«Մեր խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացի երեխան կարող է սովորել ՌԴ ռազմակայանի ռուսաստանցի զինծառայողների համար նախատեսված դպրոցում»․ Հակոբ Բադալյան
190
Չորեքշաբթի, 16 մարտի, 2022 թ., 14:36
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Հանրության մի զգալի մասի մոտ միանգամայն արդարացի վրդովմունք են առաջացնում Հայաստանում իրականացվող այն ակցիաները, որոնք աջակցություն են հայտնում Ռուսաստանի Ուկրաինական ռազմարշավին: Առավել ևս վրդովեցնող է, երբ դրանց ներգրավում են երեխաներ: Ընդհանրապես, երեխաների ներգրավումը որևէ այդօրինակ ակցիայի վրդովեցնող է, անկախ, թե «դեպի որ կողմ»: Վրդովմունքի հերթական առիթը Գյումրու ռուսական ռազմակայանի դպրոցի ակցիան է: Այստեղ, իհարկե, խնդիրը մերը չէ: Մեր խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի քաղաքացի երեխան կարող է սովորել ՌԴ ռազմակայանի ռուսաստանցի զինծառայողների համար նախատեսված դպրոցում: Վերադառնալով ակցիային: Ինչպես հայկական համայնքները կարող են տարբեր երկրներում ակցիա իրականացնել, որը չի համապատասխանի տվյալ երկրի պետական քաղաքականությանը, այդպես էլ Հայաստանում որեւէ «համայնք» կարող է անել այդպիսի ակցիա, Հայաստանն ազատ երկիր է, ի տարբերություն նույն Ռուսաստանի: Իհարկե, Հայաստանի հանրության մի մասին դուր չի գալիս ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիան, մեկ այլ մասի դուր չի գալիս ռուսական «զեթի» պաշտպանության ակցիան: Ու Հայաստանի հասարակության տարբեր մասերը իբր մինչև այդ քիչ պատճառներով ու առիթներով էին միմյանց դեմ, հիմա էլ միմյանց դեմ են հայտնվել ռուս-ուկրաինական, իսկ խոշոր առումով ռուս-ամերիկյան մեծ խաղի պատճառով: Իսկ բուն խնդիրն այն է, որ հետխորհրդային Հայաստանում այդպես էլ չձևավորվեց պետական շահի բանաձևման ինստիտուցիոնալ միջավայրը, և դաշտը մնաց առավելապես կամ «քուռ-արաքսյան» պաթոսի, կամ կվազիպետական ճառերի, որի ներքո կառավարող էլիտաները ընդամենը սպասարկում էին անխնաջանակն, ընտանեկան, խմբային-կլանային շահերը: Վերադառնալով զանազան ակցիաներին, նշեմ, որ իմ կարծիքով, այդ ակցիաները ինքնին նշանակություն ստանում են թերևս միայն դրանց հանդեպ դատապարտող աղմուկի շնորհիվ: Եվ հաշվարկն էլ գուցե հենց այդ է, որ կլինի աղմուկ, որովհետև, եթե չի լինում այդ աղմուկը, այդ ակցիաները մնում են իրենց կազմակերպման «մարգինալ» շրջանակում: Իսկ աղմուկը նախ թույլ է տալիս ավելի մեծ ուշադրության արժանացնել «ակցիան», և մյուսը, ոչ պակաս կարևորը՝ դա թույլ է տալիս «հեռակառավարել» հայաստանյան հասարակական օրակարգն ու տրամադրությունները: Ըստ այդմ, որքան էլ զգայականության տեսանկյունից բավականին դժվար է զսպվելը, ռացիոնալության առումով թերևս կարևոր է «անտեսել» այդ ակցիաները, ցույց տալով, որ Հայաստանի հանրությունն ունի «օրակարգային դիմադրունակություն» ու ենթակա չէ տարատեսակ մանիպուլյացիաներով հեռակառավարման: Ի վերջո նրանց, ում հետաքրքիր է Հայաստանի հանրային ու պետական վարքը, թերեւզ բոլորից լավ գիտեն, որ այդ ակցիաները «մարգինալ» են, այլ ոչ համընդհանուր տրամադրության արտահայտում, և իրավիճակը չափում են ամենւին ոչ դրանցով: Ըստ այդմ նախընտրելի է, որ մենք կենտրոնանանք Հայաստանի համար այսօր առավել կարւոր հարցերի օրակարգային շրջանակ ձևավորելու վրա: Օրինակ, ԿԲ նվազեցրել է Հայաստանի տարեկան տնտեսական աճի կանխատեսումը՝ 5,3-ից իջեցնելով 1,6 տոկոս: Սա է այսօր Հայաստանի հանրության գերագույն խնդիրը՝ ապահովել տնտեսական դիմադրունակություն եւ անել առավելագույնը, տնտեսական նվազագույն կորուստ ունենալու համար: Մնացյալ ամեն ինչու մեր կենսունակությունը բխելու է դրանից»: