Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հեշտորեն կարելի է պարզել ազգագրական մաֆիայի ներկայացուցիչներին». Հայկ Դեմոյան

«Հեշտորեն կարելի է պարզել ազգագրական մաֆիայի ներկայացուցիչներին». Հայկ Դեմոյան
952
Հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ., 01:12

ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳՄՍ կամ ինչպես չխուսափել կոռուպցիայից

Գառնիում վերջերս տեղի ունեցած միջադեպը ստիպեց ինձ անդրադառնալ երկու դրվագի, որոնք լավագույնս ցույց են տալիս, որ ԿԳՄՍ կոչված ամուլ կառույցը տակավին շարունակում է աշխատել ու գործել փող կպցնելու, կերակրատաշտակներ արարելու, դրա շուրջ առկա ու գոյացած ֆինանսական միջոցները յուրայինների միջև բաշխելու և մշտնջենական ատկատային համակարգը վառ պահելու սրբազան ձգտումներով։

Այս գրառումն առաջին անդրադարձը կլինի նաև, այսպես կոչված, «ազգագրագետների գործին», որի թղթապանակները շուտով կհրապարակվեն և հանրությունը առաջին անգամ կտեղեկանա խայտառակ կոռուպցիոն մանրամասնությունների ու փաստերի մասին։

Եվ այսպես։ 2020 և 2021 ԿԳՄՍ հայտարարում է պետական դրամաշնորհային մրցույթ, որին դիմում է նաև Գյումրիում մշակութային նոր օջախների ստեղծմամբ զբաղվող

«ԳՅՈՒՄՐԻ 20/25 բարեգործական հիմնադրամը»։

Հայտարարված մրցույթի պայմանների համաձայն, հիմնադրամը ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը։
Առաջին հայտով, թանգարանային ցուցադրություններ անվանակարգով, 2020 թ․ ներկայացրել էինք ՀԱՅՈՒՀԻ թանգարանային ցուցադրության նախագիծը, որը պետք է պատրաստվեր Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի վերանորոգման ենթակա շենքերից մեկում, որտեղ նկարահանվել են «ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՆԳՈՆ» սիրված կինոֆիլմի հայտնի դրվագները։

Մրցույթային այս անվանակարգում, ի թիվս այլոց, նշված էին հետևյալ չափորոշիչները՝ Հայկական պատմամշակութային ժառանգության նորովի ներկայացման հնարավորությունների ընդլայնում և արդիականացման նպաստում, Թանգարանային զբոսաշրջության զարգացման նպաստում և այլն։ Դե իսկ պատմական միջավայրում և Երևան քաղաքից դուրս մշակութային ծրագրերի առաջնայնության թեզն իմը չի, այլ արձանագրված է այս նախարարության գործունեության հայեցակարգում։

Այս պատմության մեջ ամենացնցողը թերևս այն է, որ ՀԱՅՈՒՀԻ թանգարանային ցուցադրության նախագիծը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ մենք շենքի տարածքում սրճարան ենք բացելու, այնինչ արդեն գործող ցուցադրության հազարավոր այցելուներ կարող են հավաստել, որ այնտեղ ոչ մի սրճարան էլ չկա...

ՀԱՅՈՒՀԻ թանգարանը բացվեց մեծ ճիգերի գնով և այսօր հանդիսանում է գյումեցիների ու Գյումրի այցելող զբոսաշրջիկների ամենասիրված ու ամենաայցելվող վայրերից մեկը... Ի հեճուկս Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության...

Այս տարի նույն մրցույթի նույն անվանակարգով ներկայացրել էինք 1887թ․ պատմական շենքի տարածքում ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ նախագիծը, որը բացառիկ ցուցադրական նյութ է պարունակում։ Եվ ի՞նչ։ Հայաստանի Հանրապետության, այո՛, այո՛, Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը երկրրդ անգամ մերժում Գյումրիում նոր թանգարանային հաստատություն ունենալու նախագիծը։ Այս մերժումն արդեն առանց որևէ հիմնավորման էր։ Պատվախնդրությունը շատ պարտավորեցնող բան է ու ամեն մեկի խելքի բանը չի։ Ուստի, կրկին լարելով մեր ջանքերն ու միջոցները, այս ամիս Գյումրիում իր դռները կբացի ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ թանգարանը՝ Հայաստանի Հանրապետության 30-րդ տարեդարձի կապակցությամբ։ Կրկին՝ ի հեճուկս Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի (՞) և սպորտի նախարարության...

Հիմա գլխավոր հարցը․ իսկ ովքե՞ր են վերահսկում մեր, հարկատուներիս միջոցների հաշվին ձևավորված պետական գումարները՝ այսպիսի կոռուպցիոն գործելաոճ որդեգրելով դրանք տնօրինելու համար։ Շան գլուխը թաղված է «ազգագրագետների գործի» մեջ։ Անուններ առայժմ չեմ տալիս, բայց հեշտորեն կարելի է պարզել նախագծերի հաստատումն ու մերժումն ուղղորդող ազգագրական մաֆիայի ներկայացուցիչներին, որոնք էլ մեծ ազդեցություն ունեն նախարարության որոշումների ու ֆինանսական վերաբաշխումների վրա։

Եվ այսպես․ Գյումրիում երկու թանգարանային նախագծերի մերժում ԿԳՄՍ-ի կողմից՝ կոռուպցիոն հիմքերով։ Երկու թանգարանները Գյումրիում իրագործվել են ի հեճուկս ԿԳՄՍ-ի և այս կառույցի հռչակած հայեցակարգի, որը, փաստորեն, ոչինչ էլ չարժի, ինչպես և ոչինչ չարժեն նախարարության կողմից իրագործվող հակակոռուպցիոն ծրագրերը...

Հ.Գ․ Եթե այս քառատառ նախարարությունից կլինեն համարձակներ ինձ հակադարձելու կամ գերատեսչության պատիվը փրկելու համար, ապա լավագույն տարբերակը կհամարեմ հենց Գյումրիում, այս երկու թանգարանների տարածքից Live ձևաչափով հանրային բանավեճի անցկացումը...»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան