Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Բերձորի քաղաքապետը խնդրեց հայտնել, որ բերքը հասել է և սպասում է բնակիչների վերադարձին»․ Նաիրի Հոխիկյան

«Բերձորի քաղաքապետը խնդրեց հայտնել, որ բերքը հասել է և սպասում է բնակիչների վերադարձին»․ Նաիրի Հոխիկյան
193
Ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ., 20:15

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բերձորի թալանի հրապարակման արձագանքը․
Օրեր առաջ տեսանյութ էի հրապարակել Բերձորից, թե ինչպիսի թալան է այնտեղ եղել և լինում՝ մատնանշելով տեղի իշխանության անգործությունը։
Այսօր զանգ ստացա Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանից, ով իր վրդովմունքը հայտնեց տեսանյութում արտահայտված որոշ մտքերի կապակցությամբ՝ նշելով, որ ինքը երբեք աչք չի փակել թալանի վրա և նույնիսկ որոշ դեպքերում դիմել է իրավապահ մարմիններին՝ կանխելու այդ հանցանքը։
Բերձորի քաղաքապետը վերահաստատեց 2020թ․ դեկտեմբերին ինձ ասած խոսքը, որ իրենք և ռուս խաղաղապահները ապահովելու են քաղաք վերադարձող բերձորցիների անվտանգ կեցությունը, իսկ Բերձորի բնակիչների շրջանում տարածվող այն խոսակցությունները, թե ինքը մարդկանց ներքին կարգով առաջարկում է հեռանալ Բերձորից, քանի որ ռուսներն են այդպես ուզում, Նարեկ Ալեքսանյանը անվանեց բամբասանք։
Ես բազմիցս փորձել եմ այդ հարցով կապվել Բերձորի քաղաքապետի հետ՝ ճշտելու այդ տեղեկատվության իսկությունը, սակայն նա անհասանելի է եղել։ Նարեկ Ալեքսանյանը դա բացատրեց կապի ծածկույթի պարբերական խնդիրներով։
Քաղաքապետը խնդրեց իմ մեդիա հարթակներում հայտնել, որ Բերձորում բերքը հասել է և սպասում է տեղի բնակիչների վերադարձին՝ բերքահավաք անելու։
Առաջիկայում ես կրկին կմեկնեմ Բերձոր՝ նոր մանրամասների հետևից։ Նարեկ Ալեքսանյանը խոստացել է գործնական օրինակներով ապացուցել, որ ինքը ոչ միայն կապ չունի թալանի հետ, այլև պայքարում է դրա դեմ և փորձում է մարդկանց վերադարձնել հարազատ քաղաք»։