Կիրակի, 15 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մսագործներին հրավիրում են ոստիկանության բաժիներ, ահաբեկում». Պետրոս Մակեյան

«Մսագործներին հրավիրում են ոստիկանության բաժիներ, ահաբեկում». Պետրոս Մակեյան
398
Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 21:40

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավերում են գյուղը և գյուղատնտեսությունը
Հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված ֆորս մաժորային իրավիճակը և գարնան սպասվող գյուղատնտեսական աշխատանքները, սերմնացուի, պարարտանյութի դեֆիցիտն ու բազմապատիկ թանկացումները, նույնն է նաև դիզվառելիքի դեպքում՝ շաբաթներ առաջ դիմեցի իշխանություններին՝ ձևավորելու օպերատիվ շտաբ, համակարգելու ստեղծված ճգնաժամային իրավիճակը և գարնան գյուղատնտեսական աշխատանքները։
Գործնականում ոչինչ չի արվում՝ շարունակելով մանիպուլյացիան, ավելին՝ նոր լարվածություն են հրահրում՝ փորձելով առանց որևէ գործ անելու, կրկին գործարկել սառեցված սպանդանոցների ծրագիրը։ Դասեր չքաղեցին, թե ինչու երկու տարի առաջ գյուղացիները ճանապարհները փակեցին և պարտադրեցին դադարեցնել։
Իշխանություններն իրենց չմտածված «բարեփոխումը» կյանքի կոչելու համար ներգրավել են ոստիկաններին, որոնք մսագործներին հրավիրում են ոստիկանության բաժիներ՝ ահաբեկելով պարտադրում են դադարեցնել գյուղացիների հետ աշխատել։
Բնական հարց է առաջանում, իսկ ի՞նչու գյուղացիները չեն հրաժարվում իրենց շորթող մսագործներից, պատասխանն ակնհայտ է՝ սպանդանոցները ոչ միայն բազմապատիկ են շորթում, այլ ավելացնում են գյուղացիների խնդիրները, մասնավորապես՝ գյուղացու վրա է մնում անասուններին սպանդանոց տեղափոխելու ծախսերը, գյուղացուց առգրավում են մորթի մնացորդները, այն դեպքում, երբ մսագործն ինքն է գնում գյուղացու մոտ՝ իրականացնելով անվճար մորթ, իսկ մորթի մնացորդները գյուղացուց գնում։
Եզրակացությունը մեկն է՝ այդ համակարգը չի աշխատելու, եթե գյուղացիների համար ավելի հարմար և ավելի շահավետ չլինի գործող համակարգի համեմատ։
Հ․Գ․
• Կազմաքանդվեց գյուղատնտեսության նախարարությունը
• Գյուղական համայնքների խոշորացումով փոքր գյուղերում կդադարեն գործել ինքնակառավարման համակարգը և ժամանակի ընթացքում կդատարկվեն
• Օլիգարխների շահեր սպասարկող «բարեփոխումները», որոնցից է նաև սպանդանոցների շահագործումն ուժային տարբերակով՝ հաշվի չառնելով գյուղացիների շահերը»։

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան