ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է․ «Խորը կսկիծով հայտնում ենք, որ 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հանրապետության նախագահի խորհրդական, դիվանագետ, թարգմանիչ Համլետ Արամայիսի Գասպարյանը, ով իր բազմամյա գործունեության և փորձի շնորհիվ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։ Համլետ Գասպարյանը հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, կազմել և խմբագրել գրքեր, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ: Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Համլետ Գասպարյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։ Արտաքին գործերի նախարարությունը ցավակցում է Համլետ Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը: *** Համլետ Գասպարյանը ծնվել է 1950թ. մայիսին 20-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում: 1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը: Խորհրդային տարիներին աշխատել է տպարաններում և հրատարակչական տներում որպես սրբագրիչ և հրատարակչական խմբագիր: Մասնակցել է ղարաբաղյան շարժմանը, անդամակցել «Հայ Դատի պաշտպանության ընկերությանը»: 1988թ. աշխատակցել է անկախ հրատարակություններին և թերթերին («Հայ Դատ», «Հայ Աշխարհ»): 1989-1990թթ. եղել է «Հայ աշխարհ» թերթի խմբագրի տեղակալը: 1989-1990թթ. մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը՝ մինչև 1995թ. ապրիլը լինելով օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը: Այդ ընթացքում, որպես լրագրող, բազմիցս լուսաբանել է Հայաստանի ղեկավարության և հայկական պատվիրակությունների արտասահմանյան այցելությունները: 1995թ. աշխատանքի է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: 1995-1996թթ. գործուղվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն: 1996-1997թթ. - ԱԳՆ Եվրոպայի վարչության առաջին քարտուղար: 1997-1998թթ. - եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրենը: 1999-2002թթ. - Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, խորհրդական: 2002-2003թթ. աշխատել է ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչությունում որպես խորհրդական, այնուհետև՝ 2003-2006 թվականներին եղել է ԱԳՆ մամուլի խոսնակ, մամուլի և տեղեկատվության վարչության պետ: 2005թ. Համլետ Գասպարյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: 2006-2010թթ. - Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, դեսպանորդ։ 2008-2009թթ․ - Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, գործերի ժամանակավոր հավատարմատար։ 2010-2017թթ․ - Ռումինիայում ՀՀ դեսպան։ 2014-2017թթ․ - Չեռնոգորիայում ՀՀ դեսպան: 2018թ. փետրվարի 12-ին նշանակվել է ԱԳՆ քաղծրագրավորման վարչության պետ-նախարարի խորհրդական: 2018թ. ապրիլի 11-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական: 2020թ. մայիսին Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով»: