Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Խղճուկ ելույթ էր, որում Փաշինյանը համարժեք պատասխան չտվեց Ալիևի ստերին»․ Լևոն Զուրաբյան

«Խղճուկ ելույթ էր, որում Փաշինյանը համարժեք պատասխան չտվեց Ալիևի ստերին»․ Լևոն Զուրաբյան
372
Ուրբաթ, 15 հոկտեմբերի, 2021 թ., 20:24

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գրառումը. «ՆԻԿՈ՛Լ, ՀԵՌԱՑԻ՛Ր
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար հանդիպումն էր, որը հեռարձակվում էր «Россия 24» հեռւստաալիքով, և մեզ բախտ վիճակվեց (կամ միգուցե՝ դժբախտություն) ուղիղ եթերում ունկնդրել Ալիևի և Փաշինյանի ելույթները։
Ալիևն իր ելույթում մեղադրեց Հայաստանին բազմաթիվ հանցագործությունների մեջ, Ադրբեջանի տարածքները օկուպացնելու և ամբողջությամբ ավերելու, մզկիթները քանդելու կամ մուսուլմաններին հատուկ վիրավորելու նպատակով մզկիթներում խոզեր պահելու, Իրանի հետ միասին, ըստ էության, պետականորեն նարկոտրաֆիկ կազմակերպելու և նմանատիպ այլ բաների համար։
Նրանից անմիջապես հետո ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը։ Մի կողմ թողնեմ ռուսերենի գրավոր տեքստը դժվարությամբ և անգրագետ մարդու առոգանությամբ կարդալու խնդիրները, որոնք բնորոշ են նաև իր անգլերենին։ Բովանդակությամբ դա մի խղճուկ ելույթ էր, որում Փաշինյանը ոչ մի համարժեք պատասխան չտվեց Ալիևի շահարկումներին ու ստերին և Հայաստանին այդպիսի լայն լսարանի առջև նվաստացնելու փորձերին։
Մասնավորապես, Փաշինյանը հերթական անգամ չներկայացրեց ղարաբաղյան հակամարտության էությունը և պատերազմական գործողությունների հրահրման իրական մեղավորներին։ Պետք էր ասել, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի կառավարության միջև հակամարտության գլխվավոր պատճառը եղել է Ադրբեջանի՝ ըստ էության ցեղասպան մտադրությունը ռազմական գործողություններով հայաթափելու Արցախը, որը հանդգնել էր պահանջել անվտանգություն և ազատություն։ Պետք էր ասել, որ անվտանգության գոտին ստեղծվել էր հենց մարդկանց կյանքն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, այն բանից հետո, երբ Ադրբեջանում տեղի ունեցան հայերի բազմաթիվ ջարդեր, իսկ հետագայում նաև Ադրբեջանը բազմիցս խախտելով զինադադարի մասին պայմանավորվածությունները և ՄԱԿ֊ի անվտանգության Խորհրդի բանաձևերը, վերսկսել էր պատերազմական հարձակումները։ Փաշինյանն այս ամենը չգիտի՞, թե՞ նպատակահարմար չի համարել հիշատակել։ Ստացվեց այնպես, կարծես Ադրբեջանն իրեն պահել է հրեշտակի պես, իսկ դաժան և վայրի հայերը օկուպացրել են Ադրբեջանի տարածքները և զբաղվել քանդարարությամբ և վանդալիզմով։
Նիկոլը նաև չբացատրեց, որ ղարաբաղյան հակամարտության ավարտի մասին Ալիևի պնդումներն անհիմն են, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և ազատության խնդիրը, ինչը, ինչպես արդեն ասվեց, ղարաբաղյան հակամարտության բուն պատճառն է։
Ալիևի մեղադրանքները Իրանի հետ պայմանավորված նարկոտրաֆիկ կազմակերպելու վերաբերյալ հավասարազոր էին Հայաստանն ու Իրանը կազմակերպված հանցագործությամբ զբաղվող և հովանավորող պետություններ հայտարարելուն, ինչին պետք էր շատ հստակ հակահարված տալ։ Ալիևի պնդումները պետք է որակվեին որպես ստախոս թշնամական պրոպագանդա, որն ուղղված է հաշտության և լարվածության, ինչպես նաև էթնիկ ատելության մթնոլորտի հաղթահարման բոլոր ջանքերի դեմ։ Սակայն Նիկոլը վախենում էր տալ Ալիևի կամ Ադրբեջանի անունը, անգամ երբ խոսեց այն մասին, որ սադրանքները մեր տարածաշրջանում ամենօրյա առօրյա են դարձել։
Փաշինյանի նման վախվորածության պատճառը ակնհայտ է, և այն որևէ կապ չունի դիվանագիտության կամ խաղաղության հաստատման անհրաժեշտության հետ։ Նրա պահվածքը նման է քուչի պոռոտախոս լակոտի վարքին, որը հոխորտում է փողոցային կռվից առաջ, իսկ հետո ընդունում իրեն ծեծածի գերակայությունը։ Համարժեք չեն ո՛չ նրա սպառնալից հոխորտանքը պատերազմից առաջ, ո՛չ էլ՝ պարտությունից հետո ամենինչում զիջելու և ամեն գնով Ալիևի բարկությունից խուսափելու ցանկությունը։
ԱՊՀ այսօրվա նիստը ցույց տվեց, թե ինչպես է Փաշինյանը «պաշտպանում» մեր ազգային շահերը միջազգային բանակցություններում։ Նման ղեկավարով և նրա քաղաքականությունն իրականացնող ներկայացուցիչներով և դիվանագետներով մենք բոլոր բանակցություններում և հարթակներում ներկայացվելու ենք սխալ, անհամոզիչ և արդյունքում անընդհատ պարտվելու ենք։ Այս ամենը ցույց է տալիս նաև, որ պարտված, նվաստացված ղեկավարը չի կարող արժանապատիվ և արդյունավետ հետապնդել մեր շահերը նրան պարտության և նվաստացման ենթարկած ղեկավարի առաջ, ոչ միայն տգիտության, այլ նաև՝ զուտ հոգեբանական պատճառներով։

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան