Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Փոփոխություններ են տեղի ունենում, որոնք կարող են պատմությունը բաժանել մինչ էս օրերն ու էս օրերի դեպքերից հետո ընկած ժամանակշրջանի»․ Ս․ Սահակյան

«Փոփոխություններ են տեղի ունենում, որոնք կարող են պատմությունը բաժանել մինչ էս օրերն ու էս օրերի դեպքերից հետո ընկած ժամանակշրջանի»․ Ս․ Սահակյան
779
Կիրակի, 13 մարտի, 2022 թ., 03:06

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին շատ բողոքողներ կան, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին ավելի շատ են կարդում, քան բուն ներհայաստանյան օրակարգի կամ Հայաստանի շուրջ տեղի ունեցողի։ Անկեղծ ասած, որոշ բնորոշումներ կան, որոնք ես կարող եմ ինձ վրա էլ վերցնել։ Դրա հետ կապված մի քանի նկատառում․
1. Էն, ինչ դուք կարդում եք, ձե՛ր ընտրությունն ա, ոչ թե գրողներինը։ Անարդար ա ուրիշներին մեղադրել ձեր ընտրության մեջ։ Դուք կարող եք ձեր էջն էնպես կարգավորել, որ միայն նորաձևության կամ շինարարության մասին նորություններ կարդաք, որպես օրինակ։ Օգտվե՛ք էդ հնարավորություններից։ Ի՞նչ խնդիր կա։ Ճիշտ կլինի՞, որ ամեն առավոտ արթնանամ ու մեղադրեմ, որ էն նորությունները չեք գրում, որոնք ես հենց կոնկրետ էդ առավոտը կուզեի կարդալ։
2. Դժբախտաբար, թե բարեբախտաբար, մենք կտրված չենք աշխարհից։ Չի կարող աշխարհն իր դարդուցավով ապրել, իսկ մենք, դրանից անկախ, մեր դարդուցավով։ Տեղեկատվական միջավայրն ու երկրների տնտեսությունների, հարաբերությունների ինիտեգրացումն էն աստիճանի ա հասել, որ ես կարող եմ անմիջապես իմ մաշկի վրա զգալ Չինաստանի մի գավառում մի չինացու մի շաբաթ առաջ անհաջող ճաշկերույթի հետևանքները։ Ամբողջ աշխարհն էս օրերին փոխվում ա։ Փոփոխություններ են տեղի ունենում, որոնք կարող են աշխարհի պատմությունը բաժանել մինչ էս օրերն ու էս օրերի դեպքերից հետո ընկած ժամանակշրջանի։ Դրանք էսօր արդեն մեր բոլորի կենցաղում զգալի փոփոխություններ են մտցրել ու զարմանում եմ, թե ոնց կարելի ա թերագնահատել տեղի ունեցող իրադարձությունների նշանակությունը։ Բայց էլի յուրաքանչյուրի իրավունքն ու պատասխանատվության տիրույթն ա թե՛ թերագնահատելը, թե՛ գերագնահատելը։
3. Ցավոք, մեր երկիրը վերջին 30 տարիների ընթացքում հետևողականորեն վերացրել ա արտաքին ազդեցությունների հանդեպ իր դիմադրողականությունը։ Ավելի մատչելի ասած, մենք մեզ խաբել ենք, թե ինքիշխան պետություն ենք, մեր ճակատագրի տերը կարող ենք լինել ու առավել ևս այն չենք տնօրինում 2020թ․ պատերազմի արդյունքների բերումով։ Ինքնուրույնության բոլոր հնարավորությունները մենք մսխել ենք՝ ամեն օր ավելի ու ավելի շատ բաներ տալով օլիգարխիկ ռեժիմի պահպանման համար կամ 2018-ից հետո այն արմատապես փոխելու, հանրային նոր հարաբերություններ հաստատելու, համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անվճռականության պատճառով։ Հիմա մի շաբաթ հետո ես ու դուք խրամատներում կամ ռմբապաստարաններում կլինենք, թե տանը հանգիստ նստած էս թեմայով մեկնաբանություն կգրենք, մեծամասամբ էլի Ուկրաինայի տարածքում ա որոշվում, ոչ թե ներհայաստանյան օրակարգի շրջանակներում։
4. Վերջապես պետք ա դադարել մյուսներին ցույց տալ, թե իրենք երբ, ոնց ու ինչ պետք ա անեն։ Ունե՞ք ասելիք, հարցեր, խնդրեմ, քննարկեք դրանք նրանց հետ, որոնց համար դրանք նույնքան կարևոր են։ Ինձ համար, օրինակ, ներհայաստանյան օրակարգը կարևոր ա ու երբ հարց ա բարձրացվում, ասելիք ունենալու դեպքում հակված եմ մտնել քննարկման մեջ (եթե միջամտության մեջ իմաստ եմ տեսնում)։ Իհարկե, շատերին կարող ա թվալ, թե աշխարհն իրենց ու իրենց հետաքրքրությունների շուրջ ա պտտվում, բայց էս հարաբերականորեն մեծ համայնքը եկել ա ցույց տալու, որ մարդիկ ու նրանց հետաքրքրությունները բազմազան են ու չարժե դրա հանդեպ չարանալ միայն իր բազմազան լինելու բերումով»:

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան