Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ադրբեջանական լկտի վարքագիծը միանգամայն կանխատեսելի էր». Աննա Կոստանյան

«Ադրբեջանական լկտի վարքագիծը միանգամայն կանխատեսելի էր». Աննա Կոստանյան
558
Երեքշաբթի, 29 մարտի, 2022 թ., 22:18

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Ակնհայտ է, որ ադրբեջանական ագրեսիվ ու լկտի վարքագիծը միանգամայն կանխատեսելի էր դեռ 44-օրյա պատերազմից հետո՝ զուգորդված մի քանի օժանդակ իրողություններով, որոնք ուղիղ ձևով զարգացրել ու խորացնում են խուճապն ու վախը հանրության շրջանում՝ մոտալուտ «ջախջախիչ» պատերազմի կանխատեսմամբ։

Բավականին երկար ժամանակ (մինչ վերջին պատերազմը՝ տասնյակ տարիներ), սկզբում փափուկ շեշտադրմամբ, 44-օրյայից հետո ավելի ագրեսիվ ձևով, ընդ որում՝ գործի դնելով զգայուն հոգեբանական մանիպուլյացիաներ, հայ հասարակության մեջ ներ են դրվում բարոյական թեզեր, որոնք ադրբեջանական քարոզչամեքենայի հետ լռելյայն համաձայնեցված տպավորություն ստեղծելով (գուցե այդպես չէ)՝ ժողովրդին մտածելու և շահեկան լուծումներ գտնելու այլընտրանք չեն թողնում, քան ինքնակամ ձևով իշխանությանը «խաղաղության» օրակարգի իրականացման դրդելը։ Պետք է ընդունել, որ այս թեզերը բավականին մեծ հաջողություններ են արձանագրում պատերազմից հետո խոցված հասարակայնության շրջանում, հատկապես այն մարդկանց, ովքեր երեխա, հարազատ, ընկեր, բարեկամ չեն կորցրել։

Կարծում եմ՝ ամենա «անբարոյական» հռետորաբանությունն է մարդկանց մոտ մահվան վախի սինդրոմ ձևավորելը՝ ներքին հոգեկան ու մտավոր խուճապ առաջացնելով։ Սա ակնհայտորեն շեշտադրում է ելքեր փնտրելու սնանկությունը նրբանկատ ձևով թաքցնելու անհաջող փորձերը։ Եվ սրա դեմ միակ պայքարը հասարակության հետ անդադար «ճիշտ» աշխատանք տանելն է, ոչ թե կեղծ խոստումներով, սին հույսերով, այլ իրատեսորեն գնահատելով իրավիճակն ու գոտեպնդելով։ Մեր չարած աշխատանքի վակուումը լցնում են թշնամու հետ կեղծ խաղաղասիրության փուչ քարոզներով։ Ինչ վերաբերում է Արցախում տիրող լարված իրադրությանը. Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացումը Փարուխում և Խրամորթում ակնհայտ խոչընդոտ են ռուսական խաղաղապահ առաքելության առաջնային գործառույթների իրականացման համար, և եթե Ռուսաստանը կոշտ ու միանշանակ ձևով չսանձի Բաքվի լկտի վարքագիծն Արցախի Հանրապետությունում և «չպատժի» ռուս խաղաղապահներին չենթարկվելու համար, ապա ռուսական «իմպերիալիստական» բանակի դերն ու նշանակությունն ի չիք են ցնդելու, որը, կարծեմ, այնքան էլ շահեկան չէ Ռուսաստանի համար՝ տարածաշրջանում դիրքերը թուլացնելու տեսանկյունից։

Ասածս ինչ է՝ իրար եկե՛ք, ТОВАРИЩИ РУССКИЕ МИРОТВОРЦЫ»:

Աղբյուրը`   Աննա Կոստանյան