Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արմեն Դանիելյանի գործով որոշում կայացնելու

ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արմեն Դանիելյանի գործով որոշում կայացնելու
212
Երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ., 22:06

Այսօր՝ մայիսի 1-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության քննությունը․ հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։
Դատավորին վերագրվում է «ՀՀ դատական օրենսգրքի» 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նորմի խախտում, այն է՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը:
Նիստի մեկնարկին Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ, դատավոր Արման Հովհաննիսյանը Խորհրդին ներկայացրեց միջնորդության բովանդակությունը, որից հետո ԲԴԽ անդամները հարցեր հղեցին կողմին:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրաժարվեց ինչպես հարցեր տալուց, այնպես էլ դրանց պատասխանելուց. փոխարենը դատավորը հանդես եկավ ելույթի խոսքով՝ Խորհրդին խնդրելով մերժել Հանձնաժողովի կողմից ներկայացրած միջնորդությունը:
Կողմերի դիրքորոշումները լսելուց և վարույթի քննության ավարտ հայտարարելուց հետո Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Այն կհրապարակվի մայիսի 12-ին՝ ժամը 15:00-ին: