Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ի սկզբանե Արցախի հիմնախնդրի լուծման երկու տարբերակ կար»․ Կարեն Հեքիմյան

«Ի սկզբանե Արցախի հիմնախնդրի լուծման երկու տարբերակ կար»․ Կարեն Հեքիմյան
312
Ուրբաթ, 08 ապրիլի, 2022 թ., 21:06

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ի սկզբանե, Արցախի հիմնախնդրի լուծման երկու տարբերակ կար:
1. ԽՍՀՄ օրենքների շրջանակներում, ԼՂԻՄ-ի ելք Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և մուտք Հայաստանի ԽՍՀ-ի կազմ:
2. ԼՂԻՄ-ի անկախություն՝ ԼՂՀ-ի ստեղծում:
Մեծ հաշվով, երկու տարբերակներն էլ հիմնված էին «ազգերի ինքնորոշման» սկզբունքի վրա: Սակայն, առաջին տարբերակն իր մեջ պարունակում էր ոչ միայն սկզբունք, այլև՝ օրենք և իրավունք:
Եվ այսպես, 1989թ դեկտեմբերի 1-ին, հիմնվելով ԽՍՀՄ-ում գործող օրենքի վրա, Ադրբեջանի ԽՍՀ-ի ԼՂԻՄ-ն իրագործեց իր իրավունքը, այն է՝ դուրս եկավ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և մտավ Հայաստանի ԽՍՀ-ի կազմ: Ընդ որում, ԼՂԻՄ-ը միացավ Հայաստանի ԽՍՀ-ին ոչ թե որպես ինքնավար միավոր, այլ՝ մարզ: Հենց 1989թ դեկտեմբերի 1-ի որոշման իրավական հիմքով, արդեն ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՍՀ-ում, 1990թ մայիսի 20-ին կայացան ԳԽ պատգամավորների ընտրություններ: Հայաստանի ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի մարզում ձևավորվեցին թվով 12 ընտրատարածքներ, որտեղից ընտրվեցին թվով 11 պատգամավոր (Շուշիի ընտրատարածքն ազատ մնաց):
Այնուհետև, ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՍՀ-ն 1991թ սեպտեմբերի 21-ին դուրս եկավ ԽՍՀՄ կազմից: Առկա էին ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԴՐՈՇ և միասնական օրենքներ:
Որոշ ժամանակ անց, չգիտեմ ում դրդմամբ, ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ քաղաքական ղեկավարությունը որոշեց խախտել մինչ այդ կայացված ներպետական իրավական ակտերը և մասնատել ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ստեղծել ԼՂՀ: Ընդ որում, ԼՂՀ-ից ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԽ-ում ընտրված թվով 11 պատգամավորները շարունակում էին պաշտոնավարել, ընդհուպ մինչև 1995թ հուլիսի 5-ը (ՀՀ ԱԺ ընտրությունների օր): Այսինքն, 1991-95թթ Հայաստանի ԳԽ-ի կայացրած բոլոր իրավական ակտերը լեգիտիմ չեն, քանզի ԳԽ-ում թվով 11 անձ դե յուրե այլ պետության քաղաքացիներ էին: Այդ տարիներին ընդդիմությունը կոշտ քննադատության էր ենթարկում օրվա իշխանություններին ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ մասնատելու համար:
Ինչու՞ եմ այս ամենը պատմում:
Այսօր Երևանում Արցախի հիմնախնդրի լուծման, ըստ ամենայնի, 1-ին տարբերակի կողմնակիցները ներկել են ԼՂՀ դրոշը և քննադատության արժանացել: Իսկ գիտե՞ք, թե ովքեր են քննադատողները: Նրանք, ովքեր ժամանակին անհաշտ քաղաքական պայքար էին ծավալել 2-րդ՝ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ մասնատելու և ԼՂՀ ստեղծելու տարբերակի հեղինակների՝ Տեր-Պետրոսյան Լևոնի և ՀՀՇ-ի դեմ:
Անշուշտ, բոլորիս համար հոգեհարազատ է 1-ին՝ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ տարբերակը: Դրանից բացի՝ պետք է խոստովանենք, որ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման տարբերակը փաստացի ձախողվել է: Միգուցե ժամանակն է ընդունել ձախողումը և կրկին անցնել 1-ին տարբերակի՞ն: Մանավանդ, որ 1989թ դեկտեմբերի 1-ից այս կողմ մեր երկրում փաստացի չկա ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ ունենալուն դեմ արտահայտվող որևէ քաղաքացի:
Իսկ դրոշ ներկելը, ճիշտն ասած, որևէ տարբերակի մեջ չի տեղավորվում»։

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան