Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մեզ պատուհասած պատերազմը դեռ ավարտված չէ»․ Գարեգին Բ

«Մեզ պատուհասած պատերազմը դեռ ավարտված չէ»․ Գարեգին Բ
289
Երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ., 16:42

Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է․ «Փետրվարի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ Պատարագ։

Անդրադառնալով Սրբոց Ղևոնդյանց տոնի խորհրդին՝ Նորին Սրբությունը մասնավորաբար նշել է․ «Ղևոնդ Երեցը դարձավ հավատքի ու հայրենիքի համար ազգային պայքարի գաղափարակիր՝ մի հանգամանք, որը խորհուրդ և առաքելություն հաղորդեց նրա կերպարին դարերի հոլովույթում։ Սրբոց Ղևոնդյանց օրինակով կրթվել են բազում սերունդներ, որոնք փոխանցել են մեզ օրինակելի կերպարը հավատի քաջության, առ հայրենին և Եկեղեցին նախանձախնդրության, ազգային և հոգևոր ինքնության պահպանման ջատագովության և հանուն հավիտենականի քրիստոնեական ճշմարիտ անձնազոհության։

Այսօր Սուրբ Ղևոնդ Երեցի նախաձեռնած ազգային ինքնապաշտպանության հրամայականը չի վերացել։ Փոխվել են ժամանակները, սակայն անփոփոխ են մարտահրավերները։ Մեր ժողովուրդը կանգնած է նույնական մարտահրավերների առջև, առկա է նաև ճակատը, ուր պայքար է մղվում հանուն մեր ավանդական սրբազան արժեքների հարատևության, մեր ինքնության պահպանության և մեր ապագայի։ Եկեղեցին մեծ առաքելություն, ավելին՝ պատասխանատվություն ունի այդ արժեքների պաշտպանության ու զորացման գործում»։

Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է նաև, որ այսօր էլ եկեղեցականության մեջ կան մերօրյա Ղևոնդ երեցներ, որոնք նույն ոգին, հանձնառությունն ու գիտակցությունն են դրսևորում հայ ժողովրդին մատուցած ամենօրյա սպասավորության ու խնամքի մեջ, ազգային-հայրենական անդաստանում հառնած լրջագույն մարտահրավերների պայմաններում։

«Իբրև Եկեղեցի՝ չենք կարող անտարբեր և անհաղորդ մնալ այս օրերին մեր ժողովրդի կյանքում տեղ գտնող տարատեսակ երևույթների նկատմամբ, որովհետև մեր սրբազան առաքելությունն է ոչ միայն մասնակիցը դառնալ առկա խնդիրների հաղթահարման աշխատանքների, այլև կրողը ծանր լուծի, ամոքողը ցավի, սփոփողը վշտերի, ցրողը մեր ժողովրդի հոգին պատած հուսահատության և տրտմության։ Մեզ պատուհասած պատերազմը, որը մեծ կորուստներ պատճառեց մեր հայրենիքին ու ժողովրդին, դեռ ավարտված չէ։ Այն շարունակվում է՝ ոչ մարտի դաշտում, սակայն ամենատարբեր ոլորտներում և տիրույթներում։ Չի դադարում հայատյացության և թշնամանքի սերմանման քարոզչությունը սահմանի մյուս կողմից, հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, վտանգված է մեր սրբազան ժառանգությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, շարունակվում է ներքաղաքական կյանքում լարվածությունը, բևեռացվածությունը, արտագաղթը, խորանում է ապագայի հանդեպ ժողովրդի մեջ տիրող անորոշությունը»,- ընդգծել է Հայոց Հովվապետը՝ կարևոր համարելով, որ նման բարդագույն իրադրության մեջ առաջնային պետք է շարունակի նկատվել հովվական խնամքը սոցիալական ծանր վիճակում հայտնված արցախցիների, տեղահանվածների, զոհվածների, անհայտ կորածների, գերության մեջ գտնվողների և վիրավորների ընտանիքների հետ։