Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ
![]() 242 Երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ., 22:12 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ՝ ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետևողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում: Այս համատեքստում, ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ: Էնթոնի Բլինքենը շեշտել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի կարևորությունը, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում ու արդարադատության ոլորտում և հավելել, որ ԱՄՆ պատրաստակամ է շարունակել օժանդակությունն այս ուղղությամբ: Միաժամանակ նա նշել է, որ երկու երկրների միջև գործընկերությունը խարսխված է ժողովրդավարական արժեքների վրա: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ձեռբերումները գնահատելու համար: Նա բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև Երևանում ոստիկանության պարեկային ծառայության գործունեության մեկնարկի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պարեկային ծառայությունը հետագայում ընդլայնվելու է ողջ երկրում և հույս հայտնել, որ ամերիկյան օժանդակությունը հնարավորություն կտա ամբողջացնել այդ գործընթացը: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել Պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերի՝ մեկ ամիս առաջ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի գործում ներդրած ջանքերը: Որպես տարածաշրջանում կայունության հաստատման առանցքային նշանակության խնդիրներ՝ կարևորվել են գերիների վերադարձի և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման հարցերը: Պետքարտուղարը հավաստիացրել է, որ ԱՄՆ շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, պետքարտուղարը հույժ կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա գտնել հակամարտության կայուն և երկարաժամկետ լուծում: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ևս շեշտել է, որ հակամարտությունը կարգավորված չէ և պահանջում է համապարփակ լուծում, որին հնարավոր է հասնել բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ամերիկյան կողմը նշել է, որ համաձայն է վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, որ ստատուս քվոն չի կարող կայուն լինել և ՄԽ համանախագահության համար անհրաժեշտ է հստակ օրակարգ, որը կնպաստի բանակցությունների հաջողությանը: |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
200Երեկ, 15:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
56717.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
49817.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
60016.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
52115.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
51715.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
53114.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
51614.04.2026, 17:18
