Շաբաթ, 31 հուլիսի, 2021 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Ո՞րն էր պաշտոնական հիմնավորումը և բացատրությունը». Արթուր Սաքունց

«Ո՞րն էր պաշտոնական հիմնավորումը և բացատրությունը». Արթուր Սաքունց
71
Հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ., 12:48

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք իրավունք ունենք տեղեկանալու և կարծիքներ արտահայտելու, բայց Դուք էլ պարտավոր եք տեղեկացնելու.

Երևանում երեկ, որոշ տեղեկություններով ԱԱԾ-ի ներգրավմամբ, ոստիկանության կողմից զանգվածային ստուգումների մասին

Որն էր պաշտոնական հիմնավորումը և բացատրությունը նման զանգվածային ստուգումների անցկացման համար, որի հետևանքով խաթարվել էր, առանձին գնահատականներով կաթվածահար էր եղել երթևեկությունը։

Քանի չկա պաշտոնական հիմնավորման մասին հավաստի կամ մատչելի տեղեկություն, ապա բնական հարց է առաջանում, թե ինչքանով է համաչափ այդ իրականացված զանգվածային ստուգումները, գործողություններն այն նպատակին, որին հասնելու համար իրականացվել են դրանք՝ մարդկային, տեխնիկական նյութական մեծ ռեսուրսների ներգրավմամբ։

Նորից եմ կրկնում, չկա որևէ պաշտոնական բացատրություն նման գործողության համար։

Եթե ելնենք այն վարկածից, թե փնտրում էին ինչ-որ դիվերսիոն կամ զինված խմբավորում, որը պետք է ինչ-ինչ հանցավոր գործողություն իրականացնի, ապա նույնիսկ նման վարկածի դեպքում հարցեր են ծագում։

Եթե նման խմբի մասին իրավապահներն ունեին որևէ տեղեկություն, ապա նման զանգվածային ստուգումն ուղղակի ոչ թե անմտություն, այլ նույնիսկ անգրագիտություն պետք է համարել։ Նման հրապարակային, զանգվածային միջոցառում իրականացնելու դեպքում, ենթադրյալ զինված խմբավորումն ուղղակի կթաքնվի, ու հաստատ որևէ մեկը չի կարծում, չէ՞, որ իմանալով թե իրենց փնտրում են, օրը ցերեկով կամ հրապարակավ փողոցներում թրև գան, մինչև իրենց ձերբակալեն կամ հայտնաբերեն։

Այսինքն՝ նման վարկածի դեպքում նման գործողությունը ոչ միայն անհամաչափ է, այլև ուղղակի ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։

Եթե ելնենք այն վարկածից, թե փնտրում էին ինչ-որ դիվերսիոն կամ զինված խմբավորում, նման դեպքում, օպերատիվ այլ բնույթի աշխատանքներ պետք է կատարվեն՝ ստացված տեղեկությունը ճշտելու, խմբի հնարավոր անդամներին նույնականացնելու, նրանց գտնվելու վայրը կամ վայրերը հայտնաբերելու, զենքի կամ սպառազինության պահելու, թաքցնելու վայրերը ճշտելու նպատակով։

Երեկվա ոստիկանա-աածական գործողությունն ավելի շուտ կարող է կիրառվել և արդարացված համարվել արդեն իսկ կատարված կամ ավարտին չհասցրած քրեական հանցագործություն կատարած անձանց՝ թարմ հետքերով փնտրելու նպատակով։

Պետք է ենթադրել, թե երեկ նման բնույթի հանցագործություն է կատարվել․ բայց դրա մասին որևէ պաշտոնական տեղեկություններ չեն տարածվել, կոչ չի արվել քաղաքացիներին, թե այս նշաններով կամ հատկանիշներով անձանց տեսնելու, կամ նկատելու դեպքում ահազանգեք ոստիկանություն։

Այսինքն՝ նման, նոր հանցագործության մասին որևէ պաշտոնական տեղեկություն չի տարածվել, և այն կատարածներին փնտրելու, գտնելու աշխատանքներում քաղաքացիների ներգրավման որևէ ջանքեր նույնպես չենք տեսել։

Մնում է ենթադրել, թե այնպիսի բնույթի հանցագործություն է կատարվել, որի կատարողներին հայտնաբերելու աշխատանքներում քաղաքացիների ներգրավումը վտանգավոր է, կամ անարդյունավետ է։

Բայց նման պարագայում էլ նման զանգվածային ստուգումներն առավել անտրամաբանական կլինեն, քանի որ նման զանգվածային ստուգումների են ենթարկվում բոլոր քաղաքացիները, այսինքն՝ բոլոր ստուգվողներն են կասկածվում այդ «այլ» բնույթի հանցագործություն կատարելու մեջ։

Բայց սա առավել անհեթեթ վիճակ է ստեղծում հենց իրավապահ մարմինների համար։ Ուրեմն՝ այն տեղեկությունը, թե իբր զինված հանցավոր խումբ կա, որին փնտրելու և գտնելու նպատակով նման զանգվածային ստուգումներ եք իրականացնում, ստուգված չի, ավելին, տեղեկություն էլ չի։
Հետևաբար նման չստուգված, գուցե և անհիմն տեղեկության հիման վրա նման ծավալի գործողությունների և դրանց համար այդքան մեծ ռեսուրսների ներգրավումն ուղղակի անօգուտ ու անհեթեթ է։

Ի վերջո, ինչ նպատակով իրականացվեցին երեկվա զանգվածային ստուգումները, որոնք կարող ենք անվանել որպես հասարակության նկատմամբ անհամաչափ ուժի ցուցադրում, ինչքան արժեցավ պետական բյուջեի, մեր հարկատուների վրա այդ ամոբղջ անպտուղ «օպերացիան», որի արդյունքների մասին որևէ տեղեկություն չի ներկայացվել մինչ այժմ։

Քանի դեռ պաշտոնական որևէ բացատրություն ու հիմնավորում չի ներկայացված, բոլոր նույնիսկ ամենաանհեթեթ վարկածներն էլ ունեն հիմքեր՝ սկսած նոր ձևավորվող կառավարության մոտ՝ ուժայինների կողմից ուժի ցուցադրման միջոցով անվստահության և վախի ձևավորում, մինչև հասարակության նկատմամբ տոտալ ուժի ցուցադրման ակցիա։

Կամ էլ, մեղմ վարկածի դեպքում, ուղղակի անգրագիտության դրսևորման հետ գործ ունենք, բայց ես չեմ գտնում, թե անգրագետ են իրավապահ մարմիններում աշխատողները։
Մնում է միայն տարատեսակ ենթադրություններ անել, քանի դեռ պաշտոնական բացատրություն չկա։

Հետո չասեք, թե որտեղից են առաջանում ապատեղեկատվությունները, մանիպուլյացիաները, որոնց դեմ փորձում եք պայքարել։

Այ հենց նման, հասարակության հանդեպ անպատասխանատու վերաբերմունքից, երբ չի տրվում պաշտոնական, վստահելի տեղեկություն, որի բացակայության դեպքում տեղեկատվական դաշտը հեղեվում է ամենատարբեր դավադրապաշտական, ապատեղեկատվական, մանիպուլյացիոն հոսքերով»։

Աղբյուրը`   Արթուր Սաքունց