«Արդյո՞ք Հայաստանը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ». Աբովյան
286
Շաբաթ, 28 օգոստոսի, 2021 թ., 02:06
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես չեմ դադարում զարմանալ, թե ինչպիսի մոլագար համառությամբ են այսօրվա իշխանությունները տանում Հայաստանը դեպի թուրքական կլանում և կործանում: Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որ Թուրքիայից «դրական» ազդակներ կան, և, թե բա, Հայաստանը նույնպես «դրական» կպատասխանի: Ես շատ ուշադիր հետևում եմ թուրքական տեղեկատվական տարածքին՝ կապված թուրք պաշտոնյաների հայտարարությունների հետ և անկեղծորեն հրաժարվում եմ հասկանալ, թե ինչ ի նկատի ունեն, երբ խոսում են Հայաստանի նկատմամբ թուրքական դրական ազդակների մասին: Ի՞նչն է Փաշինյանը համարում թուրքերի կողմից դրական ազդակներ: Գուցե այն փաստը, որ Թուրքիան երկու օրը մեկ հայտարարում է Ադրբեջանին Հայաստանի հետ դիմակայության մեջ իր ռազմական աջակցությանը մասի՞ն: Իսկ գուցե թուրքական հյուպատոսության բացո՞ւմը օկուպացված հայկական Շուշի քաղաքում: Իսկ գուցե դրական ազդակ է համարում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությո՞ւնը, թե Թուրքիան և Ադրբեջանը ռազմական համագործակցություն են զարգացնում՝ առանձին մատնանշելով Հայաստանին որպես հիմնական թշնամի: Իսկ գուցե թուրքական իշխանությունների կողմից իսլամական գրոհայինների տեղափոխո՞ւմը Արցախի օկուպացված շրջաններ: Թե՞ Հայաստանի ներկայիս կառավարության համար դրական ազդանշան է հանդիսանում այն, որ Թուրքիան ավելացնում է բյուջեի ծախսերը՝ Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու համար: Իսկ գուցե այն, որ հենց Թուրքիա՞ն է կանգնած իր ադրբեջանցի ծառաների բոլոր սադրանքների հետևում: Որո՞նք են ազդանշանները: Իսկ գուցե Հայաստանի իշխանությունները խոսում են ինչ-որ ա՞յլ Թուրքիայի մասին: Ինչպես ավելի վաղ ասացի, Հայաստանի գոյության համար հիմնական վտանգը նրանում է, որ ներկայիս իշխանությունները վարում են բացարձակ անգրագետ, անհեթեթ և հակահայկական քաղաքականություն, ինչը մեզ տանում է դեպի անդունդը: Եվ ի դեպ, ես 165 անգամ կկրկնեմ մի հարց, որը պաշտոնապես ուղղել էի Հայաստանի կառավարությանը՝ պատգամավոր եղած ժամանակ, բայց այդպես էլ պատասխան չստացա: Արդյո՞ք Հայաստանը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ: Ի՞նչ նախապայմաններ է Թուրքիան առաջ քաշել Հայաստանի առաջ: Պատրա՞ստ են արդյոք Հայաստանի իշխանությունները միանալ թուրք և հայ պատմաբանների կեղծ հանձնաժողովին՝ իբր «1915 թվականի իրադարձությունները» ուսումնասիրելու համար, ինչը թուրքերի համար առանցքային գործիք է Հայոց ցեղասպանության ժխտման համար: Սպասում եմ պատասխանների»: