Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Անկախ կառույցները դարձել են Փաշինյանի գրպանային ինստիտուտները. «Ժողովուրդ»

Անկախ կառույցները դարձել են Փաշինյանի գրպանային ինստիտուտները. «Ժողովուրդ»
197
Հինգշաբթի, 17 փետրվարի, 2022 թ., 09:18

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական, գործադիր և օրենսդիր մարմինները, ըստ Սահմանադրության, անջատ են և համարվում են առանձին ճյուղեր, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո այդ երեք առանձին ճյուղերն ու մյուս ինստիտուտները, որոնք իրականում պետք է անկախ կառույցներ լինեն, դարձել են նրա գրպանային ինստիտուտները, ինչը հենց հակասում է Սահմանադրությանը:

Իսկ ինչի՞ մասին է խոսքը։ Թերթն արձանագրում է փաստերը. 2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ստանալով 71 մանդատ, կազմում է խորհրդարանական մեծամասնություն։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համապատասխանաբար ստանում են 29 և 7 մանդատ (մեկը անկախ)։ Արդյունքում ձայների նման հարաբերակցության պայմաններում ՔՊ-ն ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկի հետ համագործակցելու կարիք չունի: Սակայն Սահմանադրության 88-րդ հոդվածն անգամ ասում է, որ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Հաջորդ կառույցը, որ պետք է անկախ լինի իշխանություններից, դատական համակարգն է: Սահմանադրության հոդված 162-ի համաձայն՝ արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է, սակայն ունենք հակառակ պատկերը: 2020թ. հունիսի 22-ին մի քանի ժամվա ընթացքում ԱԺ այդ ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունն իրականացրեց սահմանադրական փոփոխություններ, որի արդյունքում դադարեցին ՍԴ 3 անդամների և Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունները: Այնուհետև 2021թ. հունվարին ԱԺ մեծամասնության կողմից ԲԴԽ անդամներ ընտրվեցին ներկայիս իշխանություններին հավատարիմ Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը:

Հաջորդ կառույցը, որի անաչառ աշխատանքն անհանգստացնում է իշխանություններին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է: Հեղափոխությունից շատ չանցած՝ ՄԻՊ Արման Թաթոյանի և իշխանությունների հարաբերությունները լարվեցին: ՄԻՊ-ի ընտրության դեպքում էլ քաղաքական որոշում է կայացրել՝ ընտրելով իր իսկ քաղաքական թիմի անդամ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։

Մյուս կառույցն էլ ՀՀ նախագահի ինստիտուտն է. Ըստ Սահմանադրության՝ Արմեն Սարգսյանը պետության գլուխն է և հետևում է Սահմանադրության պահպանմանը: Այժմ նախագահի թեկնածուն Վահագն Խաչատրյանն է, որը որևէ պարագայում չի համապատասխանում Սահմանադրությամբ պահանջվող չեզոքության պահանջներին և չի կարող առանցքային դեր ունենալ իշխանության 3 ճյուղերի միջև հավասարակշռումը ապահովելու հարցում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում