Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ռուսական բանակը երբեք աշխարհում լավագույնը չի եղել». Կարպիս Փաշոյան

«Ռուսական բանակը երբեք աշխարհում լավագույնը չի եղել». Կարպիս Փաշոյան
272
Երեքշաբթի, 08 մարտի, 2022 թ., 15:42

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես ռուսամետների, այնպես ռուսաֆոբների միջավայրում ռուսական ռազմական ուժի վերաբերյալ պատմականորեն ձևավորված կարծրատիպեր կան։ Տիրապետող է այն համոզմունքը, թե հարյուրամյակների ընթացքում ռուսական բանակը մշտապես ամենազորեղն է եղել, այսինքն՝ անգերազանցելի հզոր համակարգ է, որին հնարավոր չէ կանգնեցնել։ Երևի թե հենց այս միֆով պայմանավորված՝ Ուկրաինայի երկրպագուները ոգևորվում են պատերազմի երկարաձգմամբ, իսկ ռուսամետներն էլ՝ մտահոգվում և անհանգստանում, քանի որ երկու կողմերն էլ, ի սկզբանե, համոզված էին, թե Ռուսաստանը մեկ-երկու օրում կլանելու է ողջ Ուկրաինան։ Ի դեպ, և՛ մեկը, և՛ մյուսը միգուցե չեն էլ գիտակցում, որ պատերազմն ընթանում է հենց իր հունով և տրամաբանությամբ։

Եթե խնդիրը դիտարկենք վերջին 300-400 տարիների համատեքստում, ապա ռուսական բանակը երբեք աշխարհում լավագույնը չի եղել։ Իհարկե, լավագույն հնգյակի մեջ կարող ենք ներառել, բայց առաջին հորիզոնականը հաստատապես նրան չի պատկանում։ Ռուսական բանակի պատմական ամենազորությանը հավատացող մարդիկ հավանաբար ոչինչ չեն լսել 18-19-րդ դարերի Ֆրանսիայի, Պրուսիայի, Անգլիայի և Ավստրոհունգարիայի բանակների մասին։ Ես չեմ պնդում, թե ռուսական բանակը վատն է, թույլ է։ Իհարկե, այդպես չէ, պարզապես դրա վերաբերյալ ինչպես պատմական, այնպես էլ արդիական գնահատականները խիստ չափազանցված են։

Փորձելով գտնել այս չափազանցության արմատները՝ ես եկել եմ այն եզրակացությանը, որ ռուսական բանակի ամենակարողության միֆն ի հայտ է եկել ռուս-թուրքական մեկ տասնյակից ավելի պատերազմների ընթացքում։ 18-19-րդ դարերում Օսմանյան կայսրության բանակն ընդամենը տարերային զանգվածի և խառը մարդաքանակի ամբողջություն էր, որը ռուսական զորքերի համար առանձնապես մեծ խնդիր չէր էլ կարող ներկայացնել, ինչպես սպառազինությամբ, այնպես էլ մարտական պատրաստվածությամբ։ Կարճ ասած, Սելիմ Ահեղի և Սուլեյման Հիասքանչի անպարտելի բանակից, որը 16-րդ դարում հավասարը չուներ, այլևս ոչինչ չէր մնացել։ Ռուսները գրեթե միշտ հեշտությամբ ջարդ ու փշուր էին անում թուրքական զորամիովորումներին։ Անհաշվելի են օրինակները, երբ փոքրաթիվ ռուսական ուժերն անհավասար մարտում ջախջխախում էին թուրքական մեծաթիվ զորքերին։ Կասկածից դուրս է, որ անպարտելիության միֆը հենց այս համատեքստում է ստեղծվել, որը հետագայում՝ հատկապես Ստալինյան ժամանակաշրջանում, փոխակերպվել է համակարգային քարոզչության։ Հայտնի փաստ է, որ, այս կամ այն քաղաքական պատեհությունից ելնելով, տարբեր գործիչներ կարող էին պաշտամունքի առարկա դառնալ։

Օրինակ՝ Կուտուզովի կերպարն ընդգծվեց և փառաբանության թիրախ դարձավ հատկապես Երկրորդ աշխարհամարտի ընթացքում և հետո, իսկ 1812-ի պատերազմը նույնականացվեց 1941-45-ի պատերազմի հետ։

Իմ կարծիքով ռուսական բանակի «ամենազորության» ճշգրիտ գնահատականը տվել է հենց նույն Կուտուզովը, նշելով, թե «Նապոլեոնն ինձ կարող է ջախջախել, բայց խաբել՝ ո՛չ»։ Հենց այս ձևակերպման մեջ է ռուսական ռազմական ուժի փիլիսոփայությունը՝ հատկապես եվրոպական առաջատար տերությունների հետ պատերազմելիս»։

Աղբյուրը`   Կարպիս Փաշոյան