Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան

«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
40
Այսօր, 16:24

«Ռեստարտ» ՀԿ-ի համակարգող Դավիթ Պետրոսյանի գրառումը. «Հիքմեթ Հաջիևի արարքը և դրան Բաքվում հավատարմագրված դեսպանների արձագանքը նորից փաստում են, որ մենք ապրում ենք անարխիկ աշխարհում, որտեղ գոյատևման միակ բաղադրատոմսը ինքնօգնությունն ու հզորացումն են։ Պետք չէ որևէ մեկից ակնկալել ըմբռնում կամ կարեկցանք։ Եթե նույնիսկ դրանք լինեն, ապա շատ ավելի հավանական է, որ պայմանավորված կլինեն ոչ թե մարդասիրական մոտիվներով, այլ պարզ շահերով։ Հիքմեթ Հաջիևը կարողանում է իրեն այդպես պահել, քանի որ Ադրբեջանի հետ համագործակցութունը որոշակի արժեք է ներկայացնում նրանց համար, ովքեր այցելել են Գանձասար։ Եթե կարողանանք բարձրացնել մեր արժեքը, ապա մեզ հետ նման վերաբերվելը կլինի ավելի թանկ՝ հետևաբար նաև ավելի քիչ։
Ես չեմ սպասում որևէ հայտարարության կամ կարեկցանքի որևէ մեկի կողմից։ Եթե դրանք լինեն, իհարկե, ուրախ կլինեմ, բայց մեր պատմական փորձը՝ Հայոց ցեղասպանությունը, Սումգայիթի ու Բաքվի ջարդերը, Արցախի էթնիկ զտումը, ինձ հիմք է տալիս կասկածելու դրանց արդյունավետության վրա։
Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել։ Մենք գտնվում ենք բազմաշերտ մրցակցության փուլում՝ սպառազինությունների, տնտեսության, ինչպես նաև տեղեկատվական հարթության մեջ, որտեղ հատկապես կարևոր է կոգնիտիվ անվտանգությունը։ Ես իրավիճաը հենց այս տեսանկյունից կդիտարկեմ՝ հասկանալու համար, թե այս մեծ համակարգում տվյալ իրադարձությունը կամ քայլը ինչ դեր ու նպատակ ունի։ Չեմ ցանկանում ոչ գերագնահատել դրա նշանակությունը, ոչ էլ թերագնահատել։ Եվ հենց այդ հաշվարկի հիման վրա էլ կմշակեմ իմ արձագանքը։
2025թ. օգոստոսի 8-ը մեզ չի բերել հավիտենական խաղաղություն, այլ տվել է հնարավորության պատուհան՝ պատերազմի բացակայությունն օգտագործելով՝ վերկանգնելու ուժերի բալանսը։ Եթե լավ աշխատենք, կհաջողենք ու կստիպենք, որ մեզ հարգեն։ Եթե ոչ, ապա նորից պետք է սպասենք, որ որևէ երկիր, միջազգային կազմակերպություն կամ օտարերկրյա գործիչ հորդորի, որ մեզ հարգեն։ Ես նախընտրում եմ անել այն, ինչ ինձնից է կախված, այլ ոչ թե հույսս դնել բաների վրա, որ ինձնից կախված չեն։ Առաջինի դեպքում պետք է շատ աշխատել, երկրորդի դեպքում կարելի է խուսափել աշխատանքից ու մեղադրել անարդար աշխարհին»։

Աղբյուրը`   Դավիթ Պետրոսյան