«Ռուսական կողմն Արցախի բնակչության անվտանգությունը սակարկության գործիք է դարձրել ու գործարքի մեջ է թշնամու հետ»․ Գ․ Աբրահամյան
761
Շաբաթ, 26 մարտի, 2022 թ., 23:18
ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԿՈՉ. Արցախում և ընդհանրապես Հայաստանում իրավիճակն օրհասական է, որքան էլ դեռ փորձում ենք հույս կապել որոշ արտաքին ուժերի հետ։ Ակնհայտորեն ռուսական կողմն Արցախի բնակչության անվտանգությունը սակարկության գործիք է դարձրել ու բավական հաջող գործարքի մեջ է թշնամու հետ, մինչդեռ հայաստանյան իշխանության տարբեր հանրային հայտարարություն- հարցազրույցներից էլ կարող ենք դատել, որ հակված են լուծումը գտնել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու կործանարար «ռազմավարական խաղաղության օրակարգը» իրագործելով։ ՄԻԱԼ ԵԼՔՆ այս պահին հնարավորինս շատ աշխատել ու ջանք դնել անջատում հանուն փրկության ( Remedial secession) կամ փրկության ինքնիշխանություն (Remedial Sovereignty) միջազգային իրավունքի սկզբունքներն առաջ մղելու և միջազգային հանրությանը սա ընկալելի դարձնելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի գործն այս սկզբունքի կիրառման համար շատ կարևոր հենք է լինելու, սակայն քաղաքական հայտարարությունները, նարատիվ ձևավորելը հնարավոր բոլոր հարթակներում և շերտերով ևս չափազանց կարևոր են։ Ինչու էի վերջին առնվազն մեկ տարվա ընթացքում, հատկապես մայիսի 12-ից հետո անընդհատ խոսում այն մասին, որ հայկական կողմի ՀԻՄՆԱԿԱՆ խոսույթը պետք է լինի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ՝ ոչ միայն պատերազմի ընթացքում, այլև հետո՝ ԱՄԵՆ ՕՐ, ԱՄԵՆ ԺԱՄ։ Երբ, ասենք, Գորիսի ճանապարհը փակելուց հետո ոչ թե պետք է խոսվեր այլընտրանքային ճանապարհի մասին, թե՝ ոչինչ, նորը կկառուցենք ու բնակչությունը չի մնա առանց ճանապարհի, այլ հնարավորինս բարձր պետք է թմբկահարվեր այդ համայնքներում ապրող մարդկանց հիմնարար իրավունքների խախտումների մասին։ Պետք է անընդհատ խոսվեր, աղաղակվեր էթնիկ զտման քաղաքականության ու դրա ակնհայտ հիմքերի, գործողությունների մասին, ոչ թե խաղաղության օրակարգի, որը ոչ մի տեղ չտանող կեղծ դիվանագիտական նարատիվ էր։ Չի արվել բավարար կամ արվել է բացառապես հանրային դաշտում, հասարակական կառույցների ու ՄԻ պաշտպանների կողմից, ինչը բոլորովին բավարար չէ։ Օրեր առաջ միայն վարչապետը վերջապես որակեց Բաքվի գործողությունները ճշգրիտ կերպով՝ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄ, մինչդեռ այդ նույն ելույթի վերջին հատվածը՝ տարածքային ամբողջականության մասին խիստ մտահոգիչ էր»։