Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հատկապես վերջին 150 տարվա ընթացքում հայությունը հետևողականորեն ոչնչացվել է իր բնօրրանում»․ Սարո Սարոյան

«Հատկապես վերջին 150 տարվա ընթացքում հայությունը հետևողականորեն ոչնչացվել է իր բնօրրանում»․ Սարո Սարոյան
215
Շաբաթ, 02 հոկտեմբերի, 2021 թ., 03:06

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արաքսի հովտում Իրանի կողմից անցկացվող զորավարժությունների մասին։
Մեր տարածաշրջանում, այն է՝ անցյալի Անդրկովկասում, իսկ ներկայի՝ Հարավային Կովկասում, որոնք որպես քաղաքագիտական տերմիններ ի հայտ են եկել հայերով, վրացիներով ու Կովկասի թաթարներով (մահմեդականներով) բնակեցված շրջաններում Ռուսաստանի ուղղակի ներկայությունն ամրագրելու կամ ազդեցությունը հաշվի առնելու հետևանքով, Իրանը ոտք չի դրել արդեն գրեթե 200 տարի։ 1828 թ․ հետո շատ իրադարձություններ են եղել՝ մի քանի ռուս-թուրքական պատերազմներ, սահմանների վերաձևումներ, էթնիկ տարբեր զտումներ և այլն։ Բայց ամենից մեծ փոփոխությունն այն դեմոգրաֆիական փոփոխությունն է, որը եղել է այս տարածաշրջանում։ Հատկապես վերջին 150 տարվա ընթացքում հայությունը հետևողականորեն ոչնչացվել է իր բնօրրանում, իսկ նրա տարածման արեալը սեղմվել 30 000-40 000 քառակուսի կմ-ի մեջ։ Հայության շրջանում ներկայիս հիմնական քաղաքական դիսկուրսները՝ վերաբերող հայ-ռուսական բարեկամությանը և հայ-թուրքական հաշտեցմանը, ուղղակիորեն հետևանք են Ռուսաստանի կողմից երբևէ իրականացված Անդրկովկաս-Հարավային Կովկասի ռազմավարական ծրագրավորման։ 2 դար տևող դեպքերի ընթացքն արդեն իսկ վկայում է, որ տարածաշրջանային նույն ֆորմատի մեջ և մեզ հատկացված քաղաքական (պետական) նույն մոդելի պայմաններում մենք կարող ենք գոյատևել առավելագույնը ևս մեկ կամ մի քանի տասնամյակ, ոչ ավել։ Այսօր Իրանի կողմից Արաքսի հովտում անցկացվող զորավարժությունները նշանակություն ունեն ոչ այնքան կարճաժամկետ, որքան միջնաժամկետ այնպիսի զարգացումների համատեքստում, որտեղ հայությունը կկարողանա ձևակերպել ու հաստատել 200-ամյա ստատուս քվոն փոխելու իր գիտակցությունն ու վճռականությունը։ Խոսքս բոլորովին չի վերաբերում մեզանում իրանասիրությունը կամ իրանամետությունը խթանելուն։ Ինձ ճանաչողները գիտեն, որ տանել չեմ կարողանում օտարասիրությունը, մերժում եմ կրոնական գիտակցությունը, արտաքին փրկչի գաղափարին լավագույն դեպքում վերաբերում եմ հեգնանքով, հակակրանք ունեմ բոլոր տեսակի օտարասերների նկատմամբ։ Սակայն, գտնում եմ, որ 200-ամյա բացասական զարգացումների շղթան կտրելու հնարավորություններից մեկը հենց այնպիսի քաղաքականության վարումն է, որը կխթանի, կօժանդակի ու կօգնի Իրանին 200-ամյա ընդմիջումից հետո ի վերջո անցնել Ռուբիկոնը՝ Արաքս գետը ու շուռ տալ այն խաղատախտակը, որը կոչվում է Անդրկովկաս-Հարավային Կովկաս։ Իհարկե, ես խոսում եմ Հայոց ռազմավարական ծրագրավորման մասին, որից կիլոմետրերով հեռու են ներկա քաղաքական ու պետական դասի մեր տգետ ներկայացուցիչները»։

Աղբյուրը`   Սարո Սարոյան