Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ուկրաինայում պատերազմը շատ ավելի վաղ աշխուժացած քաղաքական պրոցեսի մաս է». Հակոբ Բադալյան

«Ուկրաինայում պատերազմը շատ ավելի վաղ աշխուժացած քաղաքական պրոցեսի մաս է». Հակոբ Բադալյան
406
Շաբաթ, 12 մարտի, 2022 թ., 16:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ուկրաինայի թեմայով մի քիչ հեռվից, մի քիչ երկար:
Ուկրաինայում պատերազմը շատ ավելի վաղ աշխուժացած քաղաքական պրոցեսի մաս է, որի մեկնարկը թերևս 2021 թվականի ամռանը Բայդեն-Պուտին առաջին հանդիպումն էր՝ Շվեյցարիայում: 2021-ի հոկտեմբերին Ռուսաստան այցելեց ԱՄՆ պետքարտուղարության և արտաքին քաղաքականության առանցքային ֆիգուրներից մեկը՝ Վիկտորիա Նուլանդը: Եռօրյա այցի խորքային կարեւորությունը վկայող հանգամանք է, որ այդ այցը կայանալու համար ԱՄՆ չեղարկեց ՌԴ մի պաշտոնյայի հանդեպ մուտքի արգելքը, որպեսզի Ռուսաստանն էլ բացի մուտքը Նուլանդի համար:
Այցի մյուս հատկանշական հանգամանքը այն էր, որ փոխպետքարտուղար Նուլանդը դրա ընթացքում հանդիպումներ ունեցավ ոչ միայն ՌԴ ԱԳՆ, այլ նաև Պուտինի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Այդ այցի առիթով մի շարք գրառումներում ու հոդվածներում խոսել եմ, որ ըստ ամենայնի Ուկրաինայի շուրջ սկսում է «նորմանդական ձեւաչափի» չեղարկում եւ Ուկրաինայի հարցում ՌԴ հետ խոսակցության «իրավունքը» վերցնում է ԱՄՆ:
Անկասկած է, որ ԱՄՆ առանցքային դիվանագետներից մեկը երեք օր Ռուսաստան քննարկումների մեկնում է ամենեւին ոչ զուտ ուկրաինական հարցի, այսպես ասած դոնբասյան հակամարտության խնդիր քննարկելու համար: Այդ խնդիրը չափազանց փոքր է ԱՄՆ համար, և փոքր է անգամ Ուկրաինայի խնդիրը: Թե ԱՄՆ, թե Ռուսաստանը նոր տեխնոլոգիական դարաշրջանում ունեն լրջագույն ներքին հասարակական խնդիրներ, ամեն մեկը յուրովի: Փոխվում են ոչ միայն տեխնոլոգիաները: Դրանք ընդհուպ հոգեբանական մակարդակում փոխում են հասարակություններին: Այդ փոփոխությունները յուրովի խնդիր են Նահանգների եւ Ռուսաստանի համար, արտահայտվում են տարբեր կերպ, հաճախ լիովին հակադիր, բայց հիմնարար նշանակություն ունեն երկու այդ խոշոր խաղացողների համար: ԱՄՆ համար դա բացահայտեց Թրամփի ընտրությունն ու հետո Բայդենին իշխանության փոխանցման ճգնաժամը, որը մասշտաբով գուցե չմեացավ, բայց բնույթով աննախադեպ ահազանգ էր ԱՄՆ համար: Ծիծաղելի է մտածել, թե Թրամփին ԱՄՆ-ում նախագահ էր կարգել Պուտինը: Այլ հարց է, որ դեմոկրատներին պետք էր այդ թեման գեներացնել ներքաղաքական նկատառումներից ելնելով:
ԱՄՆ ու Ռուսաստանը իրենց ներքին խորքային խնդիրներին անցնելու եւ ամեն մեկը դրա վրա շատ թե քիչ կենտրոնանալու համար ունեն միջազգային անվտանգության համակարգում որոշակի նոր կայուն ստատուս-քվոյի գալու անհրաժեշտություն: Արտաքին միջավայրում պետք է ձեւավորել կայունության որոշակի երաշխիքներ, որպեսզի մեծ ուշադրություն եւ ռեսուրս կենտրոնացնես ներքին խորքային հասարակարգային հարցերի վրա:
Բնականաբար, միջազգային անվտանգության համակարգի կայուն ստատուս-քվոյի ձեւավորումը չափազաննց բարդ գործընթաց է, որովհետև աշխարհում միայն ԱՄՆ ու Ռուսաստան չեն, և նրանցից ամեն մեկը պատկերացնում է իր շահերից բխող ստատուս-քվո, որովհետեւ այստեղ էլ՝ եթե արտաքին ստատուս-քվոն չհամապատասխանի քո շահին, չես կարող այն համարել ներքին այդ հարցերի վրա կենտրոնանալու «ապահով» հիմք:
Ուկրաինան այժմ այդ ամենի «մեծ ասպարեզն» է:
Վերադառնալով Նուլանդի այցին: Դրա ընթացքում հնչեց «նորմանդական ձեւաչափում» Պուտինի ներկայացուցիչ Կոզակի միտքը, թե ԱՄՆ ու Ռուսաստանի պատկերացումները զգալիորեն համընկնում են: Նուլանդի այցից մի քանի օր անց տեղի ունեցավ «թեժ» փուլի թերեւս «մեկնակետային» իրադարձությունը՝ Կիեւը չգիտես ինչու Բայրաքթարով հարվածեց դոնբասականների հրետանային դիրքի, հետո ցուցադրաբար ներկայացնելով Բայրաքթարի հարվածը եւ փաստորեն Ռուսաստանին տալով «փաստարկ» առ այն, թե պատրաստվում է «ուժով» լուծել դոնբաս-լուգանսկի հարցը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան