«Ռուսաստանն ու Թուրքիան այրվելու են հանուն նոր աշխարհակարգի ստեղծման բռնկված հրդեհի մեջ». Վարուժան Ավետիսյան
298
Շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ., 20:18
ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա Ռուսաստանն ու Թուրքիան պարտված Ռուսական և Օսմանյան կայսրությունների մնացորդներ են, որ այրվելու են հանուն նոր աշխարհակարգի ստեղծման բռնկված հրդեհի մեջ։ Խորհրդային Միությունը ժամանակավոր փորձարարական պոռթկում էր, որ բնականից երկար կյանք ունեցավ ու անբնական մեծ կարգավիճակ ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի շնորհիվ։ Քեմալը Թուրքիան ազգային պետության տեսքով ներկայացրեց աշխարհին, որպեսզի կասեցնի հետագա անխուսափելի անկումը, սակայն Թուրքիայի կայսերական էությունն ու բնույթը հնարավոր չէր զսպել և հիմա այն անկասելի կերպով դրսևորվում է՝ զրոյացնելով բնությանն ու պատմությանը խաբելու Քեմալի ջանքերը։ Այսօրվա Թուրքիան շատ առումներով և, իհարկե, շատ ավելի կարճ ժամկետով, կրկնում է Խորհրդային Միության կենսափուլը։ Հիմա արդեն Ռուսաստանը և Թուրքիան կենսափուլային առումով հավասարվում են և միանում են դեպի համակարգային քայքայում իրենց ուղիներով։ Հայաստանն այդ երկուսի միջեւ է և նույնպես կայրվի, եթե նոր աշխարհակարգի համար պիտանի լինելու հայտ չներկայացնի և դրա շնորհիվ չստանա հրդեհից պաշտպանության հատուկ միջոցներ։ Առաջին քայլերը պետք է լինեն «Սովետական Հայաստան» իրավաքաղաքական հայեցակարգից հրաժարվելը, ռուսական պորտալարը կտրելու և, առհասարակ՝ ռուս-թուրքական փակուղուց դուրս կյանք ու աշխարհ պատկերացնելու հաստատ որոշում կայացնելն ու դրա մասին հայտարարելը։ Ի դեպ, մեկ դար առաջ քաղաքակիրթ աշխարհը Հայաստանին տվեց փրկության իրավաքաղաքական փաթեթը (Ազգերի լիգայի որոշումներ, Սևր, Վիլսոն), սակայն չկարողացավ դա իրականություն դարձնել, քանի որ գերիշխեց միջանկյալ կենսափուլով վերաամրացող Ռուսաստանի և Թուրքիայի ագրեսիվ ինքնահաստատումը։ Հիմա արդեն այս երկուսի վերջին կենսափուլի ժամանակն է, ուստի պետք է վերարծարծել արդեն առկա իրավաքաղաքական փաթեթը և այն ամրագրել գետնի վրա։ Իր անհամեմատ մեծ մասշտաբով, բայց ըստ էության նույն ընտրության առջև է կանգնած նաև Իրանը։ Վրաստանը դեռևս իներցիայի մեջ է և փորձում է մյուսների հաշվին հետաձգել այրվելու իր հերթը։ Վրաստանը պետք է հասկանա, որ փրկությունը Հայաստանի հետ միասին է լինելու։ Ադրբեջանն արհեստական գոյացություն է, բնապատմականորեն դեպի անկում գնացող Ռուսաստանի և Թուրքիայի միջանկյալ մի որդեգրյալ, ուստի ընտրության հնարավորություն չունի, նա դատապարտված է հրդեհի բաժին դառնալու։ Հայկական բարձրավանդակի և հայկական ժառանգության ու առաքելության համար պայքարը մտնում է միանգամայն նոր և դարակազմիկ շրջան։ Սա ոչ միայն հայկական, այլև նախ տարածաշրջանային, ապա նաև քաղաքակրթական նշանակության վիթխարի և կենսատու մի գործընթաց է, որ պահանջելու է ոգու, մտքի և կամքի միանգամայն նորացված՝ Արարատյան մարդու որակներ։ Վերջ գաճաճությանը։ Դեպի ահագնացում, դեպի Ծիրանի ծով, դեպի վահագնատիպ մաքառումի և արարումի վիշապաքաղություն»։