«Իրականացվում է ջրային ահաբեկչություն-ցեղասպանություն՝ ընդդեմ հայկական հողի վրա մնացած հայ ժողովրդի». Հայկ Մարտիրոսյան
238
Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 23:24
Ազգային-ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքյան էջում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է. «Ջուրն ամենաարդյունավետ զենքերից է: Ադրբեջանն ու Թուրքիան այժմ սկսել են օգտագործել այդ «զենքը» ընդդեմ մնացյալ Հայաստանի: Ջրային ռեսուրսների միակողմանի օգտագործումը, ջրամբարների կառուցումը և գետերի հուների փոխումը պետական մակարդակով ջրային ահաբեկչության դասական օրինակներ են: Ու թեև այդ գործողություններն արգելված են միջազգային օրենքներով, դրանք խախտելու պարագայում հակազդման իրական գործիքակազմ, ըստ էության, չկա: Հատկապես այն պարագայում, երբ Երևանում նստած է դավաճանների ռեժիմ, որ ոչ միայն չի բարձրաձայնում այս ահռելի սպառնալիքի մասին, այլև պլանավորված լռությամբ նպաստում է դրան՝ որևէ միջազգային հակազդեցություն ակնկալելն անիմաստ է: Արցախի ջրային կարևորագույն ակունքներն ու ռեսուրսներն այլևս թշնամու ձեռքին են: Առանց կռվի հանձնված է տարածաշրջանի ջրային գերռեսուրս Քարվաճառը, Թուրքիայում Ախուրյանի վրա ջրամբար է կառուցվում, որ գրեթե ցամաքեցնելու է գետը Հայաստանի հատվածում, բուն ՀԽՍՀ սահմաններից ներս օրեր առաջ զավթված բարձունքների մի զգալի մասը հենց լեռնային ջրավազաններն են, որոնցից ջրառի անհնարինությունը ոչնչացնելու է շրջակա տասնյակ բնակավայրեր: Հայաստանի ներսում Սևանի աղտոտումը, որի արդյունքում ջուրը թունավորվում է և կանաչ գույն ստանում՝ ռեժիմի կողմից չի կասեցվում: Մյուս կողմից շարունակում են ողջ թափով գործել Արարատյան դաշտի ձկնաբուծարանները, որոնք ամենավայրագ ջրի սպառմամբ առհավետ ոչնչացնում են ստորգետնյա ջրավազանի չվերականգնվող ռեսուրսը: Կլիմայի փոփոխությամբ վերանում են սառցադաշտերն ու գագաթային ձնադաշտերը, որոնք, իրենց հերթին, երբեմնի ջրառատ Հայաստանը մատնելու են ջրային քաղցի: Այս ամենը միասին նշանակում է, որ իրականացվում է ջրային ահաբեկչություն-ցեղասպանություն՝ ընդդեմ հայկական հողի վրա մնացած հայ ժողովրդի հատվածի և տարվում է Հայաստանը մարդաթափելու քաղաքականություն: Ընդ որում, դա արվում է նաև ներսից՝ գործակալական ռեժիմի արտաքինից աներևույթ, սակայն շատ էական մասնակցությամբ: Ինչ-որ բան շտկելու, իրավիճակը փրկելու տարբերակներ կան, բայց դրանք անհրաժեշտ է արագ ձեռնարկել: Հակառակ պարագայում Հայաստանը կանապատացվի ու կզրկվի ողջ գյուղական հատվածից: Որն էլ իր հերթին երկիրը սկուտեղի վրա կհանձնի այն թշնամուն: Դա է երկրի ներսի և դրսի թշնամիների պլանը: Եվ այդ պլանն է, որ պետք է կասեցնել այսօր»: