Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ուկրաինան կունենա տարածքային զիջումներ, բայց կպահպանի իր ինքնիշխանությունը». Ս. Սուրենյանց

«Ուկրաինան կունենա տարածքային զիջումներ, բայց կպահպանի իր ինքնիշխանությունը». Ս. Սուրենյանց
394
Ուրբաթ, 18 մարտի, 2022 թ., 15:12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Փոխզիջումը հասունանում է
Պաշտոնական Մոսկվան՝ Լավրովի շուրթերով, բացահայտել է, թե ինչ ասել է Ուկրաինային ներկայացված «դենացիֆիկացիայի» պահանջը։ Դա այլևս ոչ թե «նացիստների ու նարկոմանների կառավարությունը» տապալելն է, այլ այն օրենքների չեղարկումը, որոնք «դիսկրիմինացնում են ռուսախոս» բնակչությանը։
Պատերազմը փակուղում է դրել Ռուսաստանին ու Ուկրաինային։
Մոսկվայի համար դժվար է ամբողջ Ուկրաինան «կլանելը», Կիևը ռեսուրսներ չունի՝ ռուսական զորքն իր երկրից հեռացնելու համար։
Նման պատերազմն այլևս մաշեցնում է հակամարտության երկու անմիջական կողմերին։
Երկուստեք հռետորաբանության որոշակի փոփոխություն է տեղի ունենում։
Այսօրվա ստատուս- քվոն փաստաթղթավորման անհրաժեշտություն ունի, ինչի հետևանքով՝ Ուկրաինան, անշուշտ, կունենա որոշակի տարածքային զիջումներ, բայց կպահպանի իր ինքնիշխանությունը՝ չեզոքության, բայց արտաքին քաղաքականության զգալի ինքնուրույնության բաղադրիչներով։
Իհարկե, Ուկրաինայում շատերը համաձայն չեն լինի նման կոմպրոմիսներին, բայց դա է ռեալ պոլիտիկի կանոնը։
Ռուսաստանում քիչ չեն մարդիկ, որ պարտություն են համարելու ցանկացած սցենար, որը չի ենթադրում ամբողջ Ուկրաինայի «կլանումը»: Բայց այսօրվա Ռուսաստանն օբյեկտիվորեն չի կարող նման խնդիր լուծել ու պետք է բավարարվի նրանով, որ կարողացավ «ռուսական աշխարհի» որոշ տարածքներ հետ բերել ու ամենակարևորը՝ լուծել Ուկրաինայի չեզոքության, ՆԱՏՕ-ում չլինելու խնդիրը։
Կարծում եմ՝ նկարագրածս Պուտինն ու Զելենսկին գիտակցում են և առաջիկա օրերին կամ շաբաթներին փոխզիջումը հասունանալու է»։