեն կասկածյալի կարգավիճակ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքների և ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ: