Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«3-4 օր ստամոքս լցնելու և իրար տուն բամբաներկա տանելու փոխարեն արժի ճանաչել հայրենիքը». Հոխիկյան

«3-4 օր ստամոքս լցնելու և իրար տուն բամբաներկա տանելու փոխարեն արժի ճանաչել հայրենիքը». Հոխիկյան
898
Կիրակի, 26 դեկտեմբերի, 2021 թ., 19:06

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խանութներում ու սուպերմարկետներում մարդկանց հոսքը կրկին մեծանում է՝ Նոր տարվա տոներին ընդառաջ։ Տեսնում եմ, թե ինչպես են հայաստանցիները ինքնամոռաց լցնում զամբյուղները՝ միաժամանակ դժգոհելով ապրանքների աստղաբաշխական թանկացումից։
Հիմա համեմատեք, թե Հայաստանում տնտեսական տգետ քաղաքականության հետևանքով ինչպիսի գներ են առաջացել։
-Ձեթը, որ ամիսներ առաջ արժեր 600 դրամ, հիմա առնվազն 1000 դրամ է,
-Շաքարավազի 1կգ-ը հասել է 490-500 դրամի,
-Ձիթապտղի գինը 450 դրամից դարձել է 820 դրամ,
-Տոմատի փոքր բանկան գերազանցում է 350 դրամը,
-Ալյուրի 1 կգ-ն անցնում է 320 դրամը, 5կգ-ոց պարկը 1600 դրամ է նախկին 1100-ի փոխարեն,
-Պահածոյացված եգիպտացորենը և սունկը հասել են 560-600 դրամի,
-Մարինացված վարունգը՝ 700 դրամի,
-Տորթի համար նախատեսված Տուլչինկաները 500 դրամից հասել են 810 դրամի։
Եթե դեռ չեք արել ամանորյա առևտուրը և հաշվում եք ձեր ծախսերը, իմացեք, որ եթե նախորդ տարի նախատեսում էիք 200-300 հազար դրամ, ապա այս տարի նույնպիսի սեղանի համար պիտի ծախսեք առնվազն 400 հազար դրամ։ Արժի՞ արդյոք Նոր տարվա մի քանի անիմաստ ու բամբասանքով հարուստ օրվա համար այդքան փող ծախսել, հետո փչացած ապրանքի մեծ մասը թափել՝ հունվար ամիսն էլ դատարկ նստելով։
Նախատեսած 200 հազար դրամով կարող եք ընտանիքով Արցախ գնալ ու սեղանի բդի փոխարեն ինտելեկտուալ կերպով վայելել հայրենիքը, երեխաներին արժեքներ սովորեցնել, ոտելու և հարբելու փոխարեն տեսնել, թե ինչպիսի երկրում եք ապրում ու սիրել այն։ Եթե ամեն դեպքում վախենում եք Արցախ գնալուց (թեպետ վախենալու ոչինչ չկա), շրջագայեք Հայաստանի Հանրապետությունում։ Մի ամրագրեք համարներ թանկարժեք հյուրանոցներում, այլ շրջագայեք, այցելեք Տավուշի պատմամշակութային վայրեր, գնացեք Լոռու Շամլուղ գյուղ, որը ավելի գեղեցիկ է, քան ձեր պաշտած շվեյցարական բնությունը։ Գնացեք Գյումրի և հիացեք ճարտարապետական ոճով, իսկ եթե գնաք Արմավիր ու հասնեք Բագարան, ապա կլինեք Աստվածաշնչյան Դրախտի կենտրոնում, որտեղ ծնունդ են առել Ադամն ու Եվան։ Փորձեք իջնել ներքև ու հասնել Վայոց Ձոր ու Սյունիք, Նորավանքից ու Տաթևից բացի այդ վայրերում ուրիշ հրաշագեղ տեղեր էլ կան։ Եթե գնաք Խնձորեսկ, ճոճվող կամրջի զգացողությունները ամբողջ կյանքում անմոռաց հուշեր կարթնացնեն։ Դե այնտեղից Արցախ էլ մի քանի կիլիոմետր է, մտեք Աղավնո, համտեսեք նորաստեղծ հացատան լահմաջոն ու լավաշը, շարունակեք ճանապարհն մտեք Եղցահող, գնացեք Գանձասար, Ամարաս, Ճանկաթաղ ու Նորշեն, զգացեք, թե ինչ է իսկական Արցախը։
Հավատացեք, ամանորյա 3-4 օրը ստամոքս լցնելու և իրար տուն բամբաներկա տանելու փոխարեն արժի ճանաչել հայրենիքն ու ապրել իսկական արժեքներով»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան