Գեղարքունիքում անտիկ շրջանի բրոնզե զարդեր են հայտնաբերվել

Հայաստանի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի տարածքում գտնվող Քանագեղի հնավայրում (հուշարձանը թվագրվում է մ․թ․ա․ 15-14 – մ․թ․ա․ 7-6 դարերով) անցկացվող պեղումների ժամանակ դամբարաններից հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանի բրոնզե մատանիներ, ապարանջանի մաս, ուլունքներ։ Այս մասին հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Պեղումների ղեկավար, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ տարիների ընթացքում ամենայն հավանականությամբ դամբարանախցից զգալի քանակությամբ պերճանքի առարկաներ և զարդեր են տարվել։
«Դամբարանի վերգետնյա մասը վնասված է, փորձել էին սալերը շարժել, բայց հավանաբար ծանրության պատճառով չեն կարողացել։ Փորձել էին նաև մտնել դամբարանախցի մեջ։ Գանձախույզները մասամբ ավիրել են մի քանի դամբարաններ՝ թշնամաբար վերաբերվելով մեր նախնիների պատմամշակութային ժառանգությանը», – ասում է Փիլիպոսյանը։
Նրա խոսքով՝ ավելորդ հողակույտը հեռացնելուց հետո պարզ է դարձել, որ դամբարանը շուրջ 14 մետր տրամագծով կրոմլեխ ունի (բրոնզեդարյան կառույցի տեսակ)։ Պեղումների ղեկավարի կարծիքով՝ հավանաբար դամբարանախցի մեջ անտիկ դարաշրջանում նորից թաղում են արել ու հանգուցյալի հետ խեցեղեն տեղադրել։ Թաղումը եղել է խմբային․ դամբարանի տերը պառկած էր առանձին՝ մեջքի վրա և կծկված ոտքերով, իսկ ոտքերի մոտ կար 7-8 մարդկային կմախք։
«Միանշանակ խմբային թաղում է եղել, ինչը վկայում է Սևանի ավազանում ժամանակին կատարված զոհաբերությունների մասին», – նշում է պեղումների ղեկավարը։
Նախորդ տարիներին Քանագեղից հայտնաբերված գտածոները պահվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆոնդում։ Այս պեղումներից գտնված հնագիտական նյութը նույնպես կհանձնվի «Էրեբունի» թանգարանին։ Հնամարդաբանական նյութը կուսումնասիրի արշավախմբի անդամ, ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։ Պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի։
Քանագեղի հնավայրի պեղումների արշավախմբի ղեկավարն է Աշոտ Փիլիպոսյանը, արշավախմբի կազմում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Հասմիկ Սիմոնյանը, Տիգրան Զաքյանը, Լուսինե Ալեքսանյանը, Հայաստանի պատմության թանգարանի ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանը։ Պեղումների ընթացքին պարբերաբեր ծանոթացել է ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը։
Պեղումները կատարվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի՝ ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։
Նշենք, որ 1980-ական թվականներին հուշարձանում պեղումներ է կատարել անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը, 1998-2004-ին հնավայրում աշխատել է Աշոտ Փիլիպոսյանը։

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
7500:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
89Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
86Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
35707.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
42007.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76201.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74901.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75601.11.2026, 21:12